ԴԱՎԱՃԱՆԵԼ Է ՀԻՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։
Մեկնարկում նվազագույն` 1:2 հաշվով մեր հավաքականի անդամներ Արթուր Քիրաջյանը (64 կգ) եւ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) պարտվեցին համապատասխանաբար Եվգենի Դոգալյավեցին (Բելառուս) եւ Դավիդ Ռոդրիգեսին (Կոստա Ռիկա)` այդպիսով դուրս մնալով  պայքարից: Հաշիվները վկայում են, որ մրցակիցներն ընդհանուր պատրաստականությամբ գրեթե հավասար են եղել, եւ, ըստ էության, մեր տղաներին դավաճանել է հին «հիվանդությունը»` կամային որակների բացակայությունը: Թիմակիցներին հակառակ՝ մրցումների երկրորդ օրը մարտունակությամբ աչքի է ընկել Արամ Ամիրխանյանը (69 կգ), որը իսրայելցի Արտյոմ Մասիլինին հաղթել է չոր` 3:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության աշխատակիցների հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ երկու այլ բռնցքամարտիկներ՝ 75 կգ քաշային Արման Հովիկյանը եւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը շատ լավ են հանդես եկել, բայց առաջինը 1։2 հաշվով պարտություն է գրանցել հարավկորեացի Ջեյմին Յոնգի հետ մենամարտում։ Իսկ մարզադահլիճի բազմաթիվ մարզասերները բուռն ծափերով ողջունել են հայ մարզիկին, որը, փաստորեն կողմնակալ մրցավարության զոհ է դարձել: Գյումրեցի  մարզիչ Արտավազդ Գեւորգյանի սանը տղամարդուն վայել մենամարտ է անցկացրել, իսկապես միավորներով հաղթել մրցակցին, բայց… Նրա հաղթանակի մասին է վկայել նաեւ մենամարտի տեսագրությունը, որը մի քանի անգամ դիտել ու վերլուծել են մեր եւ այլ երկրների մասնագետները: Հավաքականի գլխավոր մարզիչը նաեւ հայտնել է. «Իսկական  փոթորիկ էր ստեղծվել ռինգում մեր Արամ Ավագյանի (56 կգ)  եւ անգլիացի Գամալ Յաֆայի մենամարտում: Առաջին ռաունդում նվազագույն առավելություն ուներ անգլիացին: Երկրորդում Արամը վրեժխնդիր եղավ եւ հաղթեց: Իսկ երրորդում Արամը պարզապես «փշրեց» մրցակցին` դրսեւորելով անկոտրում կամք, խիզախություն եւ հաղթեց 3:0 հաշվով»:
Այսպիսով՝ մերոնց հաշվին երեկվա դրությամբ գրանցվել է երեք պարտություն` 1:2,  եւ երկու  հաղթանակ` 3:0 հաշվով: Իսկ նման հաշիվը վկայում է այն մասին, որ մեր բռնցքամարտիկները պետք է ձգտեն բացահայտ առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ, քանի որ հակառակ դեպքում կպարտվեն։ Երեկ Նարեկ Աբգարյանը (52 կգ) մրցելու էր մակեդոնացի փորձառու մարզիկի հետ, որը Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր է եւ օլիմպիական խաղերի մասնակից: Հուսանք, որ Նարեկը թիմակիցների պարտություններից ու հաղթանակներից դասեր քաղած կլինի։
Հետաքրքիր է, որ լրիվ կազմով հայտավորված տանտերերի թիմի համար առաջնության մեկնարկը կտրվի հոկտեմբերի 20-ին, երբ առաջնության մասնակիցների կեսից ավելին արդեն վերածված կլինեն հանդիսականի: Փաստորեն, վիճակահանությունն այնպես են կազմակերպել, որ տանտերերը հայտնվեն շահողի դիրքում։

 Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս