Վերջին ողբերգությունը կարծես ստվերեց Սերժ Սարգսյանի՝ ամերկյան Bloomberg-ին տված հարցազրույցը: Չարամիտ դիտավորություն չփնտրելով՝ հարկ է մանրամասնորեն անդրադառնալ Սերժ Սարգսյանի այդ հարցազրույցի մի առանցքային դրվագին, որը վերաբերում էր 2011թ. կազանյան բանակցություններին: Սարգսյանն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարեց, որ ինքը պատրաստ էր ազատագրված 5 շրջան վերադարձնել Ադրբեջանին: Ստորեւ փորձենք պարզել, թե ինչ էր իրականում կատարվել Կազանում, եւ արդիական են արդյոք կազանյան առաջարկները:
Դեռեւս 2011թ. հունիսին Կազանում կայացած հանդիպումից առաջ տարբեր տեղեկատվական արտահոսքեր էին լինում, ըստ որոնց՝ կողմերը մոտ են համաձայնությանը առավել, քան երբեւէ: Միջնորդի առաջատար դերը ստանձնած ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախագահների եռակողմ մի քանի հանդիպումներից հետո ծրագրել էր Կազանում լրջագույն հաջողության հասնել: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ակնհայտ անտարբերության պայմաններում Ռուսաստանը կարծես իր համար «ջեք-փոթ» էր հայտնաբերել՝ համոզված, որ իր հովանու ներքո ընթացող բանակցություններում աննախադեպ առաջընթաց էր արձանագրվելու: Եվ հաշվի առնելով հենց ռուսական միջնորդության գերակայությունը՝ զարմանալի չէ, որ Ադրբեջանը գործընթացի նկատմամբ վերապահումներ ուներ՝ ի հեճուկս հայկական կողմի պատրաստակամության:
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի պնդմամբ էլ Ադրբեջանը մերժել է կազանյան առաջարկները փուլային հաջորդականության եւ խաղաղապահ առաքելության պատճառներով: Ադրբեջանը վերապահումներ է ունեցել հատկապես ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն ուղղման շուրջ, որով, եթե ԼՂ-ի շուրջ գտնվող 5 շրջանները անմիջապես վերադարձվելու էին Ադրբեջանին, ապա Քելբաջարն ու Լաչինը պիտի վերադարձվեին միայն հանրաքվեի անցկացումից հետո: Ըստ Ազիմովի՝ իրերի նման ընթացքը հուշում էր, որ այդ շրջանները երբեք էլ չէին վերադարձվելու իրենց: Ավելին՝ Ադրբեջանի համար անընդունելի է եղել Լավրովի մեկ այլ առաջարկություն, որով խաղաղապահ առաքելություն էր հատկացվելու ոչ թե ԵԱՀԿ երկրների զինված ուժերին, այլ ՄԱԿ-ին: Ազիմովի կարծիքով՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձեւին (2011թ.-ին Լիբիա ներխուժելու մասին) ցուցաբերած աջակցության փոխհատուցում՝ Միացյալ Նահանգները կհամաձայնի, որ շփման գծում խաղաղապահ ուժերի գերակշիռ մասը կազմեին ռուսները: Ադրբեջանցի պաշտոնյայի գնահատմամբ` ռուսական զորքերի տեղակայումը ավարտին կհասցներ Հարավային Կովկասում ռուսական ռազմական տիրապետության վերջնական հաստատումը: Եթե ռուսական խաղաղապահները տեղակայվեին շփման գծում, իսկ Ադրբեջանն էլ հանկարծ բավարարված չլիներ գործընթացով, հարցի լուծման ռազմական ճանապարհը այլեւս կկորցներ իր իմաստը, քանզի Ադրբեջանը ռազմական էսկալացիայի մեջ հարկադրված պիտի ներքաշվեր ընդդեմ Ռուսաստանի:
Հայտնի փորձագետ Թոմաս դը Վաալը Կազանում Ալիեւի մերժումը բացատրում է այն մտայնությամբ, որ տիրում է Ադրբեջանի քաղաքական վերնախավում: Ըստ այդմ, Ալիեւը փորձում էր գործընթացին մասնակից դարձնել ամերիկացիներին ու ֆրանսիացիներին, որպեսզի խաղաղապահներ գային նաեւ Եվրոպայից: Վաալն առավել հավանական է համարում, որ Ալիեւը վիժեցրել է Կազանի համաձայնությունը՝ ելնելով այն համոզմունքից, որ բանակցային գործընթացին զուգընթաց մեծանում է Ադրբեջանի տնտեսական հզորությունը, որը կավելացներ ձեռքբերումների աստիճանը: Ինչ էլ որ լիներ պատճառը, կարծում ենք՝ Ալիեւը մեծ սխալ է թույլ տվել՝ չհամաձայնելով Կազանի փաստաթղթին: Ազիմովի վերոհիշյալ պնդումներից պարզորոշ է դառնում, որ փուլային լուծում ապահովող համաձայնագրի ցանկացած էտապում Ադրբեջանը կարող է «պատահաբար» եզրակացնել, որ գործընթացն իրեն չի բավարարում: Նման իրավիճակում, երբ առանց Արցախի կարգավիճակի մասին նվազագույն իսկ հստակության Սերժ Սարգսյանը պատրաստ էր 5 շրջան զիջելու, Ադրբեջանի հրաժարվելը պարզ հիմարություն է թվում:
Սակայն ապրիլյան ձախողված ռազմական գործողությունները, կարծես, հասկացրին Ալիեւին, որ Կազանի փաստաթուղթն իր համար այնքան էլ վատը չէր: Այստեղ էլ դրսեւորվում է Լավրովի՝ օրերս կայացած միջնորդության յուրահատկությունը: Լավրովը ռազմական գործողությունների անմիջապես ավարտին Բաքվում հայտարարեց, որ սեղանին փաստաթուղթ կա, իսկ, ահա, նրա հայաստանյան այցից առաջ ռուսական մամուլը շառաչում էր նոր առաջարկների մասին լուրերով: Շեշտելի է, որ ՌԴ ԱԳ նախարարը երեւանյան ասուլիսում դիվանագիտորեն նշեց, որ Հայաստանն ԸՆԴՈՒՆԵԼ է կազանյան փաստաթուղը: Ենթադրում ենք, որ Լավրովը եկել էր Երեւան հենց նույն առաջարկներով, որին, դատելով ամեն ինչից, արդեն համաձայնել է Ալիեւը: Լավրովի այցի շուրջ ադրբեջանական էյֆորիան թույլ է տալիս կարծելու, որ Ալիեւը հանգել է փուլային նվաճումների տարբերակին: Ի վերջո, Ադրբեջանն առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, միանվագ ստանում է 5 շրջան: Դրանից հետո Ալիեւին ոչ մի միջազգային երաշխիք չի կարող կաշկանդել, որ նա հանկարծակիորեն հրաժարվի համաձայնագրերից ու ռազմական գործողությունների անցնի արդեն Հայաստանի դեմ: Ի վերջո, 1994-95թթ. զինադադարի պայմանագրերը Ադրբեջանը անարգել խախտում է նաեւ այսօր` աշխարհից որեւէ հակազեդցություն չստանալով: Դեռ մի բան էլ ՄԱԿ-ը Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը անցկացնում է գլխատումներն ու զազրելի մարդասպանությունները հովանավորող Բաքվում:
Իսկ, ահա, Հայաստանի պաշտոնական տեսակետը եւ Bloomberg-ի առաջ Սերժ Սարգսյանի անկեղծացումները թույլ են տալիս հուսալ, որ Կազանի փաստաթուղթը հայկական կողմի համար այլեւս ժամանակավրեպ է: Սարգսյանը նաեւ բացառել է ռուսական խաղաղապահների հայտնվելը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչը նշանակում է, որ կազանյան փաստաթղթի առանցքային կետերից մեկն ի չիք է դառնում: Ի դեպ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Լավրովն անթաքույց կերպով Արցախի հարցի բեռը բարդեց ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերմանիայի վրա՝ անուղղակիորեն հավաստելով, որ Կազանի փաստաթուղթը այլեւս պիտանի չէ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ամբողջ արդյունաբերությունը 9.9 տոկոսով աճել է: Հիմնականում աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերության ու բացհանքերի շահագործման ոլորտում՝ 41.5 տոկոս: Իսկ, ահա, մշակող արդյունաբերությունը, հակառակը, 4.7 տոկոսով նվազել է: Սննդամթերքի արտադրությունը այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնպես նվազել է 6.1 տոկոսով: Իսկ խմիչքների արտադրությունը 5.7 տոկոսով աճել է, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունն էլ ամբողջ 47.3 տոկոսով է ավելացել: ԱՎԾ-ի տվյալներով՝ մանագործական արտադրատեսակների արտադրությունը 47.6 տոկոսով նվազել է, իսկ հագուստի արտադրությունը՝ 43.4 տոկոսով ավելացել:
Աճել են նաեւ քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրության ծավալները՝ 15.6 տոկոս: Ի դեպ, նշենք, որ դեղագործական արտադրանքի արտադրությունը նույնպես աճել է՝ 3.1 տոկոս: Հավանաբար, այս ոլորտում գրանցված աճը պայմանավորված է տեղական դեղերի տեսականու ավելացմամբ: Բացի այս, հաշվի առնելով բնակչության սոցիալական վատ վիճակը՝ լայնորեն սպառվում են տեղական արտադրության դեղամիջոցները, քանի որ դրանք համեմատաբար էժան են:
Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է կահույքի արտադրությունը՝ 34.2 տոկոսով: Իսկ, ահա, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը 3.2 տոկոսով նվազել է: Վերոնշյալ ժամանակահատվածում աճել է նաեւ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումը՝ 21.2 տոկոսով: Նշվածից 31.4 տոկոսով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, դրա հաղորդումն ու բաշխումը: Գազի արտադրությունը, հակառակը, 3.5 տոկոսով նվազել է: Իսկ ջրամատակարարումը, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը աճել է 10 տոկոսով: Հետաքրքիր է, որ թեեւ ԱՎԾ-ն խմիչքների արտադրության ոլորտում արձանագրել է 5.7 տոկոսի աճ, սակայն եթե առանձին ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ գարեջրի, գինու, օղու, շամպայնի արտադրության ծավալները այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են: Հավանաբար խմիչքների արտադրության աճի մեջ իր դերակատարությունն ունի կոնյակի արտադրության ծավալների աճը՝ 28.8 տոկոսով:
Ի դեպ, սննդամթերքի արտադրության նվազումը պայմանավորված է մսի՝ 5.3, մսամթերքի, ներառյալ երշիկեղենի՝ 1.2, հացի արտադրության ծավալների 2 տոկոս նվազումով: Բացի այս՝ սննդամթերքի ընդհանուր արտադրության ծավալներում 9.7 տոկոսով նվազել է պահածոների արտադրությունը, իսկ մակարոնեղենինը նվազել է 16.5 տոկոսով, ալյուրինը՝ 26.9 տոկոսով: Սննդամթերքի արտադրության նվազումը ուղիղ կապ ունի բնակչության թվի նվազման եւ գնողունակության անկման հետ: Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստանից շուրջ 48 հազար քաղաքացի անվերադարձ հեռացել է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐ` ՏԱՎՈՒՇԻ ԵՐԿՆՔՈՒՄ
Ապրիլի 26-ի երեկոյան ադրբեջանական 2 անօդաչու սարք է պտտվել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի երկնքում՝ Ակնաղբյուր գյուղի վրա:
Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց անօդաչու սարքերի մասին տեղեկությունը՝ հավելելով, որ Ակնաղբյուրի բնակիչները, անօդաչու սարքերը տեսնելով, ամենեւին խուճապի չեն մատնվել, ադրբեջանական սարքերի թիրախ չդառնալու համար հանգցրել են իրենց առանձնատների լույսերը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հայ զինծառայողները կրակ բացելով՝ անօդաչու սարքերից մեկը խոցել են: Սակայն այդ տեղեկությունը հաստատված չէ: Այս դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար ապրիլի 26-ի երեկոյան եւ ապրիլի 27-ի ցերեկը բազմիցս զանգահարեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:
Հավելենք, որ ադրբեջանական անօդաչու սարքերն առաջին անգամ չեն հայտնվում սահմանամերձ Տավուշի մարզի երկնքում: 2015 թ. հոկտեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 22.30-ի սահմաններում, մոտ 10 րոպե տեւողությամբ անօդաչու 2 սարքեր պտտվում էին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի երկնքում: Իսկ դրանից առաջ էլ` 2014 թ., օրը ցերեկով անօդաչու սարք էր հայտնվել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանագոտին պաշտպանող զորամասի վրա: Այն եւս թռել էր մեծ բարձրության վրա: Չնայած մեր սահմանապահների բազմաթիվ կրակոցներին, ադրբեջանական սարքը կարողացել էր անվնաս հեռանալ: Ըստ զինվորականների՝ հրաձգային զենքերից անօդաչու թռչող սարքեր խոցելը մեծ դժվարություն է ներկայացնում, դրանց դեմ պայքարում են բարձր տեխնոլոգիաների մասնագետների օգնությամբ, ովքեր կարողանում են հակառակորդի անօդաչու սարքերը կառավարելով՝ անվնաս ցած իջեցնել: Տավուշի մարզի երկնքում հայտնված ադրբեջանական թռչող սարքերն, հավանաբար, հետախուզական առաջադրանք էին կատարում: Դրանք լուսանկարում են մեր պաշտպանական դիրքերը, նաեւ այն օբյեկտները, որոնք հետագայում ադրբեջանական ռմբակոծության թիրախ կարող են դառնալ: Այդպիսով` հերթական անգամ խախտվել է ՀՀ օդային տարածքը, սակայն դժվար թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարձագանքի իր անդամ երկրի սահմանների վրա եւս մեկ ոտնձգությանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ