Կանանց թեման` «Սոսե» միջազգային կինոփառատոնում. հայ ռեժիսորները «ցավոտ» ֆիլմեր չեն ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա սեպտեմբերի 23-30-ը Հայաստանում կանցկացվի «Սոսե» միջազգային կինոփառատոնը, որը հիմնադրվել է 2014-ին: Արդեն երրորդ տարին գործող փառատոնի ընթացքում կներկայացվեն տարբեր երկրներից երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր, որոնք կպատմեն կնոջ մասին: Բացի այդ` այս տարի փառատոնի շրջանակներում կլինեն թեմատիկ այլ ուղղություններ` առաջինը բնապահպանական բնույթի է, ներկայացնում է ջրի թեման, երկրորդը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին, իսկ երրորդը ուսանողական ծրագիր է, որը թեմատիկ սահմանափակումներ չի ենթադրում: «Ժողովուրդ»-ը կինոփառատոնի նպատակների եւ բարձրացրած խնդիրների մասին զրուցել է հիմնադիր-նախագահ Ռիտա Խալաթյանի հետ:
-Ռիտա՛, քանի որ Ձեր գործունեության թիրախում կինն է, հետաքրքիր է` մինչ օրս կանանց վերաբերող ի՞նչ կոնկրետ խնդիրներ են բարձրացվել կինոփառատոնի շրջանակներում:
-Մեր ուշադրության կենտրոնում, այո, կինն է, քանի որ մեր տարածաշրջանում առկա է կանանց իրավունքների պաշտպանության խնդիր, որի մասին հարկավոր է բարձրաձայնել տարբեր մշակութային միջոցառումներում եւ ֆորումներում: Հնչեղություն ենք տալիս այնպիսի թեմաների, ինչպիսիք են կանանց հանդեպ բռնությունը կանխելու, նրանց դերը հասարակական-քաղաքական կյանքում ակտիվացնելու անհրաժեշտությունը, կնոջ` որպես միայնակ մոր շահերը պաշտպանելու հարցը եւ այլն:

Այս թեմաներով մի շարք ֆիլմեր ենք ստացել, օրինակ, Իրանից, արաբական, աֆրիկյան, ինչպես նաեւ եվրոպական տարբեր երկրներից: Բայց պետք է շեշտեմ, որ բացի կանանց իրավունքների պաշտպանությանը անդրադառնալուց` փառատոնի շրջանակներում բարձրացվում են նաեւ կանանց գործունեության թերացումներին առնչվող թեմաներ: Չէ՞ որ ամեն բան չէ, որ նրանք իդեալական են անում. շատ անգամ հենց իրենց մեղավորությամբ են ոտնահարվում սեփական իրավունքները: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս տարի փառատոնին ներկայացված ֆիլմերի որակը, համեմատած նախորդ տարիների հետ, բավական բարձր է, թեմաները դիպուկ են, մենք էլ, ի դեպ, խստացրել ենք կանոնակարգը:

13820542_1067758556638692_1096667203_n
-Իսկ հայ ռեժիսորները կանանց վերաբերող ի՞նչ խնդիրների մասին են բարձրաձայնում:
-Հետաքրքիր է, որ մեր ռեժիսորները հիմնականում հայ կնոջը, օրինակ` նրա գեղեցկությունը գովերգող ֆիլմեր են ներկայացնում, նրանց կողմից «ցավոտ» ֆիլմեր չենք ստացել, օրինակ` այնպիսիք, ինչպիսիք իսլամական պետությունների ներկայացուցիչներից ենք ստանում:
-Բացի կանացի թեմաների վեր հանումը` է՞լ ինչ կարեւոր նպատակ ունեք:
-Օրինակ` նկատել ենք, որ աշխարհի տարբեր ծայրերից մի շարք ուսանողներ մեր փառատոնին ներկայացնում են ֆիլմեր, որոնք բյուջեով չեն գերազանցում հայ ուսանողների ֆիլմերին, սակայն երբեմն դրանցից ավելի հետաքրքիր են: Այսինքն` ամեն բան չի կարելի բարդել ֆինանսական գործոնի վրա: Ուստի մեզ համար կարեւորագույն նպատակներից մեկը Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը նպաստելն է:
-Այս տարի փառատոնի ժյուրիի կազմում անվանի կինոգործիչներ կլինե՞ն, իսկ հայտնի հյուրեր կունենա՞ք:
-Ժյուրիի կազմի համար հիմնականում ընտրում ենք արտասահմանցի կինոգործիչներ, որովհետեւ այն համոզման ենք, որ արտասահմանյան աչքի, դրսի գնահատականների կարիք կա: Անուններ, սակայն, դեռեւս հայտնել չենք կարող: Իսկ հյուրերի մասով բանակցություններ են ընթանում: Դուք գիտեք, որ դա մեծապես կապված է ֆինանսական գործոնի հետ: Ամեն դեպքում, փորձում ենք այդ հարցը լուծել:
-Ռիտա՛, մեր երկրում կա «Ոսկե ծիրան» ճանաչում ձեռք բերած կինոփառատոնը: Սրան զուգահեռ գործունեություն ծավալելը, ինչու ոչ, մրցակցելը դժվար չէ՞:
-Ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում, ավելի ճիշտ` մեր տարածաշրջանում մրցակցելու իրավունք չունենք: Մրցակցել կարող են Բեռլինի եւ Կաննի կինոփառատոները, որոնցից ամեն մեկը լուրջ կշիռ ունի, բայց ոչ մենք: Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան»-ին, ասեմ, որ սիրում ենք այդ փառատոնը, սովորում ենք շատ բաներ, շնորհակալ ենք, որ այն իր գործունեությամբ մուսա հանդիսացավ այլ փառատոների համար: Իսկ մյուսները ավելորդ չեն, թող նոր փառատոներ հիմնվեն, չէ՞ որ դրանցից ամեն մեկն իր ծրագիրն ունի ֆիլմարտադրության զարգացման գործում:
Հավելենք, որ «Սոսե» կինոփառատոնը նախատեսում է հետեւյալ անվանակարգերը՝ «Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենար», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», իսկ հատուկ ծրագրի շրջանակում կլինեն նաեւ «Թեմայի լավագույն մեկնաբանություն» եւ «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգերը: Հաղթողները կստանան «Սոսե» կինոփառատոնը խորհրդանշող արձանիկներ, իսկ հաղթանակած ուսանողներին կտրվի դրամական խրախուսական պարգեւ. ուսման մեկ տարվա վարձը կվճարի փառատոնը:
Աննա Բաբաջանյան




Լրահոս