Կաթողիկոսի դերակատարությունը և Քյալյանի ժառանգությունը
«Ժողովուրդ»-ը շարունակում է իր հարցազրույցների շարքը Երեւանի բուհերի ռեկտորների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանն է:
-Պարո՛ն Նարիմանյան, ԵՊԲՀ-ն համարվում է հայաստանյան կարեւոր ու մեծ դերակատարություն ունեցող բուհերից մեկը: Դուք փաստացի ապահովում եք քաղաքացիների առողջությունը՝ նոր սերունդ կրթելով, տարեկան քանի՞ ուսանող է ավարտում բուհը:
-Մոտավորապես 600 մարդ, եւ այդ մարդիկ դառնում են 600 նոր բժիշկ, նոր սերունդ է մտնում կյանք, սակայն ավարտելը քիչ է: Երբ նրանք հանձնում են ավարտական քննությունները եւ ստանում դիպլոմ, դա դեռ չի տալիս իրավունք՝ աշխատելու որպես բժիշկ, այսինքն՝ բուժել, վիրահատել: Դրանից հետո նրանք պետք է անցնեն հետդիպլոմային մասնագիտական ուսուցում, որը էլի իրականացնում է մեր բուհը, կլինիկական օրդինատուրայի կամ ռեզիզենտուրայի ձեւով, դրանից հետո իրենք ընտրելով այդ մասնագիտությունները՝ մտնում են արդեն աշխատանքի:
-Հաշվի առնելով արտագաղթն ու սոցիալական պայմանները՝ կնշե՞ք, թե վերջին տարիներին որքանո՞վ է պակասել բուհ ընդունվել ցանկացող երիտասարդների քանակը:
-Անցած տարի եւ այս տարի բուհ ընդունվելու ցանկություն ունեցողների քանակը չի պակասում: Բժշկական մասնագիտությունը ընտրում են շատերը, եւ մենք չունենք այնպիսի տվյալներ, որ նրանց քանակը պակասել է:
-Ձեր կարծիքով՝ ԵՊԲՀ-ն որքանո՞վ է որակյալ բժիշկներ պատրաստում:
-Դա բավականին ինդիվիդուալ հարց է, եւ հնարավոր չէ ասել, որ բոլորը դառնում են որակյալ մասնագետ: Տարբերություն, իհարկե, կլինի, բայց ես համոզված եմ եւ հույսով, որ որակը չի իջնում: Մենք ունենք շատ լավ ուսանողություն, ունեք միջին, ոչ այնքան մեզ բավարարող ուսանողություն, բայց, այնուամենայնիվ, ես չեմ կարող ասել, որ ունենք ինչ-որ որակական խնդիր, ընդհակառակը, բարձրագույն բժշկական որակը մենք հնարավորինս բարձրացնում ենք՝ միջազգայնացնելով, ներդնելով տարբեր ինովացիոն մեթոդներ:
-ԵՊԲՀ-ն այն եզակի բուհն է ՀՀ-ում, որտեղ սովորում են նաեւ բազմաթիվ օտարերկրացի ուսանողներ: Ինչպիսի՞ մակարդակի վրա է գտնվում նրանց փոխադաձ շփումը հայ ուսանողների հետ. քրեական քրոնիկային հետեւելիս նկատում ենք, որ հաճախ բախումներ են լինում, ծեծուջարդ:
-Մեր արտասահմանցի ուսանողների հիմնական մասը կազմում են հնդիկները: Ես պետք է ամենայն պատասխանատվությամբ նշեմ, որ նրանց թե՛ դիսցիպլինը, թե՛ նվիրվածությունը ուսմանը շատ բարձր է, դրա համար ես չեմ կարող ասել, որ մենք ունենում ենք ինչ-որ այդպիսի քրեածին հարցեր: Նրանք շատ լավ հարաբերությունների մեջ են գտնվում մեր ուսանողության հետ: Եւ ես կարծում եմ, որ այդ ավանդույթը հիմնվել է 25 տարի առաջ եւ շարունակվում է:
-Ձեր ղեկավարած ԲՈՒՀ-ում մշտապես բողոքներ կան, որ ուսանողները լավ են սովորում, բայց պետպատվերով ուսանելու իրավունքը վաստակում են ծանոթ ունեցողները՝ ազդեցիկ զանգի հետեւանքով, ինչպես նաեւ տարբեր բուժհաստատությունների հայտնի բժիշկների ու ամբիոնի վարիչների երեխաները: Ի՞նչ կասեք:
-Ունենք հանձնաժողով, որը շատ խիստ է վերաբերվում բոլոր փաստաթղթերին, որոնք ներկայացվում են, եւ այդպիսի արտառոց դեպքերի չեմ հանդիպել այս երեքուկես տարիների ընթացքում:
-Վերջին շրջանում անընդհատ բարձրաձայնվում է երկրում, առավել եւս կրթական հաստատություններում առկա կոռուպցիոն երեւույթների մասին: ԵՊԲՀ-ն այդ առումով չի առանձնանում: Դուք այս առնչությամբ ի՞նչ քայլեր եք անում:
-Կենտրոնացնում ենք քննությունները, անցնում ենք էլեկտրոնային քննությանը, որի դեպքում շատ պարզ երեւում է՝ ով ինչ է ստանում, եւ բացի դրանից՝ մենք մասնակցում ենք հակակոռուպցիոն միջազգային ծրագրի:
-Այսօր շատերը բողոքում են մեր բժշկական հաստատություններից՝ գերադասելով հնարավորություն ունենալու դեպում բուժվել արտերկրում: ԱԺ պատգամավորները, նախարարները, մարզպետներն ու վարչության պետերը, բոլոր նրանք, ովքեր ունեն միջոցներ, արտերկրում են բուժվում: Ինչպե՞ս պետք է կարգավորել այս խնդիրը:
-Ես չէին ասի, որ դա մեծ թիվ է կազմում: Կան մարդիկ, որ նախընտրում են, ենթադրենք, Գերմանիան, ԱՄՆ-ն, Իսրայելը, դա իրենց անձնական գործն է, բայց մենք աշխատում ենք միջազգայնացնել ուսումնական պրոցեսը, բուժական գործը: Մենք համագործակցում ենք առողջապահության նախարարության հետ, բոլոր մեծ կենտրոնների հետ, որտեղ մենք ունենք ամբիոններ եւ կարեւորագույն մասնագիտություններով պատրաստ ենք իրականացնել միջազգային ստանդարտով բուժում:
-Նախկինում պրոֆեսորադասախոսական կազմը բողոքում էր ռեկտոր Գոհար Քյալյանի գործունեությունից, Ձեր մասին հրապարակային ոչինչ չկա: Դուք ավելի՞ մեղմ մեթոդներով եք աշխատում, թե՞ պարզապես գիտեք մարդկանց լռեցնելու ձեւը:
-Ես չէի ուզենա համեմատվել Գոհար Պետրոսովնայի հետ այդ կտրվածքով, որովհետեւ ես ինքս եղել եմ Գոհար Քյալյանի ժամանակ ինտեգրացիայի եւ ռեֆորմների գծով պրոռեկտոր եւ իր կառավարման մասին ոչ մի վատ բան ասել չեմ կարող:
-Դուք համարվում եք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի մերձավորներից, կարող եք անկեղծորեն ասել` նա ի՞նչ դերակատարություն ունեցավ Ձեր՝ ռեկտոր դառնալու հարցում:
-Մեծ սիրով կարող եմ պատասխանել Ձեզ, որ բացարձակ ոչ մի: Ամենայն պատասխանատվությամբ եմ Ձեզ ասում:
-ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզան Խաչատրյանը, երբեմն հյուրընկալվում է Ձեզ: Համենայնդեպս, նրա՝ համացանցում տեղադրած լուսանկարներում երբեմն Դուք էլ կաք: Համագործակցության ի՞նչ եզրեր ունեք պաշտպանության նախարարի տիկնոջ հետ:
-Մենք ունենք ռազմաբժշկական ֆակուլտետ, եւ այն լուսանկարները, որոնց մասին Դուք ասում եք, արված են նրա՝ մեր ԲՈՒՀ հաճախելու ժամանակ: Ռուզաննա Խաչատրյանը հանդիսանում է հայ ռազմական բժիշկների ասոցիացիայի նախագահը, մեր գործընկերությունը հիմնված է հենց դրա վրա: Եւ նա, վերջ ի վերջո, մեր շրջանավարտն է, նա ստոմատալոգ է մասնագիտությամբ եւ բավականին մեծ հաջողությունների է հասել առողջության առաջնային պահպանման հարցերում բանակում: Ես դա շատ կարեւորում եմ, որովհետեւ կա ռազմական բժշկություն, որը մարտի դաշտում է գործում, եւ կա բանակի առողջության պահպանում, որը խաղաղության տարիներին է անհրաժեշտ:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան