ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիկնազորի պետ Սերգեյ Հայրապետովի կողմից ծեծի ենթարկված ՊՆ աշխատակից Արսեն Ղարիբջանյանի մասով գրված մեր հրապարակումը անհասկանալի մեծ աղմուկ առաջացրեց՝ ՊՆ-ում բացահայտված կաշառքի գործով քննիչին ստիպելով ապօրինություն գործել՝ լրագրողին ռազմական ոստիկանների միջոցով բերման ենթարկելու որոշում կայացնելով:
Նախ փորձենք հասկանալ, թե ինչու այսքան աղմուկ բարձրացավ: Ի վերջո, ո՛չ առաջին, ո՛չ էլ, թերեւս, վերջին անգամ է, որ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն է հրապարակում, հետո «քննչական կառույցներից գրություններ ենք ստանում՝ հավելյալ ինֆորմացիա տրամադրելու կամ հրապարակված տեղեկության աղբյուրը բացահայտելու խնդրանքով: Որպես կանոն, պատասխանում ենք, որ հիմնվելով ԶԼ մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի վրա՝ չենք բացահայտի նյութի աղբյուրը, ուստի լրագրողի՝ քննչական մարմին գալը նպատակահարմար չէ, քանի որ ողջ ասելիքը հրապարակվել է: Եւ, որպես կանոն, քննչական կամ հետաքննական մարմինների ու խմբագրության փոխհարաբերությունները դրանով ավարտվում են: Սակայն այս դեպքում իրավիճակը ավելի թեժացավ, թերեւս երկու պատճառով. նախ որովհետեւ բացահայտվեց պարկեշտ նախարարի իմիջ ունեցող Սեյրան Օհանյանի թիկնապահի կերպարը՝ որպես բռնություն գործադրողի, ապա ի ցույց դրվեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առկա բարքերը, որտեղ կարող են պետի տեղակալի սենյակում մարդ ծեծել ու հետո ծեծի գործը կարճել հանցակազմի բացակայության հիմքով, բացի այդ, թերեւս ամենակարեւորը, կասկածներ կարող են առաջանալ այն մասին, որ Սեյրան Օհանյանի թիկնազորի պետը կոռուպցիոն բացահայտումներին դեմ է:
Հիշեցնենք մեր հրապարակումից մի հատված, ըստ որի՝ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանի հարազատները համոզված են, որ ամեն գնով Խաչատրյանին «փակելու» քայլերը «Էլ թեք Քոմփ» ՍՊԸ-ի ստացած գերշահույթների մասին զեկուցագիրն է եղել: Ըստ նրանց, Հայրապետովը զգուշացրել է, որ Խաչատրյանն այդ ՍՊԸ-ից «հեռու մնա» ու ոչինչ չզեկուցի վերադասին, սակայն Խաչատրյանը, չլսելով Հայրապետովի հորդորները, բացահայտումների զեկուցագիրը փոխանցել էր իր վերադասին: Ու հիմա նա կալանավորված է նույն ՍՊԸ-ից կաշառք վերցնելու գործով: ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանի փաստաբանը հայտնել էր, որ Արսենին ծեծի է ենթարկել Սերգեյ Հայրապետովը ՌՈ վարչության պետի տեղակալի սենյակում՝ ստիպելով նրան գրել, որ վերցրած 5 մլն դրամը փոխանցելու էր գնդապետ Սամվել Խաչատրյանին: Ու նա էլ ծեծի ազդեցության տակ գրել էր, որից անմիջապես հետո Խաչատրյանին քննիչ Գեւոգ Խաչիկյանը կալանավորել էր: Երկու կողմն էլ բողոքում է:
Թվում է, թե տարրական հայերենի իմացությունը բավարար է՝ նկարագրվածը հասկանալու համար, եւ, եթե իսկապես ցանկություն կա, բացահայտելու պատմությունը: Բայց ոչ: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննիչ Խաչիկյանը որոշեց թերեւս հաճոյանալ Հայրապետովին՝ հանձն առնելով լրագրողին ահաբեկելու ամոթալի գործառույթը: Եւ այդ ամենը, բնականաբար, նա արեց ապօրինի: Ինչպե՞ս, թվարկենք: Նախ՝ նա իրավաբանորեն անգրագետ մի ծանուցագիր պատրաստեց Քնար Մանուկյանի անունով՝ «առաջարկելով ներկայանալ ՔԿ՝ իքս համարի քրեական գործով անհրաժեշտ գործողություններ կատարելու համար»: Այս ձեւակերպմամբ քննիչ Խաչիկյանը միանգամից երկու բացթողում էր արել. չէր գրել, թե լրագրողին ինչ կարգավիճակով է առաջարկում ներկայանալ, երկրորդ՝ գրությունը հասցեագրել էր միանգամից լրագրողին՝ առանց խմբագրությունից ճշտելու՝ արդյո՞ք այդ նյութի հեղինակը Քնար Մանուկյանն է: Ի վերջո, խմբագրությունը կարող էր նպատակահարմար գտնել մի շարք լրագրողների կողմից պատրաստված հոդվածի տակ դնել միայն մեկ լրագրողի անուն, բայց դա չի նշանակում, որ միայն նա է հետաքննության հեղինակն ու պատասխանատուն:
Բայց քանի որ երկրորդ խախտման մասին մինչ օրս չէինք բարձրաձայնել, ուստի քննիչ Խաչիկյանը որոշեց սրբագրել ինքն իրեն միայն մի մասով: Դարձյալ ռազմական ոստիկաններին այս անգամ որպես փոստատարների օգտագործելով՝ պատառոտված թղթով ծանուցագիր ներկայացրեց նախ Քնար Մանուկյանի տուն, ինչը ուղղակի միտում է՝ ահաբեկելու նրա ընտանիքին, ի՞նչ գործ ունի ռազմական ոստիկանությունը քաղաքացիական անձի բնակարանում: Իսկ ավելի ուշ նույն խախտմամբ, ոչ աշխատանքային ժամին խմբագրություն եկան ՌՈ աշխատակիցները, որպեսզի լրագրողը ներկայանա ՔԿ:
Ինչեւէ, երկար քննարկումներից հետո որոշեցինք ուղարկել լրագրողին ՔԿ՝ հասկանալու քննիչի մտահոգությունը ու ստացած հանձնարարության մանրամասները: Պարզվեց՝ քննիչին խիստ հետաքրքրում էր բանակային կոռուպցիայի, ատկատների թեման, որ բարձրացրել ենք: Ի դեպ, պետական ապարատում առկա ատկատների մեխանիզմի մասին Սերժ Սարգսյանն ինքն է 2012-ի սեպտեմբերին բարձրաձայնել ՀՀ Կառավարության նիստում:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է հայտնի լրագրողին՝ «Էլ թեք Քոմփ» ՍՊԸ-ի հետ Սերգեյ Հայրապետովի առնչության մասին, ապա լրագրողին այդ հարցը տալու փոխարեն, լավ կլինի հարցը տալ փաստաբաններին ու հարցաքննել անձամբ Սամվել Խաչատրյանին: Լրագրողից այդ ինֆորմացիան ստանալը, մեղմ ասած, կասկածելի է: Իհարկե, մեր լրագրողը գրել է, որ ինքը հրաժարվում է հավելյալ մանրամասներ հայտնել եւ եթե նոր բան իմանա, նոր հոդված կգրի:
Բայց նկատենք, որ քննիչ Խաչիկյանը ցուցմունքի ողջ ընթացքում հեռախոսով կապի մեջ էր, ըստ ամենայնի, իր ղեկավարության հետ ու ցուցումներ էր ստանում այնտեղից, քանի որ տպավորությունը հենց այդպիսին է եղել, որ ցուցումները ստանում է ինչ-որ մեկից: Սա նշանակում է, որ մեր լրագրողի հարցաքննությունը ուղղորդված է առավել վերեւի օղակներից: Համաձայնեք՝ նենգ միջոցներով երիտասարդ լրագրողուհուն վախեցնելու, լռեցնելու փորձերը հարիր չեն պետական պաշտոնյաներին: Ի վերջո, հասարակական ու քաղաքական շրջանակներում արդեն բացահայտ խոսվում է տարիներ շարունակ եղած բանակային թալանի մասին, եւ ուրեմն ինչո՞ւ է լրագրողը թիրախավորվում:
Իհարկե, մենք չենք մոռանում ո՛չ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի, ո՛չ էլ ՊՆ Սեյրան Օհանյանի անցյալը: Նրանք երկուսն էլ ուղղակի առնչություն են ունեցել մարտի 1-ի արյունալի իրադարձություններին՝ որպես լրջագույն դերակատարների: Օհանյանը ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետն էր, որը 2008-ին հայոց բանակը հանեց քաղաքացիների դեմ, այդ ժամանակ 10 մարդ զոհվեց Երեւանի կենտրոնում, իսկ Աղվան Հովսեփյանը այն դատախազն էր, որ հարյուրավոր քաղբանտարկյալների գլխին գործեր սարքեց ու նրանց ուղարկեց բանտերը: Եւ այս համատեքստում միանգամայն հավատալի է, որ ե՛ւ Հովսեփյանը, ե՛ւ Օհանյանը ունակ են ցանկացած տիպի «գործ սարքել» նաեւ մեր՝ լրագրողներիս գլխին: Մենք էլ շարքային քաղաքացիներ ենք: Բայց դա մեզ չի մտահոգում, ի վերջո, կա հայտնի ճշմարտություն. «ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում»: Մենք անցել ենք պայքարի ճանապարհ եւ գիտակցաբար ենք ընտրել կոռումպացված ու հանցագործ պաշտոնյաների դեմ պայքարի ուղին: Այնպես որ, լավ կլինի՝ զզվելի մականուն ունեցող զինվորական գործերով քննիչ Խաչիկյանին հրահանգներ տրվեն իրականում պայքարելու հանցագործների, բանակի թալանչիների ու մեր զինվորին անփամփուշտ թողած ղեկավարների դեմ:
Լրագրողներին հանգիստ թողե՛ք, մենք շարունակելու ենք մեր բացահայտումները, որոնց հետքերով եթե գնաք, լրջագույն հանցանքներ կարող եք բացահայտել:
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԴԵՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ
Հունիսի 21-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի մշակույթի տանը կայացել է համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկում: Ներկա է եղել մոտ 200 մարդ: Ժողովին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, սահմանամերձ Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար գյուղերի բնակիչներ: Սահմանամերձ գյուղերի բնակիչները ելույթ ունենալով՝ ասել են, որ իրենք դեմ են Ադրբեջանին սահմանակից համայնքների խոշորացմանը, այդ գործընթացն իրականացնելիս խոշորացվող համայնքների բնակիչներին տեղյակ չեն պահել, նրանց կարծիքը հաշվի չի առնվել եւ այլն: Նախարար Դ. Լոքյանը վստահեցրել է, որ համայնքների խոշորացումը թույլ կտա ֆինանսական ներդրումներ ապահովել, գյուղերում աշխատատեղերի կրճատումներ չեն լինի: Սահմանամերձ Բարեկամավան համայնքի ղեկավար Գարիկ Աբազյանի եղբայրը՝ Հրանտ Աբազյանն ասել է, որ մարզպետ Հովիկ Աբովյանը պետք է ներողություն խնդրի իր եղբոր հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տալու համար: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ մարզպետը համայնքների խոշորացման դեմ հանդես եկող Բարեկամավանի գյուղապետի աշխատանքը քննադատելով՝ վերջինիս անվանել էր «դուռակ լակոտ»: Մարզպետ Հ. Աբովյանն ասել է, որ իր եւ Բարեկամավանի գյուղապետի հարաբերությունները նորմալ են եղել: Նախարար Դ. Լոքյանը հայտարարել է, որ ինքը կառավարությունում կհայտնի համայնքների խոշորացման դեմ հանդես եկող սահմանամերձ գյուղերի բնակիչների կարծիքը: Հիշենք, որ համայնքների խոշորացման վերաբերյալ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունները ԱԺ-ն 2 ընթերցմամբ արդեն ընդունել է: Օրենքի վերջնական հաստատման դեպքում՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեւան, Դովեղ, Բերդավան գյուղերը եւ Նոյեմբերյան քաղաքը կազմելու են մի համայնք՝ Նոյեմբերյան կենտրոնով: Կողբ եւ Զորական գյուղերը կազմելու են Կողբ համայնքը, իսկ Հաղթանակ, Լճկաձոր, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Պտղավան, Դեղձավան գյուղերը եւ Այրում քաղաքը կազմելու են մեկ համայնք՝ Այրում կենտրոնով: Հոկտեմբերի 2-ին խոշորացված համայնքներում կայանալու են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Որքան էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները բողոքում են, որ համայնքների խոշորացման խնդրի վերաբերյալ իրենք իրազեկ չեն եղել, իրենց կարծիքը հաշվի չեն առել, այդ հարցով որոշումը արդեն կայացված է: Ոչ պաշտոնապես ասում են, որ Եվրամիությունը խոշորացվող համայնքներին ֆինանսներ է հատկացնելու, եւ դա էլ վճռորոշ է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին գրանցվել է մանրէային սննդային թունավորման 19 դեպք, որից 7-ը արձանագրվել է գյուղերում: Մինչդեռ ապրիլին մանրէային սննդային թունավորման 4 դեպք է գրանցվել: Ոչ բժշկական նշանակության նյութերի թունավորման դեպքերը կազմել են 492, որից 173-ը գրանցվել է գյուղերում: Տեղեկացնենք, որ միայն ապրիլ ամսին Հայաստանում ոչ բժշկական նշանակության նյութերի գրանցված թունավորման դեպքերը կազմել են 155: Դեղամիջոցներից, դեղորայքից եւ կենսաբանական նյութերից արձանագրված թունավորման դեպքերը այս տարվա հունվար-ապրիլին կազմել են 169, որից 41-ը գյուղերում է արձանագրվել: Իսկ ապրիլին դեղամիջոցներից, դեղորայքից եւ կենսաբանական նյութերից թունավորվել է 57 մարդ: