Վաղը Ստոկհոլմում կկայանա «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանյան մեր ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով ելույթ կունենա 7-րդ համարի ներքո: Վերջին տարիներին հանդիսատեսի քվեարկությունից բացի` լավագույններն ընտրվում են նաեւ մասնակից երկրների ժյուրիի կազմի գնահատականների արդյունքում: Այս տարի «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ժյուրիի նախագահը երգիչ, երգահան Հայկոն է, ով 2007 թվականին ներկայացրել է մեր երկիրը «Եվրատեսիլ»-ում:
Վերջինս «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկված են տարբեր մասնագետներ` սկսած երաժիշտներից` վերջացրած դիզայներներով. «Մասնագիտական խմբում կլինեն երաժիշտներ` ջազայինից մինչեւ ժողովրդական, երգիչներ, որոնք մասնակցել են միջազգային տարբեր մրցույթների: Նրանց թվում կլինեն երգիչ Էրիկը, դիզայներ Արեւիկ Սիմոնյանը, երաժշտագետ Նաիրա Գյուրջինյանը եւ այլք»,- ասաց Հայկոն:
Նրա խոսքով` շատ կարեւոր է, որ քվեարկության հարցում մեր քայլերը դիվանագիտորեն մշակվեն` միաժամանակ չանտեսելով օբյեկտիվության գործոնը:
Անդրադառնալով Իվետայի` մրցույթում հաղթելու շանսերին` Հայկոն նկատեց, որ նա եվրոպական երաժշտական նորագույն տենդենցներին շատ մոտ արտիստուհի է. «Ես շատ սիրում եմ Իվետային, նա իր ձայնով եւ մնացած բոլոր չափանիշներով համապատասխանում է համաշխարհային միտումներին, գեղեցկուհի է, մի խոսքով` «ֆիրմա» երգչուհի է: Իհարկե, շատ եմ կարեւորում մրցույթում Հայաստանի հաղթանակը, բայց առաջնային ցանկությունս այն է, որ Իվետան հիասքանչ ելույթ ունենա, ինչպես դա անում է փորձերի ժամանակ»,- նշեց նա:
Գլխավոր խորհուրդը, որ տվեց Հայկոն Իվետային, ելույթից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չմտածելն է. «Պետք է մոռանալ, թե քանի հոգի է քեզ հետեւում, թե ինչ պատասխանատվություն է դրված քո ուսերին, եւ արդյունքում կստացվի հիանալի ելույթ»,- շեշտեց նա:
Հայկոյի համոզմամբ` «Եվրատեսիլն» անկանխատեսելի մրցույթ է, որը չունի օրենքներ. «Առհասարակ, երաժշտությունն ընկալելը անմիջականորեն կապված է մարդու ճաշակի հետ եւ այդ առումով որեւէ նշաձող ու երաշխիք չկա. մի տարի հաղթում է ռոքը, մեկ այլ տարի` հաուսը կամ R&B-ն: Մեկ բան հստակ է` երգչի աստղը պետք է «բռնի» հանդիսատեսի հետ: Բացի այդ` պետք է կատարողն ինքը հաճույք ստանա իր ելույթից: Հիշում եմ` որոշ ժամանակ առաջ «Նոր ալիք»-ի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեվզինն ասում էր. «Երբ լուրջ ես ընդունում երգ գրելը, ոչ մի բան քեզ մոտ չի ստացվում, իսկ երբ հաճույք ես ստանում այն բանից, ինչ անում ես, հաստատ հաջողության ես հասնում»»,-մեկնաբանեց Հայկոն:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին: Այս տարի մրցույթին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: «Եվրատեսիլ-2016»-ի կարգախոսն է Come together (Միավորվենք):
Աննա Բաբաջանյան