ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակն է. Ալիևի հայտարարությունը Բեռլինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այսօր Բեռլինում գերմանա-ադրբեջանական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Գերմանիան և Ադրբեջանը լավ գործընկերներ են: Մենք համագործակցում ենք մի շարք ոլորտներում: Մեր տնտեսության և մեր երկրի հետագա զարգացման համար կայունությունն ու անվտանգությունը կարևոր են, ինչպես և ցանկացած այլ երկրի համար»,-առաջնահերթ ընդգծել է Ալիևը:

«Ադրբեջանն ավելի քան 20 տարվա ընթացքում ապրում էր խաղաղ, երբ դրանից հետո 1994թ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար կնքվեց: Մենք խաղաղ էինք ապրում: Սակայն այդ հրադադարը փխրուն է, և շփման գծում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը սառեցված չէ, այն անհրաժեշտ է կարգավորել»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է «միջազգային հանրության ոչ բավարար ուշադրությունը»: «Հակամարտության կարգավորման դեպքում մենք կայունություն և տնտեսական զարգացում կտեսնենք Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-հավելել է նա:

Ալիևն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում: Պլանավորվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ԼՂ իրավիճակի շուրջ քննարկում կանցկացվի:




Լրահոս