«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընթանում էր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ խաղը։ Մրցում էին Գերմանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։ Գյումրիից մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ՝ խաղից առաջ՝ երեկոյան 7-8-ի սահմաններում, Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին նկատել են «Վիվառո» բույքմեյքերական գրասենյակ մուտք գործելիս։ Ըստ երեւույթին՝ մարզպետը որոշել էր խաղադրույք կատարել։ Մեր աղբյուրը նախ ճանաչել է մարզպետի մեքենան՝ 027 LL 55 պետհամարանիշով սեւ Toyota Prado ամենագնացը, հետո տեսել է նաեւ մարզպետին ու վարորդին՝ մեքենայից իջնելիս եւ «Վիվառո» մտնելիս։
Մենք զանգահարեցինք մարզպետ Սիմոնյանին՝ պարզելու, թե ո՞ր թիմի երկրպագու է եւ ի՞նչ խաղադրույք է կատարել։ «Բայց ուժեղ եք ասում… ընդհանրապես ես էդ ֆուտբոլը չեմ նայել, էդ ժամին էլ քնած եմ եղել՝ շատ խորը ու բավական հոգնած։ Էդ ինչ- որ ասում ես, ես չգիտեմ՝ էդ ում է վերաբերվում, ինչի ես ասում դա»,-ասաց նա։
-Գյումրիում մեր աղբյուրը նկատել է Ձեր մեքենան «Վիվառոյի» գրասենյակի մոտ, Դուք էլ վարորդի հետ իջել եք մեքենայից ու մտել «Վիվառոյի» գրասենյակ։
-Ո՞ւմ մեքենան էր, կարո՞ղ եք իմ մեքենայի համարն ասել։
-Այո՝ 027 LL 55։
-Հա, Դուք մտածում եք, որ ես եղել եմ «Վիվառոյի» դուռը, հա՞։
-Ոչ թե մտածում եմ, այլ մեզ այդպես փոխանցեցին Գյումրիից։ Դուք, առհասարակ, ֆուտբոլային հետաքրքրություններ ունե՞ք։
-Ոչ,ոչ։
-Բայց պետհամարանիշը ճի՞շտ ասացինք՝ 027 LL 55:
-Այո, բա մարզպետի պետհամարանիշը չգիտենա՞ք, ինչ է։ Էդ մեքենան, ընդհանրապես, ես որ գալիս եմ տուն, ինքը կանգնում է։
-Այդ դեպքում ու՞մ մեքենան է եղել այդ պետհամարանիշով։
-Ես չգիտեմ՝ ում մեքենան է եղել, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: