«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Վարդավառի տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը Կարապի լճում էր ու լճի շրջակայքում։
Ուրախ, տոնական երկժամանոց ծրագիրն ուղեկցվել է դիջեյի մատուցած ուրախ ու աշխույժ ռիթմերով, ինչի շնորհիվ Կարապի լիճը վերածվել է ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի:
Ջրախաղի բոլոր մասնակիցներն ապահովվել են դույլերով, իսկ միջոցառման հովանավոր «Բջնի և Նոյ» ընկերությունը նաև հյուրասիրություն է կազմակերպել:
Հրշեջ մեքենաները ջրամղիչ հզոր շիթերով առատ ջուր են ցողել լճի տարածքում, ինչն ավելի է ոգևորել տոնախմբության մասնակիցներին: Կեսօրից մեկնարկած ջրային հանդեսին ակամայից անմիջական մասնակից են դարձել նաև պատահական անցորդներն ու զբոսաշրջիկները:
Վարդավառն արդեն իսկ սիրված է մեր համաքաղաքացիների կողմից և գրավում է նաև զբոսաշրջիկների, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն են բերել տոնին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն