Նախագահական ընտրություններից մեկ տարի էլ չի անցել, սակայն Սերժ Սարգսյանի մոտ գնալով խորանում է “կաղ բադիկի սինդրոմը”. թեեւ երկրորդ պաշտոնավարման ավարտին ավելի քան 4 տարի կա, սակայն նա իշխանության ներսում գնալով կորցնում է վերահսկողությունը: Ընդ որում, որքան շարունակվում է այս իրավիճակը, այնքան իշխանության ներսում ամեն ինչ ավելի է խճողվում: Այդ իրավիճակը, ինչպես պնդում են վերլուծաբանները, կարող է հանգեցնել իշխանության արագ կազմաքանդման:
Աննախանձելի վիճակում
Իշխանության ներսում ճաքերը գնալով ավելի են խորանում: Օրեցօր ակնհայտ է դառնում, որ Ս. Սարգսյանը պարզապես ձախողվել է այդ պաշտոնում, եւ դա բոլոր բնագավառներում` ե՛ւ ներքաղաքական ոլորտում, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ, ե՛ւ, ամենակարեւորը, տնտեսության բնագավառում: Ընդ որում, այսօր դժվար է գտնել որեւէ կարեւոր ոլորտ, որտեղ նրա իշխանությունը եթե ոչ հաջողություն, ապա գոնե ձախողում գրանցած չլինի: Այս իրավիճակն ակնհայտ է ամենքին, նույնիսկ ՀՀԿ-ականներն իրենք են երբեմն-երբեմն մասնավոր զրույցներում բարձրաձայնում այդ մասին: Ու հիմա այս վիճակում բավական ուշագրավ պրոցեսներ են ընթանում. զարմանալի զուգադիպությամբ իրար հաջորդեցին տեղեկություններն այն մասին, որ Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին առաջարկել է իջեցնել նախագահի պաշտոնում առաջադրվել ցանկացողի` ՀՀ-ում մշտական բնակության ցենզը: Իսկ երեկ “ՀԺ”-ն գրեց, որ այս ամենն արվում է ՀՀ նախկին վարչապետ, այժմ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին նախագահ դարձնելու համար, քանի որ Սերժ Սարգսյանը նրան է տեսնում որպես իր իրավահաջորդ: Ընդ որում, ինչպես պնդում են իշխանական մեր աղբյուրները, Ա. Սարգսյանի հարցում Ս. Սարգսյանը բավական հաստատակամ է. գոնե այս պահին: Ու այդ մասին մամուլում հայտնված լուրերը պատահական չեն:
Հենց այս հանգամանքը, թերեւս, վկայում է Ս. Սարգսյանի իշխանության ներսում առկա խնդիրների մասին: Բանն այն է, որ մինչեւ հիմա, որպես նրա իրավահաջորդ, շրջանառվում էին հիմնականում ՀՀԿ-ականների անուններ` վարչապետ Տիգրան Սարգսյան, մի որոշ ժամանակ շրջանառվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, հնչել է նաեւ Դավիթ Հարությունյանի անունը եւ այլն: Ասել է թե՝ հիմնականում շրջանառվել են իշխանության վերին օղակներում գտնվող անձանց անուններ, որոնք քաջածանոթ են հայաստանյան իրավիճակին: Սա նաեւ տրամաբանական է, քանի որ ցանկացած ղեկավար, որպես իր իրավահաջորդ, ընտրում է հենց իշխանության միջից: Օրինակ՝ ժամանակին այդպես վարվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը, երբ առաջ քաշեց Ս. Սարգսյանին: Ու հիմա միանգամից Արմեն Սարգսյանի թեկնածության մասին խոսելն առնվազն տարօրինակ է: Եթե Ս. Սարգսյանը, այնուամենայնիվ, իրականություն դարձնի իր այս ցանկությունը, նշանակում է` ինքն այլեւս չի վստահում ՀՀԿ-ին ու ՀՀԿ-ականներին, ուստի իրավահաջորդ է փնտրում այլ վայրերում: Իսկ մինչ այդ ինֆորմացիոն արտահոսքերը նաեւ ահազանգ են նույն իշխանական թիմին:
ՀՀԿ-ականները կտրականապես հերքում էին այս լուրերը. Դավիթ Հարությունյանը “Ռեգնում”-ին ասել է, թե այդ լուրերը տարածելը քրոնիկ հիմարություն է: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ իր հերթին “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը` ասելով, որ որեւէ քննարկում այդ թեմայով չի ընթանում: Ըստ նրա՝ Ս. Սարգսյանի իրավահաջորդի հարցը կարող է քննարկվել 2017թ. ԱԺ ընտրություններից հետո նոր միայն: Իսկ թե ինչու է հենց Արմեն Սարգսյանի անունը շրջանառվում, Գ. Սահակյանը նշեց, թե դա մամուլի երեւակայության արդյունք է: Իսկ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները երեկ խուսափում էին այդ մասին խոսելուց՝ ասելով, թե իրենք վարկածների մասին կարծիք չեն ցանկանում հայտնել:
Ո՞վ էր Պանիկովսկին մինչեւ
հեղափոխությունը
Իսկ ո՞վ է Արմեն Սարգսյանը: Շատերը նրան գիտեն որպես ՀՀ նախկին վարչապետ, որը Վազգեն Սարգսյանի կողմից ծեծ ուտելուց հետո հայտնվեց Լոնդոնում, եւ կարճ ժամանակ անց առողջական խնդիրների պատճառով հրաժարական տվեց: Որոշ ժամանակ անց նա նշանակվեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, հետո ազատվեց աշխատանքից եւ վերջերս կրկին նշանակվեց դեսպանի պաշտոնում: Սրանք, թերեւս, հայտնի փաստերն են: Իսկ ահա, ինչպես պնդում են մեր իրազեկ աղբյուրները, Ա. Սարգսյանը Լոնդոնում ապրած տարիներին հասցրել է նաեւ այլ գործունեություն ծավալել. նա դիզել է հսկայական հարստություն, կարողացել է ձեռք բերել լուրջ կապեր միջազգային ասպարեզում: Նա համարվում է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի ամենավստահելի անձանցից մեկը, ում օգնությամբ ինքն ու իր դուստրը` Դարիգա Նազարբաեւան, օրինականացնում են իրենց հսկայական գումարները: Ա. Սարգսյանը նաեւ Ղազախստանում ,Բրիթիշ փեթրոլե ընկերության ներկայացուցիչն է: Հիմա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ա. Սարգսյանը ,ձեռքի հետե սկսել է զբաղվել նաեւ Սերժ Սարգսյանի գումարների օրինականացմամբ, եւ նրան կրկին դեսպան նշանակելը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով: Եվս մեկ կարեւոր հանգամանք. Ա. Սարգսյանը որոշ շրջանակներում հայտնի է “Թենզոր” անունով. պնդումներ կան, որ մարդկանց նման անուններ տալը բնորոշ է խորհրդային ՊԱԿ-ին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 635 համար