«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» շարժման հայտարարությունը Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
«Երևանում զինված խմբի կողմից կատարված հարձակումը չի կարող խոր մտահոգություն չառաջացնել հասարակության լայն շերտերի մեջ:
Մենք ցավով ընդունեցինք ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ողբերգական մահվան լուրը և ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին: Անընդունելի է հայը հայի դեմ երևույթը:
Որքան էլ խմբի անդամները համոզված լինեն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ, զենքի ուժով պարտադրանքն ընդունված չէ քաղաքակիրթ աշխարհում:
Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով պետության և ազգի շահերը, դիմում ենք իշխանություններին, իրավապահ մարմիններին շարունակել պահպանել խոհեմությունը և, բացառելով հնարավոր արյունահեղությունը, գնալ հանգուցալուծման, օգտագործելով միայն խաղաղ միջոցներ:
Գտնում ենք, որ հասարակությունը պահանջ ունի երկխոսելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ ներքին և արտաքին քաղաքականության իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում, նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող պարզաբանումների մասին:
Ընդդիմության և հասարակության հետ երկխոսության մեխանիզմի ձևավորումը կփոխի մթնոլորտը երկրում, ինչը կբացառի հիմնախնդիրների լուծումը փողոցում, այն էլ ուժի կիրառման սպառնալիքով»:
Արա Աբրահամյան
Համաշխարհային Հայկական Կոնգրեսի
և Ռուսաստանի Հայերի Միության նախագահ,
«Ազգային Միասնություն» շարժման առաջնորդ