Երեկ Երևանում ապստամբություն կատարած «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների կողմից Էրեբունի վարչական շրջանում ոստիկանական բազայի գրավման շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում նկատեց, որ խմբի անդամների պահանջների կատարման իրատեսական լինել-չլինելը մեծ հարց է. «Նրանք պահանջում են Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը և Սերժ Սարգսյանի հրաժարականը: Պետք է ընդունել, որ սա ճարահատյալ քայլ էր իրնենց կոմից: Ընդիմությունը և ժողովուրդը ի վիճակի չեն իրենց քվեի միջոցով ձևավորել իշխանություն կամ իշխանությանը պարտադրել որոշակի գործողություն, դրա արդյունքում միշտ էլ տեղի կունենան նման արտառոց դեպքեր»:
Մեր զրուցակցի գնահատմամբ` սա ի վերջո տարիներով երկրում կուտակված խնդիրների և վերաբերմունքի արտացոլումն է: Երբեք մեկուսի չպետք է դիտարկել այս երևույթը. «Ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր գնացել են այդ քայլին որևէ անձնական խնդիր չեն լուծում և որևէ անձնական ակնկալիք չունեն: Սա այն կարևորագույն պահն է, երբ պետք է զսպվածություն դրսևորվի իշխանությունների կողմից. բանակցությունները շարունակվեն և գրոհի չգնան:
Լիդա Եղիազարյան