«Համացանցային ծանոթի» համարը լիցքավորելը` սպանության պատճառ. հերթական ընտանեկան ողբերգության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանեկան բռնության դեպքերը գնալով շատանում են: Երբեմն այս ողբերգությունն ավելի ցավալի ավարտ է ունենում. ընտանիքի անդամներից մեկը սպանվում է: Վերջին շրջանում այս դեպքերը, մեծամասամբ, ըստ իրավական վերլուծությունների` ալկոհոլի ազդեցության տակ են տեղի ունենում, երբեմն էլ` մեղադրյալի կարգավիճակում հայտնվում են հոգեպես անառողջներ:

Պատմությունը, որը կներկայացնենք ստորև, նշված հանգամանքներից ոչ մեկի առկայությամբ չի կատարվել. այստեղ «գործի է դրվել» խանդը:

Այսպես, սպանության հանգեցրած ընտանեկան վեճի հերթական գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացվել է մեղադրական դատավճիռ՝ ամուսինը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման կնոջը սպանելու համար. սպանության շարժառիթ է հանդիսացել կնոջ՝ երկար ժամանակ համացանցում անցկացնելը:

Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Գրիգոր Գ.-ն, ըստ մեղադրանքի, 2014 թվականի փետրվարի 26-ին իր տան հյուրասենյակում կնոջ կողմից համակարգչի միջոցով համացանցում երկար ժամանակ անցկացնելու պատճառով նախատել է վերջինիս և քնելու նպատակով պահանջել է բացել անկողինը: Կինը, չկատարելով ամուսնու պահանջը, շարունակել է զբաղվել համակարգչով:

Ամուսինները սկսել են վիճաբանել, և կինը՝ գտնվելով նյարդայնացած վիճակում, խոհանոցից վերցրել է դանակ և ամուսնուն առաջարկել հարվածել իրեն: Ամուսինը կնոջից խլել է դանակը` վնասել իր աջ դաստակի 2-րդ և 5-րդ մատերի ափային մակերեսները:

Ապա կնոջ կողմից իրեն անպատվելու և ամուսնալուծության հարց բարձրացնելու պատճառով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Դանակի շեղբը կոտրվելուց հետո խոհանոցից վերցրել է այլ դանակ և կրկին հարվածել, ընդհանուրը` 14 հարված: Ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով` կինը մահացել է:

Դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ չի ցանկացել սպանել կնոջը, իսկ կատարածի համար զղջում է:

Ըստ դատաքննական ցուցմունքի` կնոջ վարքագծից ելնելով` սկսել է կասկածել նրան դավաճանության մեջ, քանի որ կինը համակարգչի միջոցով ծանոթացել է մի տղայի հետ, առավոտից մինչ գիշերը ժամը 1-2-ը անցկացրել է համակարգչի առաջ: Ամբաստանյալը հայտնել է, որ կնոջ հեռախոսի մեջ կարդացել է տարբեր բնույթի սիրային նամակներ, պարզել, որ կինը լիցքավորել է համակարգչային ծանոթ տղայի հեռախոսը, որոնց կապակցությամբ իր և կնոջ մեջ վիճաբանություններ են եղել: Կինն, ըստ ամբաստանյալի, շփումներ է ունեցել նաև նախկին ընկերոջ հետ:

Վիճաբանության ժամանակ կինը սավոկի միջի փոշին շպրտել է իր դեմքին, ապա բերելով երկար դանակը, որը կոթից է բռնած եղել` շեղբը պահած իր ուղղությամբ, ասել է՝ խփիր ինձ: Ինքը բռնել է դանակի շեղբից և քաշել դեպի իրեն, որի ժամանակ վնասել է աջ ձեռքի ցուցամատը և ճկույթը: Ըստ ամբաստանյալի` ինքն հիշում է, որ արյուն է տեսել կնոջ պարանոցին, սթափվել-տեսել է, որ դանակը իր ձեռքում է և ասել է կնոջը՝ «էս ինչ արեցիր»:

Դատարանը գտել է, որ նրա պատճառաբանություններն անհիմն են, նպատակ են հետապնդում քրեական պատժից և պատասխանատվությունից խուսափելու, նրան առաջադրված մեղադրանքը հաստատված է ապացույցներով:

Ամբաստանյալը նախաքննական ցուցմունքում չի հիշատակել կնոջ համակարգչային ծանոթի, ինչպես նաև նախկին ընկերոջ մասին, կինը լեզվակռվից հետո գոռացել է ամուսնու վրա, ասելով՝ որ գնա տանից, չի ցանկանում հետը ապրել: Որպես մեղադրյալ տված ցուցմունքում` ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, քանի որ կինն է իրեն հասցրել, որ ինքը դանակներով հարվածի և սպանի նրան:




Լրահոս