ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ապրում եմ բազմաբնակարան շենքում: Ամեն ամիս համատիրությանը վճարում եմ սպասարկման վճար՝ 2760 դրամ, բայց շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքները կատարվում են բնակիչների միջոցներով: Օրենքով սահմանված է, որ համատիրության անդամներն իրավունք ունեն դուրս գալ համատիրությունից ցանկացած ժամանակ, եւ ես արդեն դուրս եմ եկել: Կարո՞ղ եմ սպասարկման վարձը չվճարել, այլ իմ միջոցներով կատարել բարեկարգման աշխատանքները:

Ռոզա Միրզոյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվ. 3-րդ մասի՝ շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են, շինության սեփականատերերի ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հաստատված նորմերից ելնելով, կատարել համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները: Վերոնշյալ դրույթը պատասխանում է այս հարցին: Դուք կարող եք չվճարել եւ Ձեր միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները:
Նշված օրենքի  7-րդ հոդվածի  9-րդ մասի համաձայն՝ շինության սեփականատերն իրավունք ունի նախօրոք, սույն օրենքով նախատեսված կարգով, իրազեկելով շենքի կառավարման մարմնին կամ շինության սեփականատերերին, իր ուժերով վերացնել ընդհանուր բաժնային սեփականության այն թերությունները, որոնք անմիջական վտանգ են սպառնում ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ անձանց գույքին, մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին: Նշված թերությունների վերացման ծախսերը պետք է հատուցվեն շինությունների սեփականատերերի կողմից այն չափով, որքան դրանք կլինեն հիմնավորված, համաչափ եւ չեն գերազանցի պատճառվելիք վնասի չափը թերությունները չվերացնելու դեպքում:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ քաղաքացին նախընտրում է շենքի բարեկարգման աշխատանքներն իր ուժերով կատարել՝ թեկուզ վճարելով ավել գումար, քան ամսական 2760 դրամ վճարել համատիրությանն ու արդյունքում տեսնել, որ ոչ մի աշխատանք էլ չի իրականացվում: Ակնհայտ է, որ ԺԵԿ-երի վերացումից հետո ՀՀ-ում այդպես էլ չկայացան համատիրությունների ինստիտուտները, ինչպես եւ շատ այլ դեպքերում:




Լրահոս