ԲԱՐԵԿԱՄԸ ԿՀԵՌԱՆԱ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 22-ին լրանում է ռուս-հայկական բարեկամության ու համագործակցության միավորման ղեկավար Վիկտոր Կրիպուսկովի պաշտոնավարման ժամկետը, որից հետո նա վերադառնալու է ՌԴ: Այս անձնավորությունը բավական լուրջ ֆիգուր է, որը, սակայն, գործում է ստվերում գորշ կարդինալի կարգավիճակով:
ՏԵՂՅԱԿ ՉԷ
Նախօրեին Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ կառավարության ղեկավար կազմում համասեռամոլներ կան: Երեկ փորձեցինք այս առիթով մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես բացարձակ տեղյակ չեմ այդ հարցազրույցից, հիմա էլ քաղաքից դուրս եմ եկել»: Երբ բացատրեցինք, որ Ավետիսյանը խոսել է կառավարության ղեկավար կազմում համասեռամոլների մասին, Տոնոյանը կրկնեց նույնը. «Տեղյակ չեմ հարցազրույցից»:
ԽՈՍՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է երկու քարի արանքում. թեեւ Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտնի սկանդալից հետո հայտարարեց, որ նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու է, այնուամենայնիվ, չի կարող անաղմուկ կերպով իրագործել այդ մտադրությունը: Եվ հիմա ՀՀԿ-ականները փորձում են իրավաբանորեն անխոցելի մեխանիզմներ մշակել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Աբրահամյանը նույնիսկ այդ գործը հանձնարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, քանի որ լինելով պատվիրակության ղեկավար՝ նա իր մեղքի բաժինն ունի Փոստանջյանի հարցը հնչելու գործում: Այս օրերին Դ. Հարությունյանը պատվիրակության կազմը վերաձեւելու մոդելներ է փորձում մշակել: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդ լուրերը. «Եթե անգամ մշակելու լինեմ, ձեզ այդ մոդելի մասին չեմ ասի»: Միայն ասաց, թե ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմի փոփոխություն դեռեւս տեղի չի ունեցել. «Ենթադրում եմ, որ այո՛, կլինի փոփոխություն, իսկ թե ինչ եղանակով, չեմ կարող ասել»:
ՑԱՎԱԿՑԵՑ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանին ողջունեց` միաժամանակ շնորհավորելով ու ցավակցելով: Նա շնորհավորեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ մոտ 4 տարի բանակցելու եւ այն ավարտական տեսքի բերելու համար: «Հայտնում եմ Ձեզ նաեւ իմ ցավակցությունը»,-հավելեց Արզումանյանը` ակնարկելով Մաքսային միությանն անդամագրվելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
Ի դեպ, երեկ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիտեր Ստանոն եւս շեշտել է, որ վիլնյուսյան գագաթնաժողովում ստորագրվող փաստաթուղթը որեւէ կապ չի ունենալու Ասոցացման համաձայնագրի հետ: