“Երեկ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին տված՝ խաղատանը 70 մլն եվրո տանուլ տալու մասին հարցը բարձրացնելու հնարավորությունը ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին տվել է ՀՀԿ-ական պատգամավորը։ Բանն այն է, որ Փոստանջյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոխարինող անդամ է, իսկ հարցի իրավունք ունեն միայն հիմնական անդամները։ “Ժողովուրդ”–ին Ստրասբուրգից հայտնեցին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր հարց տալու իրավունքը զիջել է Փոստանջյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի անմիջական ցուցումով։ Ուշագրավն այստեղ այն է, որ և Դ. Հարությունյանը, և Ա. Հովհաննիսյանը համարվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորները։
Իսկ թե ինչն է եղել Եվրոպայում Ս. Սարգսյանին խայտառակելու իրական դրդապատճառը, դժվար է միանշանակ ասել։ Տեսակետ կա, որ իշխանություններն իրենք են կազմակերպել այդ հարցադրումը, քանի որ տեղեկություն են ունեցել, որ նման հարց պետք է տային եվրոպացիները։ Այս առնչությամբ ո՛չ Ա. Հովհաննիսյանից և ո՛չ էլ Փոստանջյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Երեկ՝ ուշ երեկոյան, Դ. Հարությունյանը Ստրասբուրգից “Ժողովուրդ”–ին հայտնեց, որ իրենք հայկական պատվիրակության փոխարինող ընդդիմադիր անդամներին միշտ էլ ընձեռում են ձայնի իրավունք։ Սակայն, ըստ նրա, Փոստանջյանի հարցի բովանդակությունը եղել է անակնկալ. “Ցավում եմ, որ նա այդպես վարվեց և ընդդիմության դերն այդ աստիճան նսեմացրեց։ Ցավում եմ, որ նա այդ ամենը չգիտակցեց”,– գրում է թերթը։
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում