ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՎՐԱ ՆԱՎՍ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասան ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆԸ նկարահանվել է “Խաչագողի հիշատակարանը” գեղարվեստական ֆիլմում, “Հանուն սիրո”, “Քաղցր կյանք” սերիալներում: Հիմա էլ զբաղված է Մալյան, “Գոյ” թատրոններում եւ “32 թատրոնում”: Բացի այդ՝ Սամվելը Հանրային հեռուստատեսությամբ վարում է “Հայադարան” հաղորդումը:
-Որքանո՞վ են հասանելի ու բաց հեռուստատեսությունն ու թատրոնները դերասանի համար:
-Ես 2006թ.-ին եմ ավարտել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը` Արմեն Մազմանյանի կուրսը: Ավարտելուց հետո երեւի թե իմ բախտը բերեց, միանգամից երկու թատրոնում աշխատեցի: Սովորելու ընթացքում էլ Հանրային հեռուստատեսությամբ ֆիլմեր եմ կրկնօրինակել: Արդեն 7 տարի է՝ այս բնագավառում եմ ու կարծում եմ՝ դաշտը բաց է, ուղղակի պիտի փորձես աշխատել:
-Գոհանո՞ւմ եք այն աշխատանքով, որ այսօր անում եք:
-Գոհանալ ցանկացած պարագայում պետք չէ: Երբ գոհացար, ուրեմն վերջ, արդեն սպառվել ես: Կարծում եմ, որ դեռ անելու բաներ կան: Փորձում եմ հնարավորինս շատ ու լավ անել: Կապ չունի՝ թատրոնում, հեռուստատեսությունում, ցանկացած գործ փորձում եմ լավ անել:
-Ժամանակին հեռուստանախագծերում, սերիալներում էիք հանդես գալիս, հիմա մասնակցություն ունենո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Դեռ ոչ, քանի որ զբաղված եմ, առաջարկներ եղել են, չի ստացվել, չի համընկել իմ կերպարն առաջարկվող կերպարին, բայց եթե լավ տարբերակներ լինեն, բնականաբար, կուզեմ մասնակցություն ունենալ: Պատահել են դեպքեր, երբ մերժել եմ: Իհարկե, գումարային առումով տուժում է դերասանը, բայց բաներ կան, որ մարդկային ու մասնագիտական առումով շատ ավելի թանկ արժեն:
-Իսկ ի՞նչ կասեք այսօրվա սերիալների հակադաստիարակչական բնույթի մասին: 
-Ես այդ կարծիքին չեմ, քանի որ մարդն ապրելու, լավ ապրելու ցանկություն ունի: Եթե ինքը կարողանում է իր մասնագիտությամբ գումար վաստակել, ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Այլ հարց է սերիալի որակը, սյուժեները, որ մեր իրականության հետ բացարձակապես կապ չունեն, կամ մարդկային տեսակներ, որ իմ շրջապատում չեմ տեսել: Սերիալներն ունեն իրենց վատ կողմը, բայց դերասանը գոնե իր օրվա հացի գումարն ապահովում է:
-Իսկ ի՞նչ կլինի հիմա, երբ այսքան սերիալներ փակվել են:
-Դա միայն ողջունելի է, քանի որ մենք տեսանք մի առաջ քայլ: Կարծում եմ՝ այդ կարճ սերիալներում ավելի պրոֆեսիոնալ մոտեցում կլինի թե՛ սցենարիստի, թե՛ դերասանների կողմից: Տա Աստված, էլ ավելի լավ լինի: 
-Հանդիսություններ վարո՞ւմ եք, թամադայություն անո՞ւմ եք: 
-Չեմ արել դեռ: Չեմ ընկալում այդ թամադա ասվածը, երբ մեկին գումար են տալիս, որ գա, լավ-լավ բաներ ասի, բայց ես այն մարդկանցից չեմ, որ ասում է` չէ՛ ու չէ՛: Ես ընտանիք ունեմ, որ պիտի պահեմ, եթե Աստված չանի, դրա կարիքը զգացվի, կարող է եւ անեմ: 
-Իսկ որպես քաղաքացի՝ ինչի՞ կարիք ունեք:
-Այնտեղ, որտեղ ապրում եմ, ուզում եմ՝ դրական մթնոլորտ լինի: Որ ասում են` օդը չի հերիքում, նման բան կա: Մեր քաղաքի վրա ինչ-որ հաստ շերտով նավս, մուննաթ է նստած: Ու դա մեզ խանգարում է լավ ապրել: Ես ուզում եմ մեր միջավայրը, մեզ շրջապատող մարդիկ լավատես լինեն: Հեռուստատեսությամբ էլ անընդհատ վատ լուր` վթար, այսքան մարդ մահացավ, նման բաներ չլինեն: Ուզում եմ հեռուստացույցը միացնելիս լավ լուրեր լսել, օրինակ` այսօր ծնվել է 100 երեխա: Որ իմ շրջապատը լինի լավ ու դրական լիցքերով լցված:
-Իհարկե, դրական լուրերի կարիք բոլորն ունեն, սակայն ինչպե՞ս շրջանցել բացասականը, այն էլ այսօրվա սոցիալական ծայրահեղ բեւեռացվածության պայմաններում:
-Ճիշտ եք ասում, որովհետեւ մարդը տեսնում է անարդարություններ, ինքը հացի գումար չունի, բայց կողքինը մի քանի հարկանի տուն է կառուցում: Պիտի կարողանանք շատ փիլիսոփայորեն մոտենալ այդ հարցերին: Ի վերջո, մի անգամ ենք ապրում, այդ հարստությունն էլ հետներս չենք տանելու: Պետք է կարողանանք բացված օրը վայելել:
-Երկրի ներքաղաքական հարցերով հետաքրքրվո՞ւմ եք:
-Այնքանով, ինչքանով լսում ու կարդում եմ, խորացված չեմ ուսումնասիրում: 
-Քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցություն չե՞ք ունենում:
-Անկեղծ ասած, անմիջական մասնակցություն չեմ ունեցել, բայց հետեւում եմ: 
-Ապրում եք գլուխներդ կա՞խ:
-Ես իմ մասնագիտության մեջ այնքան եմ զբաղված, որ գլուխ կախելու ժամանակ անգամ չունեմ: Կարծում եմ՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի:
-Շա՞տ են Ձեր շրջապատում մարդիկ, որոնք իրենց գործով չեն զբաղվում:
-Բնականաբար կան: Անգամ եթե արվեստի ոլորտը մի կողմ դնենք, ցանկացած այլ բնագավառում էլ կան մարդիկ, որոնք կրթությամբ այլ մասնագետ են, բայց զբաղվում են բոլորովին այլ գործով: Ինչը, կարծում եմ, լավ չէ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 639 համար




Լրահոս