«Կուրսային» կոչվող կայքում բացահայտ վաճառում են կուրսայիններ, ռեֆերատներ, դիպլոմայիններ եւ այլ աշխատանքներ, որոնք պետք է գրեն ուսանողներն իրենք: «Վաճառական» կայքը գործում է անարգել. ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը (ԿԳՆ) հանգիստ է, իսկ նշյալ կայքի հեղինակները` ուրախ:
«Կարող եք պատվիրել զանազան գիտական աշխատանքներ բոլոր բնագավառներից` հնարավոր բոլոր լեզուներով: Ունենք 8 տարվա հսկայական բազա, որն ամեն օր նորանում է տարբեր թեմաներով». սա հատված է «Կուրսային»-ի մասին ծանուցումից, այսպես կոչված` «էստի՛ համեցեքն» է:
ՀՀ ԿԳՆ-ն ի՞նչ է մտածում նշյալ կայքի գործունեության ու առհասարակ գոյության մասին: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հետ. «Բուհական համակարգում քիչ կգտնվեն դասախոսներ եւ ուսանողներ, ովքեր օգտվեն այդ ծառայությունից: Դասախոսը, քանի որ աշխատանք է տանում տվյալ ուսանողի հետ տվյալ կուրսայինը կամ ռեֆերատը պատրաստելու ընթացքում, շատ լավ կհասկանա, որ ուսանողն օգտվել է այդ կայքից, եւ չի ընդունի ուսանողի աշխատանքը: Այդ կայքը ոչ մի կերպ չի խանգարում ու իր նպատակին էլ չի ծառայում»:
Սակայն նկատենք, որ «գիտելիք» վաճառող կայքը ստեղծման օրվանից ի վեր բավական ծաղկել է, ընդլայնել թեմաների շրջանակը, տեխնիկապես բարելավվել: Դժվար թե պահանջարկ չունենալու պարագայում այն կարողանար բարգավաճել:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ «Կուրսային»-ի պատասխանատուների հետ: Երբ զանգահարեցինք կայքում նշված հեռախոսահամարով, մեզ պատասխանող աղջիկը, ի տարբերություն մեզ, չներկայացավ` ընդամենը նշելով, որ «Կուրսային»-ն է ներկայացնում: Նրա խոսքով` ԿԳՆ-ից կամ այլ հաստատությունից իրենց աշխատանքը խոչընդոտող որեւէ մեկը չկա: «Ուսանողները գոհ են մեզանից, մենք էլ ուրախ ենք, որ ուսանողները գոհ են»,-նշեց կայքի ներկայացուցիչը` հավելելով, որ այլ հարցերի չի պատասխանի:
Կապ հաստատեցինք նաեւ ԵՊՀ-ի եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հետ: ԵՊՀ-ի լրատվականից մեզ ասացին, որ խիստ բացասական են գնահատում տվյալ կայքի գոյության փաստը, սակայն դրա դեմ պայքարելու լծակներ չունեն, որովհետեւ դա էլ այդ մարդկանց բիզնեսն է, ու համալսարանն իրավասու չէ այլոց բիզնեսին խոչընդոտ լինել:
Մոտավորապես նույնն էր նաեւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լրատվականի արձագանքը: Այստեղից նշեցին, որ երեւույթը ոչ միայն մեզանում, այլեւ օտար երկրներում տարածում ունի: Մնում է՝ դասախոսներն աչալուրջ լինեն ու թույլ չտան, որ դրսից բերված աշխատանքները շրջանառվեն համալսարանում:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է «ԳԻՏԵԼԻՔ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ