ԿԱՏԱԿ Է ԱՐԵԼ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նախօրեին հայտարարել էր, թե Զարուհի Փոստանջյանին պետք է խարույկի վրա կենդանի այրել: Երեկ ՀՔԾ լրատվության պետ Միքայել Ահարոնյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՔԾ-ն պատրաստվում է իրավական ընթացք տալ փոխնախարարի՝ ըստ էության բռնության կոչ պարունակող այդ հայտարարություններին: Պարզվեց՝ ոչ: «Իրական է սպառնալիքը, թե ոչ՝ որոշվում է օբյեկտիվ իրականության գնահատմամբ: Ակնհայտ է, որ փոխնախարարի կողմից ԱԺ պատգամավորին խարույկի վրա այրելու սպառնալիքը չի կարող իրական համարվել: Խ. Ասրյանի կողմից հնչեցված սպառնալիքի ոչ իրական լինելու մասին է վկայում նաեւ հոկտեմբերի 11-ին նրա կողմից արված հայտարարությունն այն մասին, որ իր խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել»,-ասաց Ահարոնյանը: Նշենք, որ երեկ Ասրյանը հայտարարություն է տարածել, թե ինքը Փոստանջյանին խարույկի վրա այրելու մասին հայտարարություններն անելիս նկատի է ունեցել ոչ թե պատգամավորի մարմինը, այլ գործն այրելը: Իսկ մինչ այդ Փոստանջյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով ապահովել իր ու իր ընտանիքի անվտանգությունը:
ԿՄԵԿՆԻ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որ երեկ էր վերադարձել Ժնեւում կայացած Միջխորհրդարանական միության նիստից, կրկին մեկնելու է արտերկիր. այս անգամ նա մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Եվրոպայի հայերի երրորդ համագումարին: Այդ մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ ՀՀԿ-ի իր աղբյուրներից: Նույն տեղեկությունների համաձայն՝ համագումարին ներկա են լինելու նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արամ Ա կաթողիկոսը եւ այլք:
ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ
Խորհրդարանի շենքում կրկին վերանորոգումներ են ընթանում: Այս անգամ ակտիվ կերպով վերանորոգվում են ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանի աշխատասենյակները: Բանն այն է, որ մեկ ամիս առաջ ջրի խողովակի պայթելու պատճառով նրանց աշխատասենյակները մի լավ ջրվել էին, այն աստիճան, որ չորացնելու համար երեք շաբաթ պահանջվեց:
ԿԱԽՎԵԼ Է ԳՈՄՈՒՄ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Հարժիս գյուղում: 71-ամյա Մաքսիմ Սարգսյանը երեկոյան՝ ժամը 22:30-ի սահմաններում, իր տան մոտ գտնվող անասնագոմում կախվել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարժիսի ղեկավար Սուրեն Հարությունյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Մաքսիմի ընտանիքը ապրում է սոցիալապես նորմալ պայմաններում. «Գյուղում բնակվում էր որդու, հարսի ու երեք անչափահաս թոռնիկների հետ: Հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Կատարվածը մեզ համար էլ է շատ զարմանալի, ու չգիտենք, թե ինչը կարող էր լինել այս ամենի պատճառը»: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: