Հոկտեմբերի 14-ին Արմավիրի մարզում ինքնասպան եղած, «Ծովակ» սրճարանի մատուցողուհի 20-ամյա Քաղցրիկ Իլանյանի հայրը` Վովա Իլանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իր դուստրն ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Նա նաեւ նշեց, որ Քաղցրիկն ընկեր է ունեցել եւ պատրաստվել է նշանվել:
Ըստ Վովա Իլանյանի՝ դեպքի օրը Քաղցրիկը նորմալ տրամադրություն է ունեցել, եւ ընտանիքի անդամները որեւէ արտառոց բան չեն նկատել նրա մոտ. «Առավոտյան նա հարցրեց, թե մա՛մ, տան համար ինչ-որ բան պետք է, մայրն էլ ասաց, թե սուրճ ու լվացքի փոշի է պետք: Այդպես աղջիկս 800 դրամ թողեց տանը ու գնաց աշխատանքի»:
Քաղցրիկի հոր համոզմամբ` իր դստերը սպանել են. «Այն քննիչը, որն իմ դստեր գործով է զբաղվում, թող ինքն էլ պարզի, թե ով է Քաղցրիկին սպանել: Ես գիտեմ, թե ով է արել: Սպանողին հետո ես կսատկացնեմ: Եթե մարդ ինքնասպան է լինում ու իրեն կամրջից ցած նետելով է դա անում, առնվազն նրա ոտքերը պետք է ջարդված լինեին, չէ՞, բայց նման բան չկա, մենակ գլուխն էր վնասված: Կներեք, որ ասում եմ, անգամ հետաքրքրվել եմ, կարող է նաեւ բռնաբարության հարց է եղել, սակայն ինձ ասացին, որ աղջկաս մոտ նման բան չի հայտնաբերվել»:
Ինչպես տեղեկացանք Վովա Իլանյանից, Քաղցրիկն ընկեր է ունեցել եւ պատրաստվել է նշանվել: «Ես կասկածներ ունեմ, որ այդ տղան է արել: Քաղցրիկն Արմավիրի մարզի Կարմիր կոչվող կամրջի տեղը չի իմացել ու այդ օրն աշխատանքի տեղից այդ տղայի հետ է դուրս եկել: Ես այդ տղային ճանաչում եմ, բայց թող քննիչները պարզեն»,-ասաց հայրը՝ չցանկանալով այլ մանրամասներ ներկայացնել:
Նա միայն նշեց, որ դեպքի օրը՝ գիշերը՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Ծովակ» սրճարանի մենեջերը եկել է իրենց տուն եւ հետաքրքրվել, թե որտեղ է Քաղցրիկը. «Ասի՝ Քաղցրիկը քո մոտ է, մտավ, սենյակները նայեց ու հասկացավ, որ տանը չի: Առավոտյան արդեն մոստի տակից գտանք նրան: Կրկնում եմ՝ նրան սպանել են, նա ինքնասպան չի եղել»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Քաղցրիկի հարսը` Ֆլորան, եւս նշեց, թե չի հավատում, որ Քաղցրիկն ինքնասպան է եղել. «Երկու օր առաջ եմ տեսել նրան, նորմալ տրամադրություն ուներ: Չգիտեմ, ամեն ինչ շատ տարօրինակ է»:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Քաղցրիկի հայրը ալկոհոլ շատ է օգտագործել, եւ աղջկա ինքնասպանության պատճառը հենց դա է եղել: Այս կապակցությամբ, սակայն, Քաղցրիկի հարսն ասաց. «Իմ սկեսրայրը խմում է, բայց ո՞նց կարող է դա լինել ինքնասպանության պատճառ, չգիտեմ՝ ինչ ասեմ»: Ֆլորան նաեւ հերքեց այն լուրերը, թե Քաղցրիկը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
20-ԱՄՅԱ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒՆ ՍՊԱՆԵ՞Լ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ