Վերջին միջադեպից առաջ Հայկ Խանումյանը մեկ անգամ ևս ծեծի է ենթարկվել. նոր հանգամանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծը շարունակում է հասարակական և քաղաքական լայն քննարկման թեման մնալ:

Թերևս, իրավիճակն այն աստիճան է լրջացել, որ դեպքի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, մասնավորապես, նկատելով, որ կատարվածը ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և որդեգրված արժեքներին:

Թե ինչ կպարզի քննությունը, արդյոք միջադեպը որևէ աղերս ունի՞ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` Արցախ վերադարձի հետ, ցույց կտա ժամանակը: Այստեղ հարկ ենք համարում նկատել, որ պատգամավոր Հայկ Խանումյանն առաջին անգամ չէ, որ նման միջադեպի կիզակետում է հայտնվում: Պարզապես այս անգամ «կապտուկներն» ակնհայտ են եղել:

Այսպես, ArmLur.am-ին հավաստի տեղեկություններ հասան, որ պատգամավորին նախքան մայիսյան տոները եկ անգամ ևս ծեծի են ենթարկել: Թե ինչն է եղել պատճառը, և ովքեր էին հեղինակները, ArmLur.am-ը փորձեց պարզել հենց պատգամավորից: Վերջինս հաստատեց միջադեպի փաստը` հավելելով, որ կատարվածի առթիվ ինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. «Դեպքը ապրիլին է եղել: Թեթև միջադեպ էր: Դատախազությունն արդեն զբաղվում էր այդ գործով: Անձը հայտնի է, գիտենք` ով է եղել հեղինակը: Միջադեպից լուրջ վնասվածքներ չեն եղել»,- պատմեց մեր զրուցակիցը` հրաժարվելով նշել իրեն ծեծի ենթարկողի անունը:

Փորձեցինք մանրամանսեր իմանալ ԼՂՀ ոստիկանությունից:  ԼՂՀ ոստիկանության մամուլի քարտուղար Ֆելիքս Հարությունյանը զարմանալիորն հրաժարվեց ասել` գործն ինչ փուլում է` խորհուրդ տալով հարցերն ուղղել տուժողին, այս դեպքում` Հայկ Խանումյանին: Մեր դիտարկմանը` գործի քննության մանրամասներն իմանալու համար ավելի ճիշտ կլինի իրավապահ համապատասխան կառույցը մեկնաբանի, Ֆելիքս Հարությունյանը պատասխանեց. «Երբ որոշումը տրվում է տուժող կողմին, օրինակ, կարճման որոշումը, ապա տուժողն է որոշում` բողոքարկել, թե ոչ: Ես ոչինչ պատասխանել չեմ կարող: Հարցրեք տուժողին: Եթե վարույթն իրականացնող մարմինը նպատակահարմար չի գտել մանրամասներ տրամադրել, ես ևս ոչինչ ասել չեմ կարող»:

Փորձեցինք տեղեկություններ իմանալ գոնե ոստիկանության կամ դատախազության պաշտոնական կայքէջից: Ցավոք, նշված միջադեպի մասին որևէ հրաարակում չկար: Սակայն հանդիպեցինք մի քանի այլ դեպքերի:

Այսպես, պարզվում է Հայկ Խանումյանը նախկինում ևս մի քանի անգամ տարբեր առիթներով հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Դեռևս 2012 թվականի հուլիսի 30-ին Արցախի պետական համալսարանից ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է մուտքագրվել այն մասին, որ նույն օրը` ժամը 10:00-ի սահմաններում, Հայկ Խանումյանը կնոջ` Դիանա Մովսիսյանի հետ ներկայացել են նշված համալսարան և վիճաբանության մեջ մտել համալսարանի վարչատնտեսական գծով պրոռեկտոր Վալերի Ջավադյանի (ծնված 1948թ., բնակվում է` Մաշտոցի փողոց, շենք 1, բնակարան 10) և համալսարանի բանվոր Ալբերտ Հայրապետյանի (ծնված 1955թ., բնակվում է` Սպանդարյան փողոց, տուն 77) հետ` խախտելով համալսարանի աշխատանքային ռեժիմը:

Ստուգմամբ պարզվել է, որ գրության մեջ նշված օրը, ժամը 09.50-ին, Արցախի պետհամալսարանի 2-րդ մասնաշենքի առաջին հարկի սպասասրահում Հայկ Խանումյանը և նույն համալսարանի պրոռեկտոր Վալերի Ջավադյանը չնչին առիթով վիճաբանության մեջ են մտել միմյանց հետ, որի ընթացքում փոխադարձ անցենզուր հայհոյանքներ տալով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, մասնավորապես` մասնաշենքում ընթացող վերանորոգման աշխատանքների բնականոն ընթացքը, անհարգալից վերաբերմունք արտահայտել ներկաների նկատմամբ, որը զուգորդվել է Հայկ Խանումյանի կողմից` վեճակռվին միջամտած Ալբերտ Հայրապետյանի վերնաշապիկից քաշքշելու և նրան ոտքերով հարվածելու միջոցով բռնություն գործադրելով, և որի հետևանքով Ա. Հայրապետյանը ստացել է ձախից պարանոցի ու ձախ սրունքի քերծվածքների ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ 2012թ. օգոստոսի 02-ին ԼՂՀ ոստիկանության ՔՎ  Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով /Խուլիգանություն/:

Սույն քրեական գործով դատավարական ղեկավարումը և դատախազական հսկողությունն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Այս դեպքի մասին ավելի ուշ ոստիկանությունը մեկ այլ հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Հայկ Խանումյանը սոցցանցի իր էջում իրավական խնդիրը քաղաքական շահարկման է վերածել: Ոստիկանությունը, մասնավորապես, գրել է. «Նախաքննական ցուցմունքում խուլիգանության փաստը չժխտած Հ. Խանումյանը, չգիտես ինչու, փորձում է քաղաքականացնել բացառապես իրավական հարթությունում գնահատվող իրադեպը: Իր իսկ կատարած արարքը որպես ԼՂՀ գլխավոր դատախազի և ընդհանրապես հանրապետության իշխանությունների կողմից իբր Խանումյանի դեմ կիրառվող քաղաքական հաշվեհարդար գնահատելը ոչ այլ ինչ է, քան զուտ իրավական խնդրի քաղաքական շահարկում: Համոզված ենք, դատարանը կտա Հայկ Խանումյանի արարքի անաչառ ու վերջնական գնահատականը»:

Ինչևէ, նախօրեին տեղի ունեցածը դեռևս բացահայտված չէ, իսկ պատասխաններ չստացած հարցերը շատ են: Սպասենք զարգացումներին:

Տաթև Հարությունյան




Լրահոս