ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ հրապարակած տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցվել է 1,6 տոկոսի գնանկում: Նշենք, որ հատկապես պարենային ապրանքների շուկայի դեպքում նշվում է, թե գնանկումը 4.8 տոկոս է կազմել: Թեեւ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է, որ Հայաստանում գնանկում է տեղի ունեցել, իրականում առաջին անհրաժեշտության ապրանքների օրինակով մենք փաստացի ոչ մի գնանկման էլ ականատես չենք:
Մյուս կողմից հայտնի է, որ ԱՎԾ-ն գների ինդեքսը հաշվարկելիս ոչ միայն ապրանքների փաստացի գներով է առաջնորդվում, այլ նաեւ բազմաթիվ գործոններ է ներառում, որոնց մի մասն էլ ֆինանսական շուկային են վերաբերում: Մեր տեղեկություններով՝ գնանկումը հենց ֆինանսական գործիքների կիրառմամբ է պայմանավորված: Իսկ նպատակը՝ դոլարի փոխարժեքի բարձրացում թույլ չտալն է: Թեեւ դոլարի փոխարժեքի արհեստական զսպումը սպառողներին ձեռնտու է, բայց տնտեսության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից կործանարար կարող է լինել: