Ֆրեզնոյում Սարոյանի տուն-թանգարանն այս տարի չի բացվի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի մայիսի 4-ից Ֆրեզնոյի շրջանային դատարանում վաճառքի էր հանվել հայազգի նշանավոր գրող Վիլյամ Սարոյանի տունը, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին 17 տարիները։ 2729 W. Griffith Way հասցեում գտնվող տունը 1981թ. Սարոյանի մահվանից հետո ունեցել է երեք սեփականատեր եւ երկու անգամ հայտնվել է սեփականության իրավունքը կորցնելու վտանգի տակ:

Ամիսներ առաջ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնեց Վիլյամ Սարոյանի՝ աճուրդի հանված տունը, որն առաջիկայում տուն-թանգարան կդառնա: Ամիսներ առաջ նշվում էր, որ թանգարանի բացումը, հավանաբար, տեղի կունենա տարեվեջին: ՀՀ-ում սարոյանական միջավայրի ստեղծման եւ գրողի տուն թանգարանի իրականացման համար խթան է հանդիսանում նաեւ «Սարոյանասերների ակումբը», որը բացվել է հիմնադրամի կողմից իրականացվող «Saroyan House» նախագծի շրջանակներում:

Նախագծի ղեկավար Ավագ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այժմ տարվում են աշխատանքներ դիզայներների եւ Սարոյանին երբեւէ մոտ կանգնած մարդկանց հետ, որոնց մի մասն էլ համախմբվել է «Սարոյանասերների ակումբի» շրջանակում. «Միջազգային թիմ է հավաքվել, որը քննարկում է` երբ է բացվելու թանգարանը, ինչ տեսք է այն ունենալու, ինչ է այնտեղ ցուցադրվելու եւ այլն: Այս տարի, հավանաբար, թանգարանը չի բացվի, քանի որ չենք ուզում հապշտապ աշխատանքներ տանել, փոխարենը փորձում ենք ամեն բան մանրամասը մշակել: Նախատեսում ենք թանգարանը վերածել ակտիվ գործող մշակութային կենտրոնի: Ի դեպ, «Սարոյանասերների ակումբի» ֆորմատով ակումբ կստեղծվի նաեւ Ֆրեզնոյում, դրան կանդամակցեն այնտեղի մշակութային գործիչներ, հասարակության ներկայացուցիչներ»:

Ավագ Սիմոնյանի խոսքով` Սարոյանի տունը հիմա շատ անմխիթար վիճակում է. «30 տարվա ընթացքում այնտեղ տարբեր մարդիկ են բնակվել… Տունը բարեկարգելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվելու:

Նախագծի ղեկավարը նշեց, որ Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում հավաքագրվում են Սարոյանի գրքերը` տարբեր թվականների հրատարակություններ. «Դրանք կազմելու են թանգարանի հատուկ գրադարանի մի մասը: Ի դեպ, մենք արդեն ունենք մի շարք նվիրաբերություններ: Սարոյանի գործերի զգալի հատվածն անտիպ է, այնպես որ կփորձենք հավաքագրել, ինչու ոչ, հետագայում նաեւ տպագրել դրանք»:

Ա. Սիմոնյանը նաեւ տեղեկացրեց, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա է եղել «Սարոյանասերների ակումբի» բացմանը. «Նախարարը մեզ տրամադրելու է Սարոյանի` Հայաստանում առկա իրերի նմուշներ»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք հիմնադրամը համագործակցում է Սարոյանի որդու` Արամ Սարոյանի հետ, նախագծի ղեկավարը պատասխանեց. «Ինչպես գիտեք` Արամ Սարոյանը հրաժարվել է ժառանգությունից… Մենք համագործակցում ենք գրողի մյուս բարեկամների, ամերիկյան համալսարանների հետ: Իսկ Արամ Սարոյանի հետ փորձում ենք գտնել համագործակցության եզրեր»:

13522433_1078656705548728_1441940829_n

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց նաեւ «Սարոյանասերների ակումբի» անդամ, կինոգետ եւ թարգմանիչ Արծվի Բախչինյանի հետ: Նա նախ անդրադարձավ ապագա թանգարանի արտաքին տեսքին. «Ակումբի շրջանակներում մեր վերջին հանդիպմանը քննարկում էինք` արդյոք անհրաժեշտ է ստեղծել թանգարան` «ավանդական» ձեւով, թե նորագույն տեխնոլոգիաների հագեցվածությամբ: Ես առաջարկեցի այս երկուսի համադրությունը: 21-րդ դարում չես կարող փոշոտ արտեֆակտներ ցուցադրել: Կարծում եմ` Սարոյանին վերաբերող նմուշները պետք է համադրվեն հոլոգրաֆիկ պատկերների հետ, որպեսզի թանգարանը շնչող, կենդանի օրգանիզմ լինի»,-նկատեց Ա. Բախչինյանը:

Նա հույս հայտնեց, որ Սարոյանի անտիպ մնացած գործերը վերջապես լույս կտեսնեն, կթարգմանվեն հայերեն. «Այդ մարդը հսկայական գրական ժառանգություն է թողել, եւ ո՞վ, եթե ոչ հայերս, պետք է տեր կանգնենք դրան: Հարցազրույցներից մեկում Սարոյանն ասել է, որ ամեն ժանրի չտպագրած գործ ունի, եւ գուցե դրանք թվով ավելի շատ են, քան տպագրվածները: Մենք Սարոյանին շատ միակողմանի գիտենք, մասամբ ենք ճանաչում: Թանգարան ստեղծելը շատ լավ է, բայց պետք է ստեղծվի գրողների, թարգմանիչների խումբ, որը կաշխատի նրա անհայտ էջերը վեր հանելու ուղղությամբ: Սա պետք է դառնա հեռահար նպատակ: Եթե այս գործում Հայաստանի կողմից պետական մոտեցում լինի` շատ ավելի լավ… Օրենքով դա պետք է լինի, բայց գիտեք` ինչ է կատարվում Հայաստանում…»,-մեկնաբանեց թարգմանիչը:

13517771_1078656715548727_1710122903_o

Ինչ վերաբերում է Սարոյանի որդու հետ համագործակցությանը, Ա. Բախչինյանը նշեց. «Չեմ կարծում, որ նա կարձագանքի, որովհետեւ գիտենք, որ հոր հետ դժվար հարաբերությունների մեջ է եղել… Բայց նա իր հերթին ունի երեք զավակ, որոնք, շատ հնարավոր է, համագործակցելու ցանկություն հայտնեն: Համենայն դեպս, աղջիկներից մեկը բավական մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ»:
Մեր այն դիտարկմանը, թե մի քանի անհատներով եւ հովանավորի միջոցով դժվար կլինի իրականացնել վերը նշված բոլոր ծրագրերը, Արծվի Բախչինյանը պատասխանեց. «Եթե մեզ հաջողվի դառնալ այն կառույցը կամ ենթակառույցը, որն իր ձեռքը կառնի սարոյանական միջոցառումների եւ ժառանգության հանրահռչակման հարցը, դա արդեն մեծ գործ կլինի: Այդ հարցում, իհարկե, պետությունն էլ պետք է աջակցի, այլապես մի քանի անհատներով շատ հեռուն գնալ հնարավոր չէ»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս