Բերդավանցիները դեմ են համայնքների խոշորացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին Աժ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովը կառավարության նիստերի մեծ դահլիճում համայնքների խոշորացման ծրագրի շուրջ արտագնա նիստ է անցկացրել: Ներկա են եղել պատգամավորներ, տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախար Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, խոշորացվող համայնքների ղեկավարներ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Բերդավան համայնքների ղեկավարներ Գարիկ Աբազյանը, Ֆելիքս Մելիքյանը, Երվանգ Եգանյանը, Արարատ Գաբրիելյանը իրենց ելույթներում մտահոգություն են հայտնել սպասվող խոշորացման վերաբերյալ: Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանգ Եգանյանն ասել է, որ Ոսկեպարի գյուղապետարանն անվճար խմելու ջուր է մատակարարում բնակիչներին, խոշորացվելուց, Նոյեմբերյան համայնքի կազմում ընգրկվելուց հետո գյուղի խմելու ջրի ցանցը, ինչպես Նոյեմբերյան քաղաքում, կտրվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, ինչի արդյունքում ջրի վարձ կսահմանվի:

Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն էլ նշել է, որ 3600 բնակիչ ունեցող Բերդավանը ֆինանսապես կայացած համայնք է, որը այժմ կարողանում է լուծել իր խնդիրները, իսկ խոշորացվելու նպատակահարմությունը անորոշ է: Բերդավանի գյուղապետը «Ժողովրդին» ասաց, որ Բերդավանը Կողբ համայնքի հետ միավորելու դեպքում համայնքի կենտրոնը լինելու է Կողբը: Նա մտահոգվեց՝ բերդավանցիները ինչպե՞ս են մասնակցելու խոշորացված համայնքի կառավարմանը. Կողբը Բերդավանից 1000 բնակիչ ավել ունի, Կողբից ընտրված համայնքի ղեկավարը եւ ավագանու անդամները բավականաչափ սրտացավ կգտնվե՞ն Բերդավանի հիմնահարցերը լուծելու համար: Նա ասաց, որ Բերդավանի համայնքապետարանը մշտապես կատարում է տեղական բյուջեով նախատեսված գումարների հավաքագրումները, համայնքի ֆոնդային բյուջեում ունենում է մնացորդ գումար, որի հաշվին ամեն տարի գյուղում ինչ-որ խնդիր է լուծում, իսկ Կողբի համայնքապետարանը դժվարությամբ է հավաքագրում տեղական բյուջեով նախատեսված եկամուտները: Բերդավանի բյուջեից մեծ գումարներ են հատկացվում գյուղի մանկապարտեզում բնական գազով ջեռուցման, նախադպրոցական հաստատությունում մանուկների համար լավ պայմաններ ապահովելու համար:

Ա. Գաբիրելյանը մտավախություն ունի, որ Կողբ համայնքի կազմում ընդգրկվելու դեպքում Բերդավանի մանկապարտեզին ֆինանսական նման հատկացումներ չեն արվի: Ա. Գաբրիելյանը նշեց, որ գործընթացի վերաբերյալ բնակչությունն իրազեկված չէ: Նա ասաց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է Բերդավան համայնքն ընդգրկվում ոչ թե Նոյեմբերյան քաղաքի, այլ Կողբ համայնքի կազմում: Գյուղապետի տեղեկացմամբ՝ բերդավանցիները խոշորացման գործընթացի դեմ բողոքելով՝ նամակով դիմել են ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս