ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպես կարող եմ վերականգնել եւ բարելավել իմ հողամասի կառուցվածքը: Ի՞նչ եղանակներով է նման գործընթացը տեղի ունենում:
Ռոբերտ Ջիլավյան (58 տարեկան, հողագործ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հողի կառուցվածքի վերականգնման բնական պրոցեսների վրա երկրագործության մեջ մարդը ներգործում է ագրոտեխնիկական ու մելիորատիվ միջոցառումներով: Կարեւոր դեր է կատարում ցանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական մշակաբույսերի ճիշտ հաջորդականությունը: Կառուցվածքի լավացման համար լավ գործոն է բակլազգի խոտաբույսերի ու հացազգիների հետ նրանց խոտախառնուրդների ցանքը: Կառուցվածքի քայքայումը կանխող, որոշ չափով նաեւ լավացնող միջոցառում է պարարտանյութերի օգտագործումը, հողի մշակության տարբեր եղանակները, հատկապես հողի ֆիզիկական հասուն փուլում, երբ այն հեշտ է մշակվում ու լավ է փշրվում: Մինչդեռ գերխոնավ ու չոր հողի մշակության դեպքում կառուցվածքը քայքայվում է:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ «Գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ կարգավորվում են հողերի բերրիության պահպանության եւ բարձրացման, հողատարումից եւ աղակալումից պաշտպանման, գյուղատնտեսական շրջանառության մեջ սակավ բերրի հողերի ընդգրկման նպատակով գյուղատնտեսական հողերի մելիորացիայի հետ կապված հարաբերությունները: Մելիորատիվ միջոցառումների բնույթից ելնելով՝ տարանջատվում են մելիորացիայի հետեւյալ տեսակները՝ հիդրոտեխնիկական մելիորացիա՝ մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է բարելավելու չորային, ճահճակալված, գերխոնավ, աղակալված, հողատարված, լվացված եւ այլ կարգի հողերի ջրային, աղային, օդային, ջերմային եւ սնուցման ռեժիմները՝ ոռոգում, ցամաքեցում, աղուտների աղազերծում եւ լվացում, հակասողանքային, հակահեղեղային, հակահողատարային եւ այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով: