«Արթիկ» ՔԿՀ գահընկեց արված «զոն նայողը» հասավ իր նպատակին. նա վերադարձել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է քրեակատարողական հիմնարկներում դժգոհության և անհնազանդության պատճառ կարող է դառնալ ոչ միայն անազատության մեջ գտնվողների իրավունքների խախտումը, այլև նրանց որոշ բախտակիցների արտոնություններ տալը:

Բանն այն է, որ, այսպես կոչված, «զոն նայողի» ինստիտուտը մշտապես տարակարծությունների տեղիք է տվել, բոլոր ժամանակների հայրենի նախարարներն ուղղակի կամ անուղղակի հերքել են դրա գոյության փաստը, իսկ ահա կալանավայրերում հայտնվածները կա՛մ գոհունակությամբ են խոսել այդ երևույթի մասին, կա՛մ՝ ընդհակառակը: Իսկ սա հիմնականում կապված է լինում «զոն նայողի» կերպարի հետ:

ArmLur.am-ն ավելի վաղ մի զազրելի, ինչու չէ՝ նաև սրբապիղծ երևույթի էր անդրադարձել՝ կապված «Արթիկ» ՔԿ հիմնարկում Նորագյուղցի Նվերիկ մականվամբ հայտնի Նվեր Կիրակոսյանի կողմից քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի (Լևոն Ղազարյան) և ընկերների սպանությունը նշելու հետ:

Մասնավորապես, հայտնել էինք, որ քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Նվեր Կիրակոսյանը այնտեղ պատիժ կրող դատապարտյալներին, այսպես ասած, «աչքալուսանք» էր տվել այն առիթով, որ իրեն նման բարձր «պաշտոն շռայլած» Օշականցի Գևորիկին (Գևորգ Մելիքյան) ապտակողն արժանի պատասխան է ստացել: Այս հանգամանքը, ըստ տարածված լուրերի, զայրացրել և վրդովեցրել էր քրեական աշխարհի մի շարք ներկայացուցիչների:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս դեպքից հետո, ինչպես ընդունված է ասել քրեական աշխարհում, Նորագյուղցի Նվերիկը «գահընկեց» էր արվել, ապա՝ տեղափոխվել «Գորիս» ՔԿՀ: Որոշ ժամանակ այստեղ մնալուց հետո նրան կրկին տեղափոխել են, այս անգամ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:

Սակայն սույն դատապարտյալը ամեն քայլի դիմել է կրկին «Արթիկ» ՔԿՀ վերադառնալու համար: Եվ ահա, նախորդ շաբաթ նա հասել է իր նպատակին: Հիմնարկի ներսում լուրեր են շրջանառվում, որ նրան հաջողվել է որոշակի գումարի դիմաց տեղափոխվել «Արթիկ» ՔԿՀ: Որքանով է սա ճիշտ, դեռևս պարզել չհաջողվեց, սակայն ակնհայտ է, որ ապօրինություն կատարվածում, այդուհանդերձ կա:

Այսպես, հայտնի է, որ «Արթիկ» ՔԿՀ-ում գործում են պատժի կրման կիսաբաց, կիսափակ և փակ ռեժիմները: Մեզ հաջողվեց պարզել, որ Նվեր Կիրակոսյանը պատիժը կրում է փակ ռեժիմով: Սակայն սա միայն ձևական բնույթ է կրում:

Մի քանի դատապարտյալներ մեզ հայտնեցին, որ Ն. Կիրակոսյանի խցի դուռը մշտապես բաց է, նա իր ցանկացած ժամին և ցանկացած օր կարողանում է ներս ու դուրս անել՝ երբեմն իր խուց չվերադառնալով: Իսկ այն գտնվում է 4-րդ մասնաշենքում, խուցը 12-րդն է: Ի դեպ, այս խցում են գտնվում նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ սպանության մեղադրանքով դատապարտված Վահե Ղուկասյանը և ոմն Հովսեփ, ում որոշ ժամանակ առաջ կրկին մեղադրանք է առաջադրվել արտասահմանից թմրանյութեր պատվիրելու և իրացնելու համար:

Այս անկառավարելի վիճակը, պարզվում է, հարուցել է ոչ միայն հիմնարկի «բնակիչների», այլև աշխատակիցների դժգոհությունը: Ավելին, Նորագյուղցի Նվերիկը հաճախ ստիպված է լինում ինքնապաշտպանվել՝ միաժամանակ խցերում ծեծի ենթարկելով այլ դատապարտյալների:

Այստեղ խնդիրն այն է, թե ինչպես է օրինազանց դատապարտյալին հաջողվել վերադառնալ իր նախկին պատժիչ հիմնարկ. ով կամ ովքեր են տվել թույլտվությունը, որ կառույցն է պատասխանատու այս ամենում:

Հարկ ենք համարում նկատել, որ կալանավայրերում ՔԿ վարչության կենտրոնական տեղաբաշխման հանձնաժողովն է կայացնում տեղափոխությունների համապատասխան որոշումները: Իսկ հիշյալ հանձնաժողովի նախագահը ՔԿ վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանն է: Վերջինս հայտնի է որպես Նորագյուղցի Ֆառ անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մտերիմ:




Լրահոս