Այս տարվա մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար: «Կոռուպցիոն երեւույթներն, ըստ մարմինների, պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված:
Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում… Մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին եւ պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ՝ հասկանալու՝ ինչպե՞ս է ԱՄՆ-ն գնահատում Հայաստանի ծավալած պայքարը կոռուպցիայի դեմ:
– Վերջին ամսվա ընթացքում ավելի ու ավելի շատ խիստ հայտարարություններ են եղել ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի վերացման, ինչպես նաեւ անարդար գործարար գործելակերպի կրճատման վերաբերյալ,- պատասխանեց պարոն դեսպանը՝ հավելելով,- ինչպես անցյալ տարվա սեպտեմբերին տված հարցազրույցում նշել էի ես, կոռումպացված ու անարդարացի գործելակերպը հետ է պահում երկրի տնտեսությունը ու կարող է վտանգել ազգային անվտանգությունը:
Հուսադրող է լսել նման հայտարարություններ, եւ մենք աջակցում ենք դրանց իրականացման ուղղությամբ կառավարության ջանքերին: Նախկինում մենք աշխատանք ենք իրականացրել իրական փոփոխությունների աջակցելու համար:
Օրինակ՝ դեսպանությունն աշխատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կենսաթոշակային տվյալների բազաների մաքրման ու թվայնացման ուղղությամբ՝ կոռուպցիայի ու կաշառակերության հավանական դրսեւորումների վերացման նպատակով:
Այդ աշխատանքների արդյունքում նախարարությունը կարողացավ ցուցակներից բացառել մահացած, սակայն թոշակ ստացող կենսաթոշակառուներին ու ձեւավորված խնայողությունների հաշվին հնարավոր եղավ առանց բյուջեի ծախսերի ավելացման բարձրացնել գործող կենսաթոշակառուների թոշակի չափը:
Սա հուսադրող օրինակներից մեկն է, եւ անհրաժեշտ է, որ նման քայլեր ավելի շատ լինեն, այդ թվում նաեւ իրականացվեն կառավարության ներկայիս հավակնոտ կոչերը: Ուզում եմ նաեւ շեշտադրել այն կարեւոր դերակատարումը, որ ունեցան անկախ ու արհեստավարժ լրագրողները՝ լույս սփռելով կասկածելի գործարքների ու անբացատրելի հարստության հարցերում:
Հայ լրագրողների հոդվածները, այդ թվում պանամյան փաստաթղթերի հետ կապված հետաքննչական աշխատանքը օգնեցին ուշադրություն հրավիրել խնդրահարույց հարցերին ու հաշվետվողականության կոչեր հնչեցնել: Դեսպանատունը եւ ես ողջունում ենք արհեստավարժ լրագրողական գործունեությունը, որը միտված է քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության ապահովմանը:
-ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով Ձեր մասին, ասել էր՝ թող իրենց տանը կարծիքը հայտնի: Բայց հետո, փաստորեն, մեր իշխանություններն էլ համոզվեցին, որ կոռուպցիան ազգային անվտանգության հարց է: Եւ արդեն սկսվել են մեքենաներ կրճատվել, գործուղման ծախսերը նվազեցնել, մարդիկ են ձերբակալվում եւ այսպես շարունակ: Դուք հավատո՞ւմ եք այս քայլերի էֆեկտիվությանն ու շարունակականությանը:
– Ես հավատացած եմ, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է, ինչպես ասել եմ անցյալ տարվա սեպտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, որտեղ նշել եմ այն պատճառները, թե ինչու է դեսպանատունը գործակցում հայ ժողովրդի հետ կոռուպցիայի դեմ պայքարում:
Կոռուպցիան նաեւ խոչընդոտում է տնտեսական աճին, վնասում մարդու իրավունքների կայացմանը եւ խարխլում է ժողովրդավարությունը: Առկա են կոռուպցիայի տարբեր տեսակներ, սկսած պետական գնումների համակարգում առկա կոռուպցիայից մինչեւ մանրածախ կոռուպցիա, որին առերեսվում են քաղաքացիները առօրյա կյանքում:
Կոռուպցիայի դեմ պայքարը անելիքների ցանկի կետ չի, որի դիմաց կարելի է «կատարված է» նշում դնել: Դա գործընթաց է, որտեղ ստանդարտներ են սահմանվում, ապահովվում է հաշվետվողականություն, ու անհատները առաջ են շարժվում այդ ստանդարտներով:
Դա նաեւ մի այնպիսի գործընթաց է, որը երբեւէ վերջ չունի. դա շարունակական գործընթաց է, որով երաշխավորվում է, որ պետությունը քաղաքացիների միջոցների ու շահերի վստահելի պաշտպանն է: Կարծում եմ՝ կառավարության կողմից ծառայողական մեքենաների հնարավոր չարաշահումների եւ պետական գնումներում ներգրավված անձանց հետ կապված հետաքննությունները ճիշտ ուղղությամբ ձեռնարկված քայլեր են:
Գնումների գործընթացի եւ գույքի օգտագործման նման գնահատումներ կատարվում են նաեւ ԱՄՆ-ում: Մեր փորձը ցույց է տալիս, որ վարչական ապարատում ու պետական պաշտոնյաների շրջանում ծախսերի չարաշահումներ թույլ չտալու համար անհրաժեշտ են դերակատարների ու ընթացակարգերի լայն շրջանակ. սկսած բոլոր ազգային մարմիններում տեղակայված ակտիվ անկախ քննիչներից ու կոնգրեսի մշտական վերահսկողությունից մինչեւ լրագրողներ, ովքեր սանրում-զտում են հանրային տեղեկատվությունը եւ ՀԿ-ներ, որոնք վեբ-կայքերի հիմքի վրա ձեւավորում են համակարգեր, որոնցով պետական գնումների մասին տեղեկատվությունը հասանելի է դառնում հանրությանը: Խարդախության ու կոռուպցիայի վերհանումն ու դրանց դեմ միջոցների ձեռնարկումը շարունակական աշխատանք է:
-Հայաստանյան հատկապես ո՞ր կուսակցության հետ է ԱՄՆ դեսպանատունը առավել սերտ եւ հաջողված համագործակցում:
-Հայաստանում, բարեբախտաբար, մեզ հաջողվել է կապեր ձեւավորել քաղաքական դաշտի ամբողջական տիրույթում՝ ներառելով թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական կուսակցություններ:
Մենք նաեւ կապեր ունենք հայ հասարակության լայն շրջանակներ ներկայացնող կազմակերպությունների ու անհատների հետ, որոնց շարքում կան ակտիվիստներ, լրագրողներ, ՀԿ-ներ, գործարարներ, հետազոտական կենտրոններ, մանկավարժներ, ուսանողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ եւ այլք:
շարունակելի
Արփինե Թովմասյան