Միասին ենք ու հաղթած, որովհետև արդարության կռիվը պարտություն չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ոստիկանության շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա առթիվ:

«Մայիսի 9-ի՝ ֆաշիզմի ջախջախման խորհուրդը քառորդ դար առաջ կրկնապատկվեց Շուշիի ազատագրմամբ, ապա եռապատկվեց Արցախի զինված ուժերի կազմավորումով… Պետություն, զորք, ժողովուրդ. այս միասնությամբ եղավ Արցախի ազատագրումը, հայ պետականության կայացումը, թշնամուն պարտադրված խաղաղությունը:

Քառորդ դար առաջ պատերազմ էր մեր հայրենիքում: Հիմա՛ էլ: Քառորդ դար առաջ, երբ բանակը դեռ կազմավորվում էր, սահմանին ուս ուսի կռվում էին աշխարհազորային ջոկատներն ու ոստիկանության ստորաբաժանումները: Հիմա՛ էլ բանակը, ոստիկանությունը, ժողովորդը եղբայրաբար են կիսում խրամատը, զինվորի հացն ու ծխախոտը, արկը, փամփուշտը, մահն ու հաղթանակը: Որովհետև այդ եռամիասնության անունը Զորք է: Ու մենք նույն Զորքն ենք, որ նույն ռազմավարական օբյեկտների անվտանգությունն է պաշտպանում, նույն թշնամուն է կանգնեցնում, նույն սահմանն է հսկում: Որովհետև երբ պատերազմը հայրենական է, սահման են և՛ ռազմաճակատը, և՛ թիկունքը: Որովհետև թիկունքին եղբոր ամրությունն ունեցող զինվորն է անպարտելի:

Այսօրվա պես՝ քառորդ դար առաջ էլ ոստիկան եղբայրը զինվոր եղբոր կողքին էր, իսկ թիկունքում կռիվ էր տալիս ամեն կարգի հանցագործ տականքի դեմ, որ չունեն հող, հայրենիք, սրբություն: Ոչինչ չի փոխվել. ո՛չ մեր անվտանգությանը սպառնացողը, ո՛չ մեր մարտական եղբայրությունը, ոչ էլ, ցավոք…

Ուրեմն կռիվը էլի ներսի ու դրսի վրա է: Եվ այդ խրամատում էլ միասին ենք՝ պետություն-զորք-ժողովուրդ: Միասին ենք ու հաղթած, որովհետև արդարության կռիվը պարտություն չունի: Վկա՝ Մայիսի 9-ի մեր Եռատոնը:  Վկա՝ սահմանին ամուր կանգնած մեր զինվորը: Վկա՝ նրա թիկունքն ամրացնող մեր ոստիկանը: Եվ նրանց ու բոլորիս վրա՝ մեր ժողովրդի պահպանիչ աղոթքն ու անսասան հավատը:

Շնորհավո՛ր բոլորիս Եռատոնը:

Հավերժ փա՛ռք հանուն հաղթանակի զոհված մեր եղբայրներին:

Խորին խոնարհում մեր հավատավոր ժողովրդին»:




Լրահոս