ՔԱՂԱՔԱՑԻՆ ԲՈՂՈՔՈՒՄ Է «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացին «Արդշինինվեստբանկ»-ին մեղադրում է խաբեության մեջ: Վարդենիսի բնակչուհի Քնար Կարապետյանը 2006-ին մեքենա է գրավ դրել նշյալ բանկում, այնուհետեւ չկարողանալով գրավի գումարը վճարել` ստիպված մեքենան բանկին է հանձնել: Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, մեքենան յուրացվել է բանկի կողմից, ավելին, կալանքի տակ է հայտնվել նաեւ տիկնոջ բնակարանը:
Ինչպես ներկայացնում է Քնար Կարապետյանը, 7 տարի առաջ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղում մեքենա է գրավ դրել՝ գնահատած 2000 դոլար արժողությամբ: «Վիրահատության անհրաժեշտություն կար, չկարողացա վճարել տոկոսները, մեկ տարի հետո եկան, մեր տանից մեքենան տարան, 6-7 ամիս պահեցին: Մի օր զանգահարեցին ինձ ու ասացին, որ այն գնող է եկել: Իմ անունից հանեցին մեքենան ու ինձ հայտնեցին, որ ես էլ պարտք-պահանջ չունեմ»,-պատմեց տիկինը՝ հավելելով, որ 2 տարի հետո` թոշակ ստանալու ժամանակ, պարզվում է, որ 9000 դրամի հետպահում են արել` առանց բացատրելու պատճառը:
«Գնացի սոցապ բաժին, ինձ ասացին՝ կալանք կա քեզ վրա: Հետո գնացի բանկ, նույնպես ասացին՝ կալանք կա, առանց ինձ տեղյակ պահելու Մարտունու դատարանում դատական գործ են հարուցել իմ դեմ: Պարզվել է` բանկի վարկային բաժնի աշխատակից Ահարոն Մարտիրոսյանը գնացել, Մարտունու դատապաշտպանին փող է տվել: Չգիտեմ` ինչ անեմ, մինչեւ հիմա իմ բնակարանն է տոկոսի տակ, թոշակս ու մեքենան: Ասել են` իբր ես մեքենան առանց իրենց վաճառել եմ: Արդեն երրորդ տարին է` իմ թոշակը պահում են: Ահարոնն այնպիսի թղթեր է գրել, որ ստացվում է` ամեն ինչի մեղավորը ես եմ: Ես ի՞նչ անեմ. 73 տարեկան կին եմ, գոնե մի օր բանկից ինձ տեղյակ պահեին»,-բողոքեց Ք. Կարապետյանը:
Ստացված բողոքի հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով ողջ աշխատանքային օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստատել «Արդշինինվեստբանկ»-ի գլխամասային բաժնի որեւէ պատասխանատուի հետ: Սակայն մեզ տրամադրված հեռախոսահամարները կա՛մ չէին գործում, կա՛մ մեր զանգերին չէին պատասխանում: Բանկի տեղեկատվական բաժնից ստացանք եզակի մի ուղղորդում` դիմել որակի կառավարման բաժին, սակայն տվյալ բաժնում եւս հեռախոսը չէր պատասխանում աշխատանքային օրվա տարբեր ժամերի: Ընդ որում, մեզ ուղղորդելուց հետո սկսեց չգործել նաեւ տեղեկատվական բաժնի հեռախոսահամարը: Հասանելիությունը նույնն էր նաեւ «Արդշինինվեստբանկ»-ի «Վարդենիս» մասնաճյուղի պարագայում` մի տարբերությամբ, որ մեզ այնտեղից հայտնեցին, թե կառավարիչը դուրս է եկել ընդմիջման ու չի վերադարձել: Մինչ խնդրին վերադառնալը հարկ ենք համարում արձանագրել, որ «Արդշինինվեստբանկ»-ի հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժինը, փաստորեն, չի գործում, ինչը խորհելու առիթ է տալիս` կապված բանկի գործունեության թափանցիկության հետ:
Ի վերջո, «Ժողովուրդ»-ին հաջողվեց կապ հաստատել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի վարկային բաժնի աշխատակից Ահարոն Մարտիրոսյանի հետ վերջինիս անձնական օգտագործման բջջային հեռախոսահամարի միջոցով: Ք. Կարապետյանը նրան եւս մեղադրում է խարդախության մեջ: Սակայն Ա. Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ինքը գործել է բացառապես նախկին կառավարչի հանձնարարականներով, օրենքի շրջանակներում. «Եթե ես ինչ-որ ապօրինի գործունեություն իրականացրած լինեի, հիմա իմ առաջ դատական մեղադրանք կլիներ դրված, ու այսօր գործովս չէի զբաղվի: Օրենքը գտնում է, որ ես անմեղ եմ, հետեւաբար ոչ ոք իրավունք չունի ինձ զրպարտել»:
Հիշեցնենք, որ 2010-ին ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել էր քրեական գործ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարչի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի  առթիվ:
«Արդշինինվեստբանկ»-ից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ բանկի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանը, նախնական համաձայնության գալով մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի եւ «Վասարաթ» ՍՊԸ-ի տնօրենի հետ, ձեւակերպել է կեղծ վարկեր: Մասնավորապես մասնաճյուղի վարկառուների անվամբ, առանց նրանց իմացության 2006-2007թթ. ձեւակերպել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման պատրվակով վարկ հատկացնելու վերաբերյալ 396 պայմանագիր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 95.788.080 ՀՀ դրամ եւ 27.616 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քր. օր.-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում Ա. Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել: Նա կալանավորվել էր:
Այս աղմկահարույց գործից կարելի է ենթադրել, որ Վարդենիսի բնակչուհի Քնար Կարապետյանը եւս բանկի կառավարչի կողմից խաբված քաղաքացիներից է: Հուսանք` թոշակառու տիկնոջ բողոքն ուշադրության կարժանանա, ինչպես որ հարկ է, ուշադրության կարժանանա նաեւ «Արդշինինվեստբանկ»-ի պատասխանատուների` լրագրողների համար անհասանելիության փաստը: «Ժողովուրդ»-ը կհետեւի այս գործի ընթացքին:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս