Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում. Մայր Աթոռը ողջախոհության կոչ է արել զինյալ հարձակում իրագործած անձանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես մտահոգված են այսօր ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով, որի պատճառով զոհվել է մեկ ոստիկան, մի քանիսը, այդ թվում՝ հարձակում իրականացրած անձանցից, ստացել են մարմնական վնասվածքներ, կան պատանդներ:

Զինված ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը եւ միասնականությունը կենսական են եւ հրամայական` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու եւ հայոց պետականությունն ամուր եւ ապահով պահպանելու համար»,- ասված է հայտարարությունում:

Մայր Աթոռը ողջախոհության կոչ է արել զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով, խուսափելու համար մարդկային նոր կորուստներից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ Ոստիկանության հոգեւոր խորհրդատու Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին` մշտական կապի մեջ մնալ իրավապահների հետ, հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ պարբերաբար զեկուցել իրավիճակի մասին»:




Լրահոս