ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս կարող եմ որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ իմանալ:
Ռիմա Սանթրոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հաշվառված որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարանի աշխատակազմ կամ նախարարություն, իսկ հաշվառված որդեգրել ցանկացող ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները եւ օտարերկրացիները՝ կենտրոնական մարմին: Հաշվառված որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացին եւ օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին՝ նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար: Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում:
Այն դեպքերում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել ՀՀ սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ, երբ երեխայի ծնողների եւ որդեգրել ցանկացող անձի (անձանց) միջեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն, որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը: Այդ դեպքերում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում:
Որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2013թ. 241 մարդ պաշտոնապես գրանցված է եղել որպես որդեգրողի թեկնածու: Նրանցից 141-ը արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ 97-ը՝ Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ:
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: