Աչրդեն վեցերորդ օրն է ինչ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից շարունակում է գրաված նալ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը։ Եվ միայն երեկ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ կատարվածի գնահատականով: Նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, շարունակում է լռություն պահպանել:
Կառավարության երեկվա նիստին վարչապետն իրավիճակը բնութագրեց որպես «խիստ մտահոգիչ»: «Հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա և վերցրել են պատանդներ: Սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցություն եմ հայտնում գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին: Այն, ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում, անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է և իշխանությունը ամեն ինչ անում ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այսօրվա դրությամբ արդեն իսկ լուծված է համարվում զինյալների սննդի հարցը։ Երեկ պարզ դարձավ, որ Արցախից Հայաստան ժամանած Վիտալի Բալասանյանը, ով արդեն հանդիպել է զինյալների հետ և քննարկում անցկացրել, նրանց նաև սնունդ է փոխանցել։ Հիշեցնենք, որ սննդի բացակայության հարցն էր պատճառը, որ հուլիսի 20-ի երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև բազմաթիվ բախումներ տեղի ունեցան։
Ժամը 21-ի սահմաններում ցուցարարները ոստիկաններին պահանջ էին ներկայացնում, որպեսզի սնունդ մատակարարեն ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին, տվեցին 30 րոպե ժամանակ, ոստիկանության կողմից որևէ արձագանք չեղավ, և երիտասարդ ցուցարարները շարք կազմած գրոհեցին ոստիկանների ուղղությամբ: Մոտ հինգ րոպե բռունցքներով, ոտքերով հարվածելուց հետո նրանք նաև քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ, ոստիկանները շուրջ տասը րոպեի ընթացքում պարզապես վահաններով էին դիմադրում, բայց հետո նաև նրանք սկսեցին գրոհել՝ կիրառելով գազային, լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ։