«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնի թեկնածուները երեքն են. Սերգեյ Առաքելյանը ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի խորհրդականն է, նաեւ դասավանդում է ԵՊՀ-ում, իրավագիտության դոկտոր է: Նա հարուստ կենսագրություն եւ գիտելիքներ ունի, սակայն բացարձակապես չունի վարչական աշխատանքի փորձ․ ողջ կյանքում եղել է կատարող: Մյուս թեկնածուն՝ Սարգիս Թորոսյանը, աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում, որի ղեկավարն արդարադատության նախկին փոխնախարար Գրիգոր Մուրադյանն է: Նա համարվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի եւ Գրիգոր Մուրադյանի մարդը:
Ի դեպ, նա հնարավոր է նշանակվի կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ․ այդ պաշտոնը թափուր է մնացել Արտակ Ասատրյանի՝ արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո: Մրցույթին մասնակցելու համար դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի նախկին պետ Թամարա Շաքարյանը։ Այս բաժինը կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով վերացվեց։ Թեեւ լուրեր են պտտվում, որ Գեւորգ Կոստանյանը Թամար Շաքարյանին ազատել է ոչ թե կառուցվածքային բարեփոխման, այլ ավտոմեքենան սխալ կայանելու համար։ Շաքարյանն այժմ դասավանդում է:
Նրա` մրցույթում անցնելու շանսերը շատ բարձր չեն գնահատվում: Առավել հավանական թեկնածու է համարվում Սերգեյ Առաքելյանը: Ասում են՝ Սարգիս Թորոսյանի մասնակցությունը մրցույթին կշիռ, թեժ պայքարի իմաստ հաղորդելու եւ հանրությանը ներկայանալու նպատակ ունի: Նշենք, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել Ռուբեն Մելիքյանի՝ ԼՂՀ օմբուդսմեն նշանակվելուց հետո։ Մրցույթը կայանալու է հունիսի 28-ին։ Մինչ առաջադրումը շրջանառվում էին այլ անուններ եւս, օրինակ` ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդու՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին, ապա նրա՝ մրցույթին չմասնակցելու պատճառը կենսաթոշակային տարիքն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: