Հաշվի առնելով մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածության առկա եւ հետագայում աճման միտումը` Երեւանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում նախաձեռնվել են նոր շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային հանգույնցների, հետիոտն անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման ծավալուն աշխատանքներ` նպատակ ունենալով դրանց գործարկմամբ էականորեն բարելավել երթեւեկության վիճակը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս համատեքստում Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցումը զգալիորեն կբեռնաթափի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց եւ Ռուբինյանց-Սեւակ փողոցների երթեւեկությունը: Երկու փուլով իրականացվող ծրագրի երկրորդ փուլն ամբողջությամբ ավարտվել է:
Ծրագրի շրջանակում վերակառուցվել եւ լայնացվել է երկաթգծի գոյություն ունեցող կամուրջը, որն այժմ ունի 66 մ երկարություն, 7.5 մ լայնությամբ երթեւեկելի մաս եւ 1 մ լայնությամբ երկկողմանի հետիոտն մայթեր: Ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ ամբողջությամբ փոխվել են նաեւ հեղեղատար եւ կենցաղային կոյուղագծերը, որով լուծվել է նաեւ հարակից տարածքում բնակվող ավելի քան 10 հազար բնակիչների խմելու ջրի եւ կոյուղու տասնամյակների խնդիրը: Ծրագրի առաջին փուլով այժմ ընթացքի մեջ են մայթերի կառուցման, հենապատերի բետոնացման, ճանապարհամերձ հողատարածքների բարեկարգման ու արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները: Ճանապարհի ողջ երկայնքով կտեղադրվի 86 հենասյուն՝ 172 լուսատույով:
2.6 կմ երկարությամբ եւ 9 մ լայնությամբ Ուլնեցի – Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոճանապարհն առաջիկայում կլինի լիարժեք երթեւեկելի: