Կառավարության` մայիսի 11-ի նիստում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծավալուն ելույթ էր ունեցել և անդրադարձել քառօրյա պատերազմի հետևանքով էլ ավելի ակնառու դարձած խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը հատկապես կարևորել էր կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը: Վարչապետի հայտարարության շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ:
– Պարոն Հարությունյան, ի՞նչ ենթատեքստներ էին պարունակում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, և ո՞ւմ էր ուղղված այն:
– Վարչապետի արած հայտարարության բովանդակությունը և էությունը գնահատելիս պետք է հաշվի առնենք, որ դեռևս ընթացիկ տարվա փետրվարին նախագահ Սարգսյանը հանդես է եկել ծրագրային ելույթով, որտեղ կապված նոր Սահմանադրության ընդունմամբ որակապես նոր իրավաքաղաքական իրավիճակի ձևավորման հետ, առաջ էր քաշել հանրային կյանքն առողջացնելու, կառավարման համակարգը արդյունավետ դարձնելու, քաղաքական համակարգն արդիականացնելու լուրջ խնդիրներ, քայլեր:
Եվ, ըստ էության, դեռևս փետրվարի 12-ից հետո կառավարությունը, գործադիր իշխանությունը, քաղաքական կուսակցությունները, մասնավորապես` Հանրապետականը, քայլ առ քայլ ձեռնամուխ են եղել այդ ծրագրային ելույթում առկա դրույթների իրականացմանը: Հիմա քառօրյա պատերազմը մեկ բան փաստեց. այդ ծրագրային դրույթները պետք է բավականին արագացնել: Քառօրյա պատերազմը յուրօրինակ կատալիզատորի դեր խաղաց, որ այդ բարեփոխումներն այլևս անհետաձգելի են: Եվ կառավարությունը ձեռնամուխ է լինում իր կարծիքով ամենահրատապ խնդիրների կարգավորման: Այն, ինչ որ վարչապետն ասել է իր ելույթում, ոչ այլ ինչ է քան նախագահի ծրագրային ելույթի իրականացման հերթական քայլ:
– Բայց Սարգսյանի ելույթից մինչ այժմ Դուք տեսնո՞ւմ եք դրական առաջընթաց` իր մատնանշած խնդիրների լուծման մեջ:
– Իհարկե, տեսնում եմ: Մեկ օրինակ եմ ուզում բերել, որի իմաստը միանգամից չի նկատվում, այլ` աստիճանաբար: Գաղափար դնելը, գաղափար առաջ քաշելը շատ կարևոր պայման է, բայց բավարար պայմանն այն է, երբ կան կադրեր` դրանց կատարման համար: Ուշադրություն դարձնենք նախագահի վերջին նշանակումներին` արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյան, ՄԻՊ Արման Թաթոյան, ԴԱՀԿ նոր պետ, և նախկինին հեռացրեցին կապված պանամական փաստաթղթերի աղմուկի հետ:
Տեսեք` մարդը պաշտոնանկ արվեց և նրան փոխարինեց Արմեն Հարությունյանը: Իմ թվարկածները մարդիկ են, որոնք ոչ միայն աչքի են ընկնում իրենց մասնագիտական որակներով, ժամանակակից կրթությամբ և գիտելիքներով, այլև անբասիր անցյալով, և իրենք իրենց կենսագրությամբ կաշկանդված չեն: Սա շատ լուրջ հարց է, և հանրապետության նախագահը քայլ առ քայլ փորձում է առաջ քաշել խոստումնալից կադրերի, որոնք կարող են գնալ բավականին խիզախ որոշումների կայացման:
– Վարչապետն իր ելույթում առանձնացրեց մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարը: Այստեղ դրական տեղաշարժի հնարավորությո՞ւն տեսնում եք:
– Մենաշնորհների դեմ պայքարը բավականին կարևոր խնդիր է: Ցավոք սրտի, այս խոցը այնպիսի արատ է, որ ուղեկցում են մեզ դեռևս 90-ականներից սկսած: Կոռուպցիան և մենաշնորհներն այնպիսի արմատներ են գցել, որոնց միանգամից մեկ հարվածով դժվար է վերացնել: Բայց այդ երևույթների դեմ առնելու, դրանց չեզոքացնելու ուղղությամբ քայլեր կատարվել են և պետք է կատարվեն: Ես մի քանի օրինակ բերեմ կոռուպցիայի դեմ պայքարից. եթե Դուք վերցնեք Համաշխարհային բանկի փորձագետների եզրակացությունները, թե որ ոլորտներն են կոռումպացված, ապա կարող ենք առանձնացնել դատական համակարգ, ճանապարհային ոստիկանություն, հատկապես` մեքենաների գրանցում, կադաստր, նոտարական ծառայություն, հարկային մարմիններ:
Սրանք այն ոլորտներն են, որոնք մատնանշել են փորձագետները, սակայն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք նոտարական համակարգում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որ այլևս նոտարական ծառայությունը վաղուց դադարել է կոռուպցիոն դիտվելուց: Կադաստրի վերջին փոփոխությունները, ըստ էության, ամբողջովին բացառեցին այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները: Կատարվել են այնպիսի քայլեր, որոնք ըստ էության նվազեցնում են կոռուպցիոն ռիսկերը: Բայց նույնիսկ այդ ամենի պայմաններում մենք արդյո՞ք կարող ենք ասել, որ կոռուպցիան մեզանում էապես նվազել են, իհարկե` ոչ: Դրա համար էլ վարչապետն ասում է` թեպետ դրական տեղաշարժեր կան, անշուշտ դրանք բավարար չեն, այդ պատճառով ավելի եռանդուն քայլեր պետք է ձեռնարկել: Քառօրյա պատերազմը հենց դա ցույց տվեց, որ այլևս ժամանակ չկա սպասելու:
– Ո՞ր ոլորտներում եք կոռուպցիոն ամենամեծ ռիսկերը տեսնում:
– Դատական համակարգում դեռևս լուրջ խնդիրներ կան: Մենք անելիքներ ունենք մաքսային ծառայությունում: Լուրջ քայլեր են սրանք, բայց դժվար իրականանալի: Բայց նախագահը գնում է այդ քայլերին, և, նոր Սահմանադրությամբ պայմանավորված, հիմնական խնդիրները դրել էր իշխանության առջև, սակայն այդ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հապաղելն այլևս անթույլատրելի է:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը