ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԴԵՂԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. հունվարից դեղ արտադրող բոլոր ընկերությունները պետք է ունենային “ՋԻ-ԷՄ-ՓԻ” սերտիֆիկատ: Սակայն 17 արտոնագրված դեղ արտադրող ընկերությունից ընդամենը երեքն է “ՋԻ-ԷՄ-ՓԻ” սերտիֆիկատ ստանալու հայտ ներկայացրել: Իսկ ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը հավաստիացնում է, որ Հայաստանում դեղ արտադրող ընկերություններից որեւէ մեկը չունի սեփական դեղ արտադրելու թույլտվություն, քանի որ չունի “ՋԻ-ԷՄ-ՓԻ” սերտիֆիկատ: Ու, չնայած դրան, այդ ընկերությունները շարունակում են դեղ արտադրել, ինչի պատճառով էլ ոլորտում, փաստորեն, ստեղծվել է անօրինականություն:
“ՋԻ-ԷՄ-ՓԻ”-ի՝ դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները հաստատվել են ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ եւ համապատասխանեցված են Եվրամիությունում գործող պահանջներին: Այս պահանջներն արդեն 50 տարի է, ինչ ներդրված են աշխարհի առաջադեմ երկրներում: Վերջին տասը տարում դրանք լայնորեն կիրառվում են նաեւ ԱՊՀ երկրներում, քանի որ առանց պատշաճ արտադրական գործունեության համապատասխանության գնահատման դրական արդյունքների չի կարող լինել որեւէ երաշխիք, որ կապահովի դեղի հաստատուն որակը: Հայաստանում այս կանոնների ընդունումը միտված է ինչպես երկրում շրջանառվող դեղերի որակի ապահովմանը, այնպես էլ արտահանման խրախուսմանը:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ բոլոր դեղ արտադրողները 2013թ. հունվարից պետք է ունենային “ՋԻ-ԷՄ-ՓԻ” սերտիֆիկատ: Հավելենք, որ դեղ արտադրող մի քանի ընկերություններ դեռեւս տարեսկզբին “ՋԻ-ԷՄ-ՓԻ” սերտիֆիկատ ստանալու նպատակով հայտ են ներկայացրել: Սակայն նրանցից ոչ մեկն առայժմ չի ստացել այդ սերտիֆիկատը: Իսկ դեռեւս հայտեր չներկայացրած ընկերություններն այդ գործընթացը պետք է սկսեն մինչեւ 2017թ.:
Նշենք, որ Հայաստանում այսօր գործում է դեղ արտադրող 17 արտոնագրված ընկերություն, որոնցից ակտիվ գործունեություն է ծավալում 7-ը:
“Ինձ ասեք՝ ով “ՋԻ-ԷՄ-ՓԻ” սերտիֆիկատ ունի: Արդեն տարին ավարտվում է, եւ ոչ ոք չունի դա, բայց աշխատում են: Դա ի՞նչ է նշանակում, անօրե՞ն են: Մենք էլ ենք սերտիֆիկատ ստանալու հայտ ներկայացրել, հետո՞, ինչո՞ւ չեն տալիս: Ասում են՝ օրենք կա, պետք է տրվի այդ սերտիֆիկատը, բայց այդ պրոցեսն ամիսներ, նույնիսկ տարիներ է տեւում: Ինչի պատճառով էլ դեղ արտադրողների վիճակը կվատանա, եւ, ամենակարեւորը, շուկան մեր արտադրանքից կզրկվի: Քաղաքացին կմնա ներկրողների հույսին: Ստացվում է, որ դեղ արտադրողների ոլորտում անօրինականություն կա: Կոնկրետ մեզ ասում են, որ քո արտադրած դեղը չենք կարող գրանցել, քանի որ դու “ՋԻ-ԷՄ-ՓԻե չունես, որով կարող ես դեղ արտադրել: Բայց արի ու տե՛ս, որ այսօր դրանից ոչ ոք չունի, բայց աշխատում են”,-զայրացած նկատեց Թոփուզյանը:
Նա դեմ չէ “ՋԻ-ԷՄ-ՓԻ”-ի՝ դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնների կիրառմանը, սակայն. “”Ջի-Էմ-Փի” ներդնելը մեկ օրվա խնդիր չէ: Բայց սրանք արագ-արագ ինչ-որ բան են անում, որ աշխարհին ցույց տան, թե իրենք էլ ունեն դրանից: Սրա առավելությունն այն է, որ ապահովում է որակյալ դեղի արտադրությունե:
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը եւս դժվարությամբ է հավատում, որ մեր երկրում “ՋԻ-ԷՄ-ՓԻ”-ի չափանիշները նորմալ կպահպանվեն: “Դեղային արտադրությունը “ՋԻ-ԷՄ-ՓԻ”-ին համապատասխանեցնելու համար ահռելի մեծ գումարներ պետք է ներդրվեն, իսկ մեզ հայտնի է, թե ինչպես են մեր երկրում կատարվում ներդրումները”,-նկատեց Մկրտչյանը: 
Ինչեւէ, նշենք, որ կառավարությունը մոտ օրերս կընդունի նաեւ պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման կարգը, ինչպես նաեւ հավաստագրի տրամադրման կարգը հաստատող որոշում, որի` ուժի մեջ մտնելուց հետո, ըստ համաձայնեցված ժամանակացույցի, երեք արտադրող նախապատրաստվում են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` պատշաճ արտադրական գործունեության համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով: Փաստորեն, ստացվում է, որ, ինչպես միշտ, հայրենի կառավարությունում նախ որոշում են ընդունում եւ կոնկրետ գործընթացի վերջնաժամկետ սահմանում, ապա դրա ավարտից հետո միայն գլխի ընկնում, որ անհրաժեշտ է նաեւ այդ գործընթացի իրականացման կարգը հաստատել: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 639 համար




Լրահոս