Շենգավիթի ոստիկանապետի տեղակալն անձնական դրդապատճառներով ծեծել է իր ծանոթին, ապա կեղծ պատմություն ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Մկրտչյանը ծեծի է ենթարկել քաղաքացի Արմեն Խ.-ին, ինչպես նաև դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ 2015 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Վ. Մկրտչյանը Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում հանդիպել է նույն թաղամասի բնակիչ, իր մտերիմ Արմեն Խ.-ին, որի հետ զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է առաջացել: Անձնական բնույթ կրող այդ վիճաբանության ընթացքում Վ. Մկրտչյանն իր կողմից վարվող ծառայողական ավտոմեքենայի մեջ ծեծի է ենթարկել Արմեն Խ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև Վ. Մկրտչյանն, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, առանց օրինական հիմքի, Արմեն Խ.-ին իր հետ տարել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ առանց որևէ իրավական ձևակերպման, նրան պահել է իր, ապա մեկ այլ աշխատասենյակում` սահմանափակելով ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը:

Կատարած հանցավոր արարքի` Արմեն Խ.-ին ծեծի ենթարկելու հանգամանքը թաքցնելու նպատակով, Վ. Մկրտչյանն իր ենթակա ծառայողներին ներկայացրել է, թե, իբր, Արմեն Խ.-ն վիճաբանել է չպարզված անձանց հետ, ծեծի է ենթարկվել և ստացել մարմնական վնասվածքներ: Վ. Մկրտչյանը բանավոր հրահանգել է ենթակա ծառայողներին, որպեսզի պարզեն մտացածին վիճաբանության և ծեծի դեպքի հանգամանքներն ու Արմեն Խ.-ին ծեծի ենթարկողներին:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս