ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ «ՔՑՈՂ» ԴԱՏԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած պարուսույց 53-ամյա Նունե Մկրտչյանը պատմեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը չորս տարի է՝ իրեն խաբում է եւ չի վերադարձնում մոտ 9000 ԱՄՆ դոլարի պարտքը:
Այն, որ Հայաստանում արդարադատություն իրականացնելու համար պետբյուջեից վարձատրվող դատավորները մուրճի մի հարվածով կողմնակալ որոշումներ են կայացնում՝ հաճախ խեղելով կողմերից մեկի ճակատագիրը, վաղուց որեւէ մեկի համար զարմանալի չէ: Բայց որ դատավորները նաեւ ֆինանսական մեքենայությունների մեջ են հայտնվում, արդեն ամոթալի է:
Եվ այսպես՝ ի՞նչ է տեղի ունեցել:
Պարուսույց Նունե Մկրտչյանը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը ծանոթացել են Նունեի քավորի շնորհիվ, ու «մի գեղեցիկ» օր որպես մտերիմ մարդ՝ Աիդա Հովհաննիսյանը Նունեին ասել է, թե իր ամուսինը` Յուրիկը, վատառողջ է, ու իրեն շտապ գումար է հարկավոր: «Բանկում գումար էի պահում, քանի որ նպատակ ունեի բնակարան գնել: Գրավոր հաստատեցինք, որ ես Աիդային 2009թ. հոկտեմբերի 28-ին 2 միլիոն դրամ գումար եմ տալիս ու տվեցի: Ավելի ուշ Աիդան 1 միլիոն էլ ուզեց, բայց դրա համար այլեւս որեւէ թուղթ չստորագրեցինք: Ասաց՝ մոտիկ մարդիկ ենք, ասացի՝ լավ: Եղավ այնպես, որ Աիդան 2 միլիոնի դիմաց բանկի տոկոսների չափով գումար տվեց, ավելի ուշ՝ 2011թ. հունվարին, միլիոնը կես-կես վերադարձրեց: Իսկ 2 միլիոն դրամը մնաց սառույցին»,-պատմեց Նունեն:
Բայց միայն դրանով չեն ավարտվել երկու կանանց փոխհարաբերությունները: Ըստ Նունեի՝ դատավորը «ջանով-ղուրբանով» համոզում էր, թե ամեն ինչ լավ կլինի. «Մի անգամ էլ եկավ 2011թ. հունիսին, 1000 դոլար ուզեց, այս անգամ էլ ասացի՝ գրի՛, որ վերցնում ես: Այդ գումարի համար թուղթ տվեց: Ես էլ հավատում էի, որ կվերադարձնի իմ գումարը, բայց հետո հասկացա, որ փաստի առաջ եմ կանգնում»: Ու, ընդհանրապես, ըստ Նունեի՝ վերաքննիչ դատարանի դատավորը հաճախ է իր ներկայությամբ, ամուսնու հիվանդության անվան տակ մարդկանց խաբելով, փող վերցրել. «Մի օր՝ 2011թ. դեկտեմբերին, 460.000 դրամի համար այնպիսի լացուկոծ դրեց, թե մի տղա կա, կխայտառակի ինձ, եթե իր գումարը չվերադարձնեմ: Խիղճս չտարավ, ընկերուհիներիցս գումար խնդրեցի ու տվեցի` մտածելով՝ դե դատավոր մարդ է, ո՞նց կարող է ինձ խաբել, արդյունքում դա էլ գրվեց սառույցին»:
Եվ այսպես, Նունեի պատմելով, դատավորն իրեն 4 տարի շարունակ խաբել է՝ վերցրած պարտքն ընդհանուր հաշվով հասցնելով 9000 դոլարի: Ըստ մեր զրուցակցի՝ դատավորը  մի անգամ էլ մի իրավաբանի է պարտք եղել, ու իրավաբանը ձայնագրել է նրան ու դատարանի միջոցով կարողացել իր ողջ գումարը հետ վերադարձնել. «Մի խոսքով, այդ կինն աշխարհին պարտք է»:
Հիշեցնենք, որ դատավորների նվազագույնը աշխատավարձը, ըստ աշխատանքային ստաժի, սկսվում է 600-700 հազար դրամից: Հետաքրքիր է, ինչպե՞ս է նա ծախսում իր փողերը, որ պարտքով գումար վերցնելու անհրաժեշտություն է զգում: Ի դեպ, դատավորը երեխաներ չունի, ամուսինն էլ այս տարվա հունիսին մահացել է:

ԴԱՏԱՎՈՐԸ ԴՈՒՐՍ ՉԻ
ԳԱԼԻՍ ՏՆԻՑ

Սա դեռ ամենը չէ: Պարուսույց Նունեն պատմեց, որ 2012թ. օգոստոսին դատավոր Աիդա Հովհաննիսյանն իրեն հայտնել է, թե ցանկանում է Օրբելու 6 հասցեում գտնվող սեփական տունը վաճառել, քանի որ արգելանքի տակ է: «Ես էլ ասացի՝ եթե տունդ վաճառում ես, արի՛ իմ պարտքը համարի քեզ տված կանխավճար, գնանք բանկով, հիփոթեկով տունը վաճառի՛ ինձ, ես կամաց-կամաց կմարեմ: Աիդան էլ ասաց՝ դե ես հիմա չունեմ կանխավճարի գումար, դու մի տեղից ճարի՛ տուր, երբ որ ես բանկից կստանամ բնակարանի վաճառքի գումարը, կվերադարձնեմ: Ես էլ էստեղից-էնտեղից, ուրիշների ոսկեղենը գրավադրելով, մի կերպ ճարեցի այդ գումարը, գնացինք, բոլոր գործարքները կատարեցինք, ու Աիդայի բնակարանը դարձավ իմ սեփականությունը: Երբ որ ավարտեցինք, Աիդային ասացի՝ դե իմ գումարը տո՛ւր, որ պարտքերս մարեմ, ուրիշից եմ վերցրել: Դատավորն ասաց՝ ամուսնուս մոտ աղմուկ մի՛ բարձրացրու, առավոտյան կբերեմ: Բայց այդպես էլ չի բերում, մի 100 դոլար է տալիս ու անհետանում՝ ասելով, թե բա ես ոնց ապրեմ: Հիմա ես չգիտեմ՝ պա՞րտքը փակեմ, բանկի գումա՞րը տամ, թե՞ ուրիշի ոսկեղենը գրավից հանեմ: Օրբելու 6 հասցեի բնակարանի հեռախոսի վրա էլ 200 դոլար պարտք ունի, չի մուծում: Բացի այդ՝ նաեւ իմ սեփականություն համարվող տնից էլ դուրս չի գալիս, որ գոնե օրավարձով մեկին տամ, բանկի պարտքերը փակեմ, հոգեկան հիվանդ եմ դարձել: Ինձ ասում է, թե «զդրաստի, դուրս չեմ գա»: Ահա թե ինչ անտանելի վիճակում եմ հայտնվել»,-լացակումած պատմեց Նունեն:
Իրավիճակից այլ ելք չգտնելով՝ Նունեն դիմել է ոստիկանություն եւ պահանջել, որ դատավորին վտարեն իր բնակարանից. «Ոստիկանությունը մինչեւ հոկտեմբերի 20-ը ժամանակ է տվել նրան: Օրենքը հիմա իմ կողմն է: Ուղղակի ես զարմանում եմ՝ մի՞թե կարելի է դատավոր լինել ու նման ձեւով մարդկանց քցել»:
Հետաքրքիրն այն է, որ Նունեն այս դատավորից միակ տուժածը չէ: Այս տարվա  մայիսի 16-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել քաղաքացի Լիդիա Աբրահամյանը, որից դատավոր Հովհաննիսյանը 6000 ԱՄՆ դոլար գումար է վերցրել եւ խաբելով չի վերադարձրել: Դատարանը վճռել է Աիդա Հովհաննիսյանից հօգուտ Լիդիա Աբրահամյանի բռնագանձել 9000 (ինը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել դատավորի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Տեսնես ինչպե՞ս է օրենք պաշտպանող եւ «քցողներին» պատասխանատվության ենթարկող դատավորը կարողանում հանդես գալ օրինապահի դիրքերից, եթե ինքն է հանցավոր արարք գործում քաղաքացիների նկատմամբ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս