ԲԵՆԶԻՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՍԱՐՍԱՓԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները 977-ն են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 872-ի փոխարեն:
Թեեւ թմրանյութերի տարբեր տեսակներ կան, այդուհանդերձ, ոստիկանության արձանագրություններում դրանց տեսակների վիճակագրություն չկա: Ինչպես մեզ հայտնեցին ոստիկանությունից, քանի որ թմրանյութերը պատրաստվում են զանազան բաղադրություններով, հետեւաբար որպես վիճակագրություն՝ անվանումներով չեն առանձնացվում: Իսկ թմրամոլության ամենավտանգավոր տիպը վերջին շրջանում տարածված բենզինամոլությունն է:
Ինչպես «Ժողովուրդ»-ին ներկայացրեց բժիշկ-նարկոլոգ Արտաշես Սահակյանը, բենզինի, աղաթթվի, սոդայի, լուցկու հատիկների եւ սեդալգին դեղամիջոցի սինթեզից ստացված  թմրանյութի ներարկումը պարբերաբար կիրառողները մեկ տարի անց վերածվում են քայլող դիակի: Նրանց ապրելու հավանականությունը մեկից մեկուկես տարի է: Թմրամոլների մոտ փտախտ է սկսվում, որը հիմնականում անհնար է բուժել: Ելքը մահն է: Սա յուրօրինակ ու առանձնակի դաժանությամբ կատարվող ինքնասպանության ձեւ է:
Համաձայն ոստիկանությունից մեզ տրամադրված տեղեկատվության` թմրամոլության այս տեսակն առավել տարածված է Հայաստանի այն շրջաններում, որտեղ արտագնա աշխատանքի մեկնողները շատ են: Բացատրությունն էլ այն է, որ մահացու այս «բաղադրատոմսը» հայերը կրկնօրինակել են ռուսներից:
«Ռուսական բանակը կազմալուծելու նպատակով 90-ականներին չեչենները մտածեցին մի միջոց` բենզինային թմրամոլություն կամ այլ անվամբ` «կրակադիլ»»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց ոստիկանության աշխատակիցը:
Բենզինամոլությունը ՀՀ քաղաքներից առավել տարածված է Գյումրիում, քանի որ Ռուսաստանի հետ կապն արտագնա աշխատանքի միջոցով առավել սերտ է այստեղ:
«Առանց խառնուրդի թե՛ սեդալգին ցավազրկող դեղամիջոցը, թե՛ բենզինը եւ թե՛ սոդան բավական անմեղ նյութեր են, սակայն նրանց սինթեզը վերածվում է թմրամիջոցի, որի ներարկմամբ օգտագործումը Գյումրիում պարբերաբար դաժան մահերի պատճառ է դառնում: Նման մահացությունները մեծ թիվ են կազմում, սակայն սովորաբար տուժողների հարազատները թաքցնում են մահվան իրական պատճառը»,-բացատրեց Գյումրու նարկոլոգիական կենտրոնի բժիշկ Ա. Սահակյանը:
Նշենք, որ ըստ Գյումրու նարկոլոգիական կենտրոնի` «Ժողովուրդ»-ին տրամադրած տվյալների՝ 2013-ին Գյումրիում հաշվառված է 240 տոքսիկոման (սա թմրամոլության մեղմ տեսակն է), որի մեջ մտնում են նաեւ «ստաժավոր» թմրամոլներ, ի թիվս` բենզինամոլներ:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս