ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամաններով` Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանը եւ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ջոն Ֆարխոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
ՏԵՍՆԵՆՔ՝ ՍԱ ԻՆՉ ԿԱՆԻ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, 2008թ. մարտի 1-ի դեպքերի մեղավորներին գտնելու եւ համարժեք պատասխանատվության ենթարկելու փորձերը չդադարեցնելով, մարտի 1-ի դեպքերի մեղավորներին գտնելուն եւ հանգամանքները պարզելուն ուղղված առաջարկներն ուղարկել է ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազին:
ԸՆԴԴԵՄ ՌԱՍՍԻԶՄԻ
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երեւանում կբացեն «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը, որի ընթացքում կքննարկվեն ռասսիզմի, քսենոֆոբիայի, ռասսայական եւ էթնիկ խտրականության դեմ պայքարում մարդու իրավունքների ինստիտուտների դերի, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում ատելության խոսքի եւ ռասսայական կարծրատիպերի դեմ պայքարին վերաբերող հարցեր:
ԳՆԱՑ ԹԱՂՄԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ՝ երեկոյան, մեկնել է Բրյուսել, որտեղ այսօր կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի հուղարկավորության արարողությանը:
ԱՌԻԹՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ անդրադարձել է հոկտեմբերի 14-15-ին Բրյուսելում կայացած Եվրոպահայերի երրորդ համագումարի ընթացքում Եվրոպայի հայկական կազմակերպությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին: «Իր զեկույցում, բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական հուշարձանների հարցով իրենց կողմից տարված աշխատանքներից, Աշոտ Գրիգորյանն առիթն օգտագործեց եւ առաջարկեց, որպեսզի համագումարը որոշում կայացնի, որ միանում է իրենց՝ ազգային ճակատ կազմելու եւ Հայաստանում ինչ-որ հարցեր լուծելու համար։ Դրանից հետո ռեպլիկով հանդես եկավ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ դրանով ջուր է լցվում մեր թշնամիների ջրաղացին: Գրիգորյանի պահվածքը նրա հետ զրույցում քննադատեցին նաեւ ուրիշները, ինչից հետո պարոն Գրիգորյանը նեղացավ եւ իր փոխանորդ Հարություն Առաքելյանի հետ հեռացավ ժողովից»,-պատմել է Մանոյանը:
ՀԱԿԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, արձագանքելով ՀՅԴ-ի` վարչապետ Տիգրան Սարգսյանին «պատերազմ» հայտարարելու «168 ժամ»-ի հիշեցմանը, ասել է. «Նրա սկսած սեւ PR-ը ոնց սկսվեց, այդպես էլ ավարտվեց: Մենք բացահայտեցինք նրան: Նա երեւի մտածում էր, որ մենք կներքաշվենք այդ սեւ պայքարի մեջ` չմտածելով, որ մեր մակարդակը սեւ PR-ին սեւ PR-ով պատասխանելը չէ: Մեր նվազագույն քննադատությունն էլ վարչապետի կողմից թշնամաբար ընդունվեց: Այն դեպքում, երբ մենք թշնամաբար չէինք տրամադրված, եթե անգամ նրան ասում էինք, որ իր վարած քաղաքականությունը սխալ է»: