Հերթական կուսակցությունը ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն է հիմնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում շարունակում են նոր կուսակցություններ ձեւավորվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հերթական նոր կուսակցությունը պատրաստվում է հիմնել ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, 17 տարի շարունակ` 1995-ից 2012 թվականը, եղել է ԱԺ պատգամավոր: Դալլաքյանն այս ընթացքում մեկ անգամ է կուսակցական եղել` 1999-ի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքում, եղել է ՀՀԿ անդամ: Սակայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից եւ «Միասնություն» դաշինքի փլուզվելուց հետո դուրս է եկել ՀՀԿ-ից եւ գործել է որպես ընդդիմադիր գործիչ:

Խորհրդարանական երկու` 2003-ի եւ 2007-ի ընտրություներում նա կարողացել է որպես ընդդիմադիր թեկնածու մեծամասնական ընտրակարգով Վանաձորն ընդգրկող ընտրատարածքից ընտրվել պատգամավոր: Վիկտոր Դալլաքյանը մշտապես եղել է խորհրդարանի ամենաակտիվ եւ ամենաշատ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող պատգամավորներից մեկը: Ինքը՝ Դալլաքյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը: Սակայն փաստն այն է, որ ներկայումս ընթանում են ստեղծվելիք կուսակցության գրասենյակի վերանորոգման աշխատանքները, եւ աշնանն այդ մասին արդեն պաշտոնապես կհայտարարվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս