Մտավախություն ունեմ, որ ինչ-որ կազանյան գործընթաց է սկսվելու. Արմեն Մարտիրոսյանը` եռակողմ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, հունիսի 20-ին կայանալու է Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում: ԵԱՀԿ-ն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որ մասնակցություն չի ունենա, արդյոք սա մտահոգի՞չ չէ:

– Շատ մտահոգիչ է և, ցավոք սրտի, քանի որ Ռուսաստանի կողմից է կազմակերպվում, մտավախություն ունեմ, որ հերթական անգամ ինչ-որ նոր կազանյան գործընթաց է սկսվելու: Քանի որ Սերժ Սարգսյանը միշտ պատրաստ է նմանատիպ գործընթացների, հետագայում չլինի այնպես, որ լինի մի գործընթաց, որտեղ Հայաստանը մշտապես զիջումների է գնալու, իսկ միջազգային հանրությունն էլ ասի` դա ձեր ցանկությունն է, գնացեք:

– Չե՞ք կարծում, որ նման կերպ Ռուսաստանը ցույց է տալիս, որ ղարաբաղյան հարցի կարգավորման ղեկը ցանկանում է իր ձեռքը վերցնել:

– Իհարկե, ցանկանում է, քանի որ Հայաստանի շահերի հաշվին իր խնդիրներն է լուծում: Իսկ որ մի պետությունը չի ցանկանա, որ ուրիշի շահերի հաշվին իր խնդիրները լուծի: Ես նմանատիպ պետություն չգիտեմ, բացի ՀՀ-ի իշխանություններից, ովքեր սեփական շահն  անընդհատ ռուսական շահին են ծառայեցնում և ռուսական շահն է միշտ գերակա ճանաչվում իրենց մոտ: Երբ հակասություն է առաջանում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, հայկական շահը միշս ստորադասվում է:

– Իսկ ըստ Ձեզ` Վիեննայում ձեռք բերված համաձայնության շարունակությո՞ւնը կլինի նոր հանդիպումը:

– Չեմ կարծում: Այդ դեպքում ԵԱՀԿ-ն չէր ասի` մենք չենք կազմակերպում, թող Ռուսաստանը պատասխանի: Եվ կարծում եմ` այդ դեպքում մենք կտեսնեինք եռանախագահների հայտարարություն, որոնք աջակցում են, որոնք դրական սպասումներ ունեն: Դիվանագիտական լեզվով նման հանդիպումներից առաջ հայտարարություններ կլինեն, իսկ հիմա չկա, և ակնհայտ են բացասական միտումները և ԵԱՀԿ-ն, այսպես ասած, հետ է քաշվել այս պրոցեսներից և դա շատ վտանգավոր է: Երբ եռանախագահներ են լինում, Հայաստանը կարողանում է հայկական շահը պաշտպանել: Վտանգ, այնուամենայնիվ, տեսնում են: Եթե Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները կատարեր, խնդիր չէի տեսնի: Կարծես, ՌԴ-ի դաշնակիցը դարձել է Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը:

– Այսինքն` մտավախություն ունե՞ք, որ երկրորդ կազանյան գործընթաց է սկսվելու:

– Մտավախություն ունեմ, բայց չեմ պնդի: Բարդ իրավիճակ է տարածաշրջանում, բայց չեմ էլ կարող բացառել: Մենք մադրիդյան սկզբունքներին և կազանյան փաստաթղթին միշտ էլ դեմ ենք եղել, բայց ՀՀ իշխանությունների խոցելիության աստիճանը հաշվի առնելով` մտավախություն ունեմ, որ կարող է նման բան տեղի ունենաել:

զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս