ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ: Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր՝ ընդգծելով հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման միտումները: Մասնավորապես, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը, նշվել է համատեղ պայքարի շրջանակներում համագործակցության անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննարկվել է Հայաստանից դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիներ՝ խոզեր, խոշոր և մանր կենդանիներ, դրանց գենետիկ նյութը և վերամշակում չանցած միսը, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքն ու նշված կենդանիների հումքը ՌԴ արտահանելու ժամանակավոր սահմանափակումներն առաջիկայում վերացնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ որոշակի սահմանափակումներ էին մտցվել համայնքներից մեկում գրանցված դաբաղի պատճառով: Հիվանդության կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում՝ նոր ենթատեսակի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու արդյունքում, նվազել է վարակի վտանգը հանրապետությունում, իսկ ներկայումս բանակցություններ են վարվում պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը ձեռք բերելու ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվել է հատկապես անասնաբուժական ենթահսկման բոլոր ապրանքների վերահսկողությունը ԵԱՏՄ միասնական պահանջներին համապատասխան ուժեղացնելու հարցը:
Երկու կառույցների ղեկավարները քննարկել են նաև, այս սեզոնին պտուղ-բանջարեղենի արտադրության ծավալների ավելացմամբ պայմանավորված, հայկական ծագման բուսասանիտարական բեռների տեղափոխումը հնարավորինս արագ և առանց խոչընդոտների կազմակերպելու անհրաժեշտությունը: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում, ջերմոցային տնտեսությունների աշխատանքներին ծանոթանալու նպատակով, Հայաստան կժամանեն ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության փորձագետները: