Հայազգի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքի հարցազրույցում մեկնաբանել է «Պանամական դոսյեն»:
Գործարարն ասել է, որ շարունակում է հպարտանալ «ԿամԱզ»-ի և «ԱվտոՎԱԶ»-ի հետ գործարքներով: Նա հիշեցրել է, որ 90-ականներին այդ երկու ձեռնարկությունները գտնվում էին սնանկացման եզրին:
«Մենք բացարձակ թափանցիկ էինք գործում, և այդ աղմուկն առաջացավ որոշ փաստաթղթերի մեկնաբանության հետևանքով, որոնք, ի դեպ, ստացվել են անօրինական ճանապարհով»,-նշել է Վարդանյանը:
Մեկնաբանելով օֆշորային ընկերությունների օգտագործման հարցը՝ գործարարն ասել է, որ դա արվել է որոշակի բիզնես գործընթացներում ճկունության ապահովման և արդյունավետության բարձրացման նպատակով:
Նա նաև «եզակի» է անվանել «ԱվտոՎԱԶ»-ի հետ գործարքը: «Պետությունը շահեց, ֆինանսական ներդրողները հաղթեցին, գործարանը ռազմավարական գործընկեր ձեռք բերեց»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հրապարակված «Պանամական փաստաթղթերում» հիշատակվել է Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա դիալոգ» ընկերությունը: Հետաքննության մեջ ասվում է, որ 2007թ. ներդրողական ընկերությունը, որն այդ ժամանակ «ԿամԱզ»-ի խոշոր փաթեթի տնօրինող էր, իր իրավունքները փոխանցել է Avtoinvest Ltd. ընկերությանը: