ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՍԱԾՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՔԱՅԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության` մայիսի 11-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծավալուն ելույթ էր ունեցել եւ անդրադարձել քառօրյա պատերազմի հետեւանքով էլ ավելի ակնառու դարձած խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը հատկապես կարեւորել էր կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարը: Վարչապետի հայտարարության շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ ենթատեքստեր էր պարունակում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը եւ ո՞ւմ էր ուղղված այն:
-Վարչապետի արած հայտարարության բովանդակությունը եւ էությունը գնահատելիս պետք է հաշվի առնենք, որ դեռեւս ընթացիկ տարվա փետրվարին նախագահ Սարգսյանը հանդես էր եկել ծրագրային ելույթով, որտեղ կապված նոր Սահմանադրության ընդունմամբ որակապես նոր իրավաքաղաքական իրավիճակի ձեւավորման հետ առաջ էր քաշել հանրային կյանքն առողջացնելու, կառավարման համակարգը արդյունավետ դարձնելու, քաղաքական համակարգն արդիականացնելու լուրջ խնդիրներ, քայլեր: Եվ, ըստ էության, դեռեւս փետրվարի 12-ից հետո կառավարությունը, գործադիր իշխանությունը, քաղաքական կուսակցությունները, մասնավորապես Հանրապետականը, քայլ առ քայլ ձեռնամուխ են եղել այդ ծրագրային ելույթում առկա դրույթների իրականացմանը: Հիմա քառօրյա պատերազմը մեկ բան փաստեց. այդ ծրագրային դրույթները պետք է բավականին արագացնել: Քառօրյա պատերազմը յուրօրինակ կատալիզատորի դեր խաղաց՝ ընդգծելով, որ այդ բարեփոխումներն այլեւս անհետաձգելի են: Եվ կառավարությունը ձեռնամուխ է լինում իր կարծիքով ամենահրատապ խնդիրների կարգավորմանը: Այն, ինչ որ վարչապետն ասել է իր ելույթում, ոչ այլ ինչ է, քան նախագահի ծրագրային ելույթի իրականացման հերթական քայլ:
-Բայց Սարգսյանի ելույթից մինչ այժմ Դուք տեսնո՞ւմ եք դրական առաջընթաց նրա մատնանշած խնդիրների լուծման հարցում:
-Իհարկե, տեսնում եմ: Մեկ օրինակ եմ ուզում բերել, որի իմաստը միանգամից չի նկատվում, այլ աստիճանաբար: Գաղափար դնելը, գաղափար առաջ քաշելը շատ կարեւոր պայման է, բայց բավարար պայմանն այն է, երբ կան կադրեր դրանց կատարման համար: Ուշադրություն դարձնենք նախագահի վերջին նշանակումներին` արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյան, ՄԻՊ Արման Թաթոյան, ԴԱՀԿ նոր պետ /պաշտոնակատար Ն. Հ/, եւ նախկինին հեռացրին կապված պանամական փաստաթղթերի աղմուկի հետ: Տեսեք` մարդը պաշտոնանկ արվեց, եւ նրան փոխարինեց Արմեն Հարությունյանը: Իմ թվարկածները մարդիկ են, որոնք ոչ միայն աչքի են ընկնում իրենց մասնագիտական որակներով, ժամանակակից կրթությամբ եւ գիտելիքներով, այլեւ անբասիր անցյալով եւ իրենք իրենց կենսագրությամբ կաշկանդված չեն: Սա շատ լուրջ հարց է, եւ հանրապետության նախագահը քայլ առ քայլ փորձում է առաջ քաշել խոստումնալից կադրերի, ովքեր կարող են գնալ բավականին խիզախ որոշումների կայացման:
-Վարչապետն իր ելույթում առանձնացրեց մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարը: Այստեղ դրական տեղաշարժի հնարավորությո՞ւն տեսնում եք:
-Մենաշնորհների դեմ պայքարը բավականին կարեւոր խնդիր է: Ցավոք սրտի, այս արատը, այս խոցը այնպիսի արատ է, որն ուղեկցում է մեզ դեռեւս 90-ականներից սկսած: Կոռուպցիան եւ մենաշնորհներն այնպիսի արմատներ են գցել, որոնք միանգամից մեկ հարվածով դժվար է վերացնել: Բայց այդ երեւույթների դեմ առնելու, դրանց չեզոքացնելու ուղղությամբ քայլեր կատարվել են եւ պետք է կատարվեն: Ես մի քանի օրինակ բերեմ կոռուպցիայի դեմ պայքարից. եթե Դուք վերցնեք համաշխարհային բանկի փորձագետների եզրակացությունները, թե որ ոլորտներն են կոռումպացված, ապա կարող ենք առանձնացնել դատական համակարգ, ճանապարհային ոստիկանություն, հատկապես` մեքենաների գրանցում, կադաստր, նոտարական ծառայություն, հարկային մարմիններ: Սրանք այն ոլորտներն են, որոնք մատնանշել են փորձագետները, սակայն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք նոտարական համակարգում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որ այլեւս նոտարական ծառայությունը վաղուց դադարել է կոռուպցիոն դիտվելուց: Կադաստրի վերջին փոփոխությունները, ըստ էության, ամբողջովին բացառեցին այդ ոլորտում կոռուպցիոն դրսեւորումները: Կատարվել են այնպիսի քայլեր, որոնք, ըստ էության, նվազեցնում են կոռուպցիոն ռիսկերը: Բայց նույնիսկ այդ ամենի պայմաններում մենք արդյո՞ք կարող ենք ասել, որ կոռուպցիան մեզանում էապես նվազել է, իհարկե, ոչ: Դրա համար էլ վարչապետն ասում է` թեպետ դրական տեղաշարժեր կան, անշուշտ դրանք բավարար չեն, այդ պատճառով ավելի եռանդուն քայլեր պետք է ձեռնարկել: Քառօրյա պատերազմը հենց դա ցույց տվեց, որ այլեւս ժամանակ չկա սպասելու:
-Ո՞ր ոլորտներում եք կոռուպցիոն ամենամեծ ռիսկերը տեսնում:
-Դատական համակարգում դեռեւս լուրջ խնդիրներ կան: Մենք անելիքներ ունենք մաքսային ծառայությունում: Լուրջ քայլեր են սրանք եւ դժվար իրականանալի: Բայց նախագահը գնում է այդ քայլերին եւ նոր Սահմանադրությամբ պայմանավորված հիմնական խնդիրները դրել էր իշխանության առջեւ, սակայն այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հապաղելն այլեւս անթույլատրելի է:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ». ԵՄ ԴԵՍՊԱՆ

Երեկ Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովը:

Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը եւ այլք:
Պյոտր Սվիտալսկին համաժողովի սկզբում նշեց, որ Հայաստանի համար կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ազգային միասնության առարկա, որն իր մեջ կներառի կառավարությունը, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը: «Ես կարծում եմ` այս միջոցառումը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դառնա Հայաստանի համար առաջնահերթություն: Կարող ենք հիշել վարչապետի վերջին հայտարարությունը, որով նա դժգոհություն հայտնեց կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից: Կարծում եմ, որ այս հարցը Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն ունի, սա ազգային անվտանգության հարց է Հայաստանի համար, կոռուպցիան թուլացնում է Հայաստանը», – ասաց նա:
Սվիտալսկին նկատեց, որ կառավարությունը մի շարք կարեւոր փաստաթղթեր է ընդունել, հակակոռուպցիոն խորհուրդ է ստեղծել եւ, իր կարծիքով, քաղաքացիական հասարակությունը եւ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ընդհանուր ընկալում ունեն: «Հայ ժողովուրդը տեսանելի ապացույցներ է ակնկալում, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջընթաց է ապրում»,- ասաց նա եւ նշեց, որ իրենք 15 միլիոն եվրո հատկացված գումար ունեն այս պայքարի շրջանակներում, սակայն այդ գումարը դեռ բաշխված չէ:
Դեսպանը հույս հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր ընթացք կստանա, եւ արդյունքները շոշափելի կլինեն: «Հուսով եմ, որ ձեռքբերումներ կլինեն: Հավատացած եմ, որ նախարարը կարեւորություն է տալիս այս հարցին, բայց մեզ պետք է գործողություն, փաստ, ձեռքբերումներ», – ընդգծեց ԵՄ դեսպանը:
Իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն էլ իր ելույթում նշեց, որ Հայաստանի հակակոռուպցիոն պայքարում ԵԱՀԿ գրասենյակն իր դերը տեսնում է աջակցություն տրամադրելու գործում: «Մենք խրախուսում ենք քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն այս բարեփոխումների մոնիտորինգի, վերահսկողության հարցում»,- ասաց նա:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը տալիս է եւ դեռ լուրջ պոտենցիալ ունի տալու իր արդյունքները: «Վերջին տարում բավական քայլեր են իրականացվել, եւ որոշակի առաջընթաց է արձանագրվել»,- նշեց նա` հավելելով, որ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, եւ հաստատվել է հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԳՈՐԾԱՐԱՐ  ԸՆՏԱՆԻՔԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանը անցած տարվա ընթացքում 140 մլն դրամ արժողությամբ արտադրական նշանակության շինություն եւ 43 մլն դրամով էլ հողամաս է գնել: Միաժամանակ պատգամավորը 150 մլն դրամով վաճառել է արտադրական նշանակության շինություն: Նա նաեւ 35 մլն դրամով վաճառել է իր «Lexus LX 5.7 GAS» մակնիշի ավտոմեքենա:
Տեղեկացնենք, որ Մխիթարյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 164 մլն դրամ եւ 115 հազար դոլար: Անցած տարեսկզբին նրա փոխառության գումարը կազմել է 259 մլն 643 հազար դրամ, որից 56 մլն 400 հազար դրամը վերադարձվել է: Իսկ տարեվերջին նրա փոխառության գումարը կազմել է 204 մլն 701 հազար դրամ: Որպես եկամուտ Մխիթարյանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 568 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացել է 24 մլն 352 հազար դրամը, 24.5 մլն դրամի եկամուտ էլ հայտարարագրել է որպես շահաբաժին:
Իսկ պատգամավորի կինը՝ Արմինե Միքայելյանը, չի զիջել ամուսնուն: Նա անցած տարի 29 մլն 520 հազար դրամով գնել է արտադրական նշանակության շինություն: Պատգամավորի տիկնոջ դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 33 մլն դրամ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ընդամենը 113 հազար դրամ:

 

 

ՈՐՈՇԵԼ ԵՆ ՉՊԱՏԺԵԼ
«Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության խորհուրդը քննել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությամբ մի քանի դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցեր: ՀՀ արդարադատության խորհուրդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ երեկ տեղի ունեցած նիստն անցկացրել է դռնփակ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ արդարադատության նախարարը ցանկացել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի երեք դատավորների՝ Աստղիկ Խառատյանին, Կարինե Հակոբյանին եւ Լեւոն Գրիգորյանին: Արդադատության նախարարության կարծիքով, նշված երեք դատավորները քաղաքացիական մի գործ քննելիս անօրինական գործողություններ են իրականացրել: Միջնորդությունը քննարկելուց հետո ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է կարգապահական վարույթը կարճել: Ասել է, թե դատավորները չեն պատժվի:

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳԻՆԸ
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ-ը տեղեկացավ, որ նախագահական նստավայրի աշխատակազմը Հայաստանի պետական բյուջեից 31 մլն 165 հազար դրամ է վճարել «Էրեբունի-Պլազա» հյուրանոցին՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համար նախատեսված տարածքի այս տարվա վարձակալության համար: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղակայված է նշված հյուրանոցի 6-րդ հարկում եւ զբաղեցնում է 236,1 քառակուսի մետր տարածք:




Լրահոս