«ԱՆԻՄԱՍՏ ՓԱՌՔԸ ՄԵԶ ՉԻ ՓՐԿԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է հայ հայտնիների հետ բլից-հարցազրույցների շարքը: Այս կերպ մենք ընթերցողներին կօգնենք բացահայտել մեր զրուցակիցների անհատականությունը, ծանոթանալ նրանց անցած ուղուն, նախընտրություններին, բացահայտել նրանց բոլորովին այլ «ռակուրսից»: Այս անգամ զրուցել ենք բազում հիթերի խոսքերի հեղինակ, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ:

-Ավե՛տ, Դուք ե՞րբ եք ծնվել (խոսքը կենսաբանական ծնունդի մասին չէ):
-Ցավոք, իմ ծնունդը կապված է շատ մեծ տրագեդիայի հետ` հորս մահվան: Հոգեկան աշխարհի այդ ցնցումից հետո սկսեցի էզոթերիկ, հոգեվերլուծական, փիլիսոփայական գրականությանը մոտենալ: Հենց այդ ժամանակահատվածում էլ, կարելի է ասել, ես ծնվեցի:
-Ձեր մասնագիտական ճանապարհին հանդիպած ճակատագրական մարդիկ:
-Արթուր Գրիգորյան, Անիտա Հախվերդյան, Վախթանգ Կարախանյան, Ռուբեն Ջաղինյան, Արմեն Ամիրյան. նրանք բոլորն ուղղորդել, օգնել են ինձ իմ կարիերայում, եղել են կողքիս:
-Ձեր ամենահիթային, հաջողություն գրանցած երգը:
-Դժվարանում եմ ասել, մոտավորապես 600 երգի հեղինակ եմ, որոնցից շատերը տարբեր ժամանակներում եղել են հիթեր, բայց եթե ասեն` դրանցից մեկը պետք է ուղարկես տիեզերք, դա կլինի Անդրեի համար գրած «Իմ սերը քեզ» երգը:
-Իսկ ամենահոգեհարազա՞տ ստեղծագործությունը:
-Հենց «Իմ սերը քեզ»-ը, նաեւ` Անի Քրիստիի համար գրած «Իմ լռություն»-ը: Ունեմ մեկ այլ հոգեհարազատ երգ, որը պայքար է մղում` «Պռեգոմեշ»-ը, մի ուրիշ երգ կա, որ շատ մոտ է սրտիս` Արամեի «Հայրիկ»-ը, երբ ուզում եմ շատ սիրել երկիրս, «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»-ն եմ լսում: Սրանք բոլորը իմ տարբեր հոգեվիճակների արտացոլումն են:
-Կոլեգաների շրջանում ընդունված մի բան, որը Ձեզ համար երբեք չդարձավ սովորական:
-Երեւի` նախանձը, կլինի դա պրոֆեսիոնալ, թե մարդկային: Երբեք սովորական չի դառնում նաեւ անիմաստ կծոցը, քաղցր խոսքերից ու գովասանքից րոպե չանցած` չար բամբասանքը. ամեն անգամ նման երեւույթի հանդիպելիս մանկան պես հուզվում եմ, կապ չունի` իմ հանդեպ կլինի, թե մեկ ուրիշի:
-Մի բան, որ պարզապես չեք հասցնում:
-Չեմ հասցնում օրվա ընթացքում շատ ավելի շփվել կարեւոր մարդկանց հետ` ընտանիքիս անդամների: Գործնական վազքի մեջ ենք, վազում ենք, որ հասնենք անիմաստ փառքի, որը մեզ չի փրկի. այդ թեման արծարծել եմ նաեւ «Իմ լռություն» երգում:
-Կա՞ մի իրողություն, որը քաղցր չէ, բայց Դուք դրան նայում եք ժպիտով:
-Այո, դա երեւանյան, հայաստանյան ներկայիս իրավիճակն է, մեր ապրելակերպը, որին եթե ժպիտով չնայես, կարելի է ուղղակի խելագարվել:
-Չեք կարող հարմարվել մենությանը, թե՞ մենակությանը:
-Հոգեւոր մենությանը: Մենակության հետ շատ վաղուց եմ հաշտվել, մենության հետ էլ էի սկսել հարազատորեն շփվել, բայց, փառք աստծո, դա անցավ:
-Սովորություն, որից հնարավոր չէ ձերբազատվել:
-Ահավոր մի սովորություն ունեմ` տգեղ եւ անցանկալի` ծխելը:
-Տղամարդկանց եւ կանանց շրջանում Ձեզ համար ամենաանտանելի որակները:
-Տղամարդու` ձեռքը փակ լինելը, ձեռքը գրպանը չտանելը ինձ կարող է ցնցել, ընդ որում, այս պարագայում սոցիալական վիճակը կապ չունի, իսկ կանանց դեպքում չեմ ընդունում, որ փորձում են առնանդամ ունենալ, այսինքն` նրանց այդ գերակտիվ վիճակը ավելի շատ ձանձրացնում է ինձ, քան զայրացնում:
-Մեր քաղաքի ամենասիրելի վայրը, ուր այցելում եք Ձեր կնոջ հետ:
-Կասկադն է երեւի, ընդհանրապես, Կասկադը Երեւանում իմ ամենասիրելի վայրն է:
-Ձեր ամենամեծ հաղթանակը:
-Դեռ առջեւում է:
-Ամենամեծ երազանքը:
-Առանց որեւիցե ժողովրդա-պոպուլիստական տեքստերի` այս օրերին դա, իսկապես, երկրի խաղաղությունն է: Կեցցեն մեր տղերքը, կեցցեն մեր մայրերը, ուրիշ բան չեմ կարող ասել, մնացածն արդեն ցույց եմ տվել իմ գործով` Արցախ մեկնելով եւ մտքերս թղթին հանձնելով:

 

 

 
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԴՈՎ ԱՇԽԱՏԵԼԸ ԴԺՎԱՐ Է»

Երգիչ Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան), ով հաճախ երգեր է գրում հայ հայտնի բանաստեղծների խոսքերի հիման վրա, ինչպես նաեւ հանրությանը ծանոթ մի շարք երգեր մատուցում է նորովի, «Ժողովուրդ»-ին պատմել է, որ այժմ արդեն աշխատում է «Հայուհի գեղեցիկ» երգի վրա, որը կմատուցի բոլորովին նոր, ժամանակակից գործիքավորմամբ. «Սա կլինի ոչ թե ռոքային, այլ ակուստիկ ոճի երգ, օրիգինալի համեմատ առկա է ռիթմային թեթեւ փոփոխություն: Գործիքավորման ընթացքում հիմնականում օգտագործվել են կիթառ եւ լարային գործիքներ»,- ասաց նա:

Վահագը տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում է «Հայ սուպեր-սթար 2» նախագծի ֆինալիստ, «Պրեմիերա 3»-ի մասնակից Նարե Գեւորգյանի հետ դուետ ձայնագրել` կոմպոզիտոր Սասուն Պասկեւիչյանի երաժշտությամբ եւ Սիլվա Կապուտիկյանի խոսքերով «Կարոտի պահին» երգի հիման վրա. «Ես ինքս առաջարկեցի Նարեին միասին կատարել այդ երգը, քանի որ այլ տարբերակ չգտա. նրա ձայնը բավական համահունչ է երգին»,- նկատեց Վահագը:
Հայ բանաստեղծներից Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի եւ այլոց խոսքերով երգեր ստեղծելուց հետո Վահագն արդեն անցել է ռուս պոետներին: Նա Իննոկենտի Աննենսկիի «Աշնանային ռոմանս» բանաստեղծության հիման վրա գրել է նոր մի երգ. «Ինձ հոգեհարազատ լեզուն, բնականաբար, հայերենն է, բայց պետք է նկատել, որ ռուսերենն էլ բավական երգեցիկ եւ բանաստեղծական լեզու է»,-նշեց նա:
Երգիչը տեղեկացրեց, որ արտերկրից համերգների հրավերներ ունի, բայց քանի որ «Վահագ Ռաշ» բենդի երաժիշտների մեծ մասը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվել է արտերկիր, դա եւ այլ ծրագրեր հնարավոր չի լինում իրականացնել. «Հայաստանում բենդով աշխատելն, առհասարակ, դժվար է, հատկապես, եթե խմբի անդամները կայացած երաժիշտներ են, նրանք ուզում են գումար աշխատել, իսկ կոնկրետ մեր բնագավառում այդ գումարը հաճախ բավական չի լինում նորմալ կյանքով ապրելու համար: Ուստի որոշել եմ հիմնական բենդ չպահել, այլ պարբերաբար համագործակցել երաժիշտների հետ»,-մեկնաբանեց նա:
Ի դեպ, մայիսին «Թանգարանային գիշեր» միջազգային գարնանային տոնի շրջանակում Վահագ Ռաշը փոքրիկ մենահամերգով հանդես կգա Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
SYSTEM OF A DOWN-Ն ՈՒ ԹԱՆԿՅԱՆԸ
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներն այսօր հանդես են գալիս առանձին, եւ երկրպագուները դեռ հնարավորություն չունեն լսելու նրանց նոր աշխատանքները։ Սակայն խմբի մենակատար, մեր հայրենակից Սերժ Թանկյանը RollingStone-ին տված հարցազրույցում պատմել է, որ այժմ համագործակցությունը քննարկման փուլում է։ News.am style-ի փոխանցմամբ` նա տեղեկացրել է, որ փորձ է արվում խմբի անդամների ստեղծած մեղեդիները, նյութերը մեկտեղել. «Դեռ չեմ կարող հստակ ասել՝ մենք միասին երգ կձայնագրենք, թե ոչ, բայց մի բան հստակ է՝ մենք նվագում ենք իրար համար եւ լսում միմյանց կարծիքները։ Սա շատ լավ է, կտեսնենք, թե ինչ կստացվի: Կարծում եմ՝ շատ լավ կլինի ինչ-որ նոր ուղղությամբ հանդես գալ, բայց այն պետք է յուրաքանչյուրիս հոգեհարազատ լինի, եւ հարկավոր է այնպես անել, որ ամեն մեկս ուրախ լինենք»- ասել է նա։

 

 

ԿՐԿԻՆ ՍԻՐԱՎԵՊ
Երգչուհի Ռիհաննան եւ ռեփեր Դրեյքը մի քանի ամիս է` գաղտնի հանդիպում են: People-ի փոխանցմամբ` աստղային զույգի սիրավեպը սկսվել է Ռիհաննայի «Work» երգի հոլովակի նկարահանումների ընթացքում: Լրատվամիջոցի աղբյուրը հայտնում է, որ նրանք իրենց հարաբերությունները թաքցնում են, քանի որ չեն ցանկանում հանրության ուշադրության եւ քննարկումերի կիզակետում հայտնվել:
Հիշեցնենք, որ Ռիհաննան ու Դրեյքը հանդիպում էին նաեւ ավելի վաղ, երբ երգչուհին բաժանվել էր բեյսբոլիստ Մեթ Քեմփից: Այդ հարաբերությունները, սակայն, երկար չտեւեցին:
Նշենք, որ Ռիհաննան հիմա համաշխարհային շրջագայության մեջ է, նրան ուղեկցում է նաեւ Դրեյքը:

 

 

ԴԵՄ ԵՆ  «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ԻՆ
Բրիտանացիների ավելի քան կեսը կցանկանար, որ իրենց երկիրը դուրս գար «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթից: Այդ մասին գրել է The Independent¬ը՝ վկայակոչելով YouGov հետազոտական գործակալության հարցման տվյալները: Հարցումն անցկացրել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի քաղաքացիների շրջանում: Ստացված տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիան մյուս երկրներից ավելի վատ է վերաբերում «Եվրատեսիլ»¬ին. հարցման մասնակիցների միայն 40 տոկոսն է հանդես գալիս մրցույթին երկրի մասնակցության օգտին: Դրա հետ մեկտեղ բրիտանացիների միայն 10 տոկոսն է «Եվրատեսիլ»¬ը դիտում հանուն երաժշտության, իսկ մեծամասնությանը պարզապես դուր է գալիս շոուն եւ հաղորդավարների մեկնաբանությունները:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան «Եվրատեսիլ-2016»-ին հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչ փուլում:




Լրահոս