ՀԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱԿ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀԱԿ քաղխորհուրդը եւ «ՄԻ-96» կուսակցության վարչությունը հայտարարություն են տարածել, որով «Փակ շուկա» հուշարձանի ավերման գլխավոր մեղավոր են «ճանաչել» ԲՀԿ-ին: Մինչդեռ տարիներ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր գնել այդ շուկան ու, հետագա բարդությունները կանխատեսելով, որոշ ժամանակ անց՝ 2011թ., այն վաճառել Սամվել Ալեքսանյանին:
Հայտարարությունում նշվում է. «Դեռեւս 2012թ.-ի հունիսին ՀԱԿ խմբակցության՝ «Փակ շուկայի ճակատագրի վերաբերյալ տեղական հանրաքվե» անցկացնելու մասին» նախաձեռնության առաջին տապալողը հենց ԲՀԿ-ն է եղել: Թերեւս, պատահական չէ նաեւ, որ այդ կուսակցությանը տեղից չի շարժում անգամ այն հանգամանքը, որ ՀՀԿ-ականները «Փակ շուկա»-ի խնդիրն օգտագործում են քաղաքացիական ընդհարումներ հրահրելու համար: Հավանաբար, չեն էլ հասկանում անգամ իրենց պատասխանատվությունն այս գործընթացներում»:
Հայտարարության հեղինակները հույս են հայտնել, որ ԲՀԿ անդամ մտավորականները կգիտակցեն այս հարցում իրենց կուսակցության վարած քաղաքականության հետեւանքները եւ միջոցներ կձեռնարկեն «Փակ շուկա» հուշարձանի իրական պաշտպանության ուղղությամբ:
Այս հայտարարությունից հետո հայտարարություն տարածեց նաեւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը` կեղծ համարելով ՀԱԿ քաղխորհրդի եւ «ՄԻ-96» կուսակցության վարչության համատեղ հայտարարությունը: «Հայտնում ենք, որ «Հայ ազգային կոնգրես»-ի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարությունները ինքնակոչության դրսեւորում են»:
Տեղեկություններ կան, որ նման հայտարարություններ տարածողները նպատակ ունեն ՀԱԿ-ի անունից «ցեխ» շպրտել ԲՀԿ-ի ուղղությամբ` այդ կերպ ցույց տալու համար նրանց «անհուսալի գործընկեր» լինելը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս