«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Այս կերպ մենք կբացահայտենք նրանց էության` հանրությանը մինչ այժմ անհայտ կողմերը, կծանոթանանք վերջիններիս բնավորության առանձնահատկություններին: Հարցվողները կխոսեն իրենց ձեռքբերումների, կորուստների մասին, հնարավոր է` բացահայտեն նաեւ որոշ գաղտնիքներ: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանի հետ:
-Մեր առաջին, ավանդական դարձած հարցը` ե՞րբ եք ծնվել (խոսքը կենսաբանական ծնունդի մասին չէ):
-Առաջնեկիս ծննդյան օրը, երբ մայր դարձա:
-Սպասված երջանկություն, որը դեռ չի այցելել Ձեզ:
-Երեւի թե դա կլինի արդեն թոռներիս ծնունդը:
-Ձեր ամենահաջողված երգը:
-Դա «Soul» երգն է` ամբողջովին առանց խոսքերի:
-Երեւույթ, որ զարմացնում է Ձեզ:
-Շատ են, օրինակ այն, որ բոլորն այսօր շտապում են, բայց չգիտես, թե ուր: Դա անիմաստ շտապողականություն է, կարծում եմ:
-Մի մարդու խոսքեր, որոնք առանձնապես տպավորել են Ձեզ:
-Իմ անցած տարիների ամեն օրն էլ ուսուցողական է եղել: Բայց երեւի ամենաշատը մորս խոսքերն են տպավորվել, որ ասում էր. «Երեխա կունենաս, նոր կհասկանաս, թե դա ինչ բան է»:
-Ապտակ, որ չեք հասցրել, բայց փոշմանել եք:
-Իմ ամբողջ կյանքում ես հակահարված չեմ տվել, եւ, առհասարակ, դեմ եմ ցանկացած բնույթի հարվածի: Հետո իրենք իրենց ապտակը կստանան. ժամանակն ամեն բան ցույց կտա:
-Մարդկանց նախանձի դեմ Ձեր զենքը:
-Ես այդ մարդկանց վաղուց արդեն չեմ նկատում, ես, ընդհանրապես, շատ բան չեմ նկատում: Երբեմն ինձ կողքից ասում են. «Ո՞նց, չլսեցի՞ր, թե ինչ ասաց», ասում եմ. «Չէ, բայց ի՞նչ ասաց» (ծիծաղում է):
-Հայ երգարվեստի չգերազանցված դեմքը:
-Ռուբեն Մաթեւոսյանը. չեմ կարող բացատրել, թե էդ մարդն ինչ անասելի տաղանդ ունի:
-Ինքներդ Ձեզ վրա զայրանալու առիթները:
-Կարեւոր որոշումներ ընդունելիս ես միշտ ճիշտ ժամանակին մի փոքր դադար եմ առնում: Հաջորդ օրը զգում եմ, որ դա ճիշտ քայլ էր: Բայց երբ էմոցիոնալ պահերին շտապ որոշումներ եմ կայացնում, այդ ժամանակ զայրանում եմ ինձ վրա:
-Պահ, որ բաց թողեցիք եւ որի համար զղջում եք:
-Իմ կարիերայի ընթացքում եղել են շատ լավ առաջարկներ, որոնք ընդունել եմ, սկսել եմ աշխատել, հետո կիսատ եմ թողել: Բայց հիմա զգում եմ, որ ճիշտ եմ արել:
-Մեկը, ով իր մարդ տեսակով հիացրել է Ձեզ:
-Սովորական անցորդներ կան, որոնք իրենց մի արարքով, մի հաճոյախոսությամբ շատ դրական էմոցիաներ են հաղորդում, եւ դա ամբողջ օրվա ընթացքում ուղեկցում է ինձ: Մի տղա կա, քաղաքում ծաղիկ է վաճառում եւ միշտ ծաղիկներ է նվիրում ինձ, ես էլ փորձում եմ ժամանակ առ ժամանակ փոխհատուցել: Հիանում եմ այդ տղայով, որ տարիների ընթացքում իր աշխատանքը չի փոխել եւ դեռ նվերներ է անում: Նա ընտանիք ունի, երեխա, եւ ես ուզում եմ հասկանալ, թե ոնց է նրանց պահում. այդ ծաղկի վաճառքից ստացված եկամուտը ի՞նչ պետք է լինի: Այդ տղան, իսկապես, հիացրել է ինձ:
-Ընտանիքն ամուր պահելու Ձեր բանաձեւը:
-Պետք է լինել լավ կին, լավ մայր, լավ հարս, լավ խոհարար, լավ մաքրուհի: Ով մտածում է, թե կան բաներ, որոնք ինքը պետք է շրջանցի, հարաբերություններում ճեղքվածքներ է առաջացնում:
-Սոցցանցերի հանդեպ Ձեր հետաքրքրությունը:
-Զրոյական: Որեւէ սոցցանցում գրանցված չեմ: Երբ ես տեսա, թե ինչեր են կատարվում «Ֆեյսբուք»-ում, դուրս եկա… Դա անտանելի էր… Այդքան վատ ինֆորմացիայի, էներգիայի կարիք ես բոլորովին չունեմ:
-Քաղաքականության հետ «ընկերություն» անո՞ւմ եք:
-Բոլորովին: Նախ` ես չեմ հասկանում դրանից, եթե փորձեմ, կհասկանամ, բայց ես չեմ էլ ուզում: Լրագրողներն անընդհատ փորձել են «ներքաշել» ինձ քաղաքականության մեջ, բայց չի ստացվել. դրանք վատ փորձեր էին: Ես ունեմ ընկերներ, որոնք քաղաքական գործիչ են, դա է իրենց մասնագիտությունը, եւ ես չեմ պատրաստվում նրանց կորցնել: Այնպես չէ, որ ես իրենց ընկերն եմ, որովհետեւ նրանք քաղաքականության մեջ են:
-Իսկ քաղաքական դաշտ մուտք գործելու առաջարկներ եղե՞լ են:
-Երբեւէ: Ովքեր պետք է առաջարկեն, գիտեն իմ բնավորությունը, գիտեն, որ ինձ չպետք է մոտենան այդ հարցով:
-Աստծո հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
-Ես եկեղեցի շատ չեմ այցելում, չեմ կարծում, թե դրանից ինչ-որ բան փոխվում է: Բայց «Նարեկը» իմ կողքին է, ամեն օր կարդում եւ աղոթում եմ, փորձում եմ ճիշտ ապրել, ինչը մեր օրերում այնքան էլ հեշտ չէ:
-Կյանքը սիրելու Ձեր պատճառները:
-Ո՞նց կարելի է չսիրել կյանքը` բոլոր եղանակները, գույները, առավոտը: Հատկապես երբ ճամփորդում եմ, ամեն տեղ բնության մի հրաշք եմ տեսնում: Եվ հետո` ընտանիք, հարազատներ. իրենցով ենք ապրում: Ընդհանրապես, կյանքը լավ բան է, ափսոս, որ գալիս ենք ու գնում…
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆԸ
Շատ հեռուստադիտողների հետաքրքրում է, թե այժմ որտեղ է «Ընկեր Փանջունի» ֆիլմից, «Վերադարձ», «Կյանքի գինը», «Ընտրյալները», «Անծանոթը», «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Ստեփան Շահինյանը եւ ինչով է զբաղված, ինչու չի երեւում էկրաններին:
Վերջինս «Ժողովուրդ»-ին պատմեց, որ արդեն մի քանի տարի է` ոչ մի հեռուստանախագծից հրավեր չի ստանում. «Մտածել ու հասկացել եմ, որ մեր սերիալներում շատ քիչ են անդրադառնում ինտելեկտուալ, ինտելիգենտ մարդկանց, փոխարենը մշտապես ներկայացնում են գողական, հանցագործ կերպարների: Իսկ ես այդ կերպարների շրջանակների մեջ չեմ «տեղավորվում»»,-մեկնաբանեց նա:
Անդրադառնալով հայկական սերիալների որակին` նա նկատեց, որ թեեւ ամեն բան չէ, որ իր սրտով է, ամեն դեպքում ինքն այն կարգավիճակում չէ, որ հրավերներից հրաժարվի. «Սերիալները փող աշխատելու համար պարարտ հող են: Իհարկե, ես կցանկանայի այնպես ապրել եւ այնքան վաստակել, որ այն, ինչ չեմ սիրում, չանեի»,-ասաց նա: Ս. Շահինյանը տեղեկացրեց, որ մանկական թատերական ստուդիա ունի` «Արփի» անունով. այնտեղ նա բեմադրություններ է անում, դերասանական խմբի ղեկավարն է: «Երեխաների հետ ավելի մեծ հաճույքով եմ աշխատում, քան մեծերի: Նրանք հավակնոտ չեն, բերանները բաց սպասում են, թե դու իրենց ինչ կասես, որ անեն: Իսկ երբ քո ասածն անում են, մեկ էլ իրենք են իմպրովիզ անում. դա մեծ բավականություն է: Տեսնում ես, որ ասածդ «գետնին չի մնացել», վերցրել են: Այդ երեխաները մասնակցում են տարբեր նախագծերի եւ հաջողություններ գրանցում»,-իր ուրախությամբ կիսվեց դերասանը:
Ս. Շահինյանը դասավանդում է նաեւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Խոսելով ուսանողների առաջադիմության մասին` նա նկատեց. «Դերասանական ոլորտի մեր իրականությունն այնքան էլ հեռանկարային չէ, ուստի ուսանողներն էլ ցանկալի էնտուզիազմով չեն սովորում, օրինակ` այնպես, ինչպես տարիներ առաջ էր` սերիալների բումի ժամանակ»:
Երեւանի մնջախաղի, «Մետրո», Հ. Մալյանի անվան թատրոններում, Է. Էլբակյանի անվան խամաճիկների պետական թատրոնում աշխատած դերասանն այժմ որեւէ թատրոնում չի աշխատում: Թե ինչու, պատասխանեց հակիրճ. «Իրենց պետք չեմ, իմ պահանջը չեն զգում, բայց անկեղծ ասած` դրանից առանձնապես չեմ տխրում»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
300 ԱՅՑԵԼՈՒ Է ՈՒՆԵՑԵԼ
Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի շրջանակում մայիսի 26-ին Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում տեղի է ունեցել «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշոնական կայքից: Տաղավարը կենտրոնացել է 1991 թվականից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսեւորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր հետազոտող խմբեր կմեկնաբանեն հայկական կենսապատկերի բաղադրիչները։ Նշենք, որ մայիսի 26-ից մինչեւ օրս հայաստանյան տաղավարն ունեցել է շուրջ 300 այցելու:
ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻ ՎՐԱ
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը Instagram-ի իր էջում հրապարակել է մի հոլովակ, որտեղ երեւում է, թե ինչպես է Հարավային Աֆրիկայի արգելոցում նրա վրա փիղ հարձակվում: Կենդանին փորձում է «գրոհել» նրա մեքենան, իսկ Շվարցենեգերը եւ էլի մի քանի հոգի մեքենայի մեջ են: Դերասանը տեսագրության ներքո մեկնաբանել է, որ հիացած է նման գեղեցիկ եւ ուժեղ կենդանիներով, չնայած որ այդ դեպքից հետո ներկաներից մի քանիսը ստիպված են եղել փոխել տաբատները. «Մենք պետք է դադարենք սպանել նրանց. ոչ թե կրակել է պետք, այլ լուսանկարել: Ո՞րն է ձեզ համար նախընտրելի՝ հնարավորություն ունենալ մեկ անգամ հանդիպել այդ արարածներին, թե՞ փղոսկրի մի կտոր ունենալ»,- գրել է Շվարցենեգերը:
ՀԱՆՈՒՆ ԳԱԼԿԻՆԻ
Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան ամուսնու` Մաքսիմ Գալկինի «Մաքսիմ Մաքսիմ» շոուի համար նկարահանվել է մերկ: Շոուն արդեն մի քանի շաբաթ է` հեռարձակվում է ռուսական «Առաջին ալիքի» եթերում, սակայն դեռեւս չի կարողացել համապատասխան վարկանիշ ապահովել: «ԺվՌ»-ի փոխանցմամբ` Պուգաչովան այդ հարցում ձգտում է ամեն կերպ օգնել ամուսնուն:
Նոր պրոմո տեսահոլովակում երգչուհին մերկ պառկած է իր սեփական դղյակի լոգարանում եւ զրուցում է Գալկինի հետ, որը ներկայանում է ծովահեն Ջեք Վորոբեյի կերպարով: