ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԻ ՂԱՐԱԲԱՂՑԻ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլ. Պուտինին ուղղված նամակին` գրելով. «Ժողովուրդ ջան, աչքիս մենք Զորի Բալայանի ու իր թիմի միտքը ամբողջ խորությամբ չենք «ընկալել»: Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու դեպքում Պուտինից հետո այնտեղի նախագահն էլ ղարաբաղցի կլինի… Ինչ վատ է ո՞ր…»: Իսկ մեկ այլ գրառման մեջ ՆԺԿ նախագահը նշել է. «Դատելով Զորի Բալայանի նամակից՝ ռուսները Սերժ ու Տիգրան Սարգսյաններին դեռ վարկով փող չեն տալիս…»:

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունը Բաքվից տեղեկություն է ստացել, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր։ Այս տեղեկությունը հաստատել է նաեւ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ
Արարատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական, Արտաշատի «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հայկյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ ԲՀԿ անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը եւ ինքնաառաջադրված, անկուսակցական, գազալցակայանի հերթափոխի պետ Սմբատ Գասպարյանը: Թեկնածուների առաջադրումը տեղի կունենա մինչեւ հոկտեմբերի 20-ը, գրանցումը՝ հոկտեմբերի 20-ից 22-ը: Հիշեցնենք, որ Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանը մահացել էր այս տարվա օգոստոսի 15-ին:

ԴԻՄԵԼ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է գրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով ապահովել իր անվտանգությունը եւ անխափան աշխատանքի հնարավորությունը: «Մասնավորապես պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից իմ նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ ինձ, ինչպես նաեւ չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը ինձ վիրավորելու եւ իմ անձի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար»,-ասված է նամակում:

ՀԱՄԱՆԵՐՎԱԾՆԵՐԸ
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մինչ օրս ազատ է արձակվել 534 դատապարտյալ:

ՓՐԿԵԼ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ
Երեկ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարարների հետ համատեղ տարած բանակցությունների արդյունքում կարողացել է համոզել ինքնասպանության պատրաստվող 32-ամյա տղամարդուն ցած չնետվել Դավթաշենի կամրջից: Նախարարն ինքնասպանության պատրաստվող երիտասարդին կարողացել է հետ բերել կամրջից եւ իր ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել է ԱԻՆ վարչական շենք: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ երիտասարդն այդ քայլին էր պատրաստվում դիմել կուտակված պարտքերի պատճառով, որոնց մարման օրը երեկ էր:




Լրահոս