ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԿԱՏԵՑԻՆ
Երբ «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ Իշխան Զաքարյանը բոյկոտում է ՀՀ կառավարության նիստերը եւ ԱԺ-ում ներկայացրած իր հայտնի հաշվետվությունից ու դրան հաջորդած խորհրդակցությունից հետո չի մասնակցում գործադիրի աշխատանքներին, իրավիճակն անմիջապես փոխվեց: Երեկ ՀՀ կառավարության նիստին բարեհաճել էր ներկայանալ ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը՝ թերեւս ցույց տալու իր հավատարմությունը վարչապետին:

ՎԱՐՈՐԴԻ ԴԵՄ
Սեպտեմբերի 12-ին Արարատի մարզում կրակոցներ էին հնչել: Ըստ ոստիկանության տեղեկության` անհայտ քաղաքացին այդ օրը` ժամը 20:40-ին, զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդել, որ Երեւան-Մասիս ավտոճանապարհին «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իրար վրա կրակում են: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նշված մեքենան պատկանում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քաղաքացին, որի դեմ մահափորձ են ցանկացել իրականացնել, «Հայբիզնեսբանկ»-ի վարորդն է: Նրա անունն Էդգար է: Բանկից մեզ հայտնեցին, որ կրակոցների հիմնական պատճառն անձնական խնդիրներն են եղել:

ԹԻՄ Է ՍՏԵՂԾՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանն աշխատանքից հեռացրել է համայնքի միակ մանկապարտեզի տնօրեն Մաքրուհի Ազարյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա իր քայլն այսպես է բացատրել. «Մենք ուզում ենք մեր կրուգով աշխատել»: Տպավորություն է, թե նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանը կա՛մ այնպիսի վիճակ է ստեղծում, որ համայնքապետարանի աշխատակիցներն են հրաժարվում իր հետ աշխատել, կա՛մ էլ տեսնելով, որ շատերը ինքնակամ հրաժարական չեն տալիս, ինքն է հեռացնում:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը պարզաբանում խնդրեց Ա. Մուրադյանից, սակայն պարզաբանում տալու փոխարեն նա համառորեն պահանջում էր իրեն հայտնել, թե ով է այդ տեղեկությունը մեզ փոխանցել. «Նման բան չկա, ինքը հեռացել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից իր սեփական դիմումի համաձայն»: Նշենք, որ մանկապարտեզի նոր տնօրեն է նշանակվել գյուղապետի «կրուգի» ներկայացուցիչ Սուսաննա Հովհաննիսյանը:

«32»-Ը Հ1-Ո՞ՒՄ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «32 ատամ» ակումբի հաղորդումներն այսուհետ եթեր են հեռարձակվելու Հանրային առաջին ալիքով: Իսկ Հ1-ի նոր եթերաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 22-ից: Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «32 ատամ» ակումբը հեռանալու է «Արմենիա» հեռուստաընկերությունից: Սակայն ակումբի գլխավոր պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը մեզ հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը: Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին դիմեց Բաբաջանյանին՝ ճշտելու՝ «32 ատամ»-ը եթեր հեռարձակվելու է Հ1-ով, թե ոչ, սակայն նա կրկին հերքեց. «Ձեր տեղեկությունները սխալ են: Առաջիկայում կիմանաք»:




Լրահոս